Դերասանուհի Արփի Գաբրիելյանը պատմել է նոր կարգավիճակի և նախագծերը ընտրելու սկզբունքի մասին

Դերասանուհի Արփի Գաբրիելյանն այսուհետ Երգի պետական թատրոնում դասավանդելու է դերասանի վարպետություն և երգելու ոճաբանություն: Սա դերասանուհու համար նոր փորձառություն է, որին պատասխանատվությամբ է մոտենում:

«Այն երեխաների համար, ովքեր առանձին ոկալի դասեր են անցնում, մեր դասերին փորձում եմ այնպես անել, որ երգեն իրենց բնորոշ ձևով: Նրանց ունակությունները փորձում եմ հղկել և ավելի պրոֆեսիոնալ մակարդակի հասցնել, որպեսզի ժամանակի ընթացքում երեխան հասկանա, թե որն է իր ձեռագիրը: Իսկ դերասանական վարպետությունն օգնում է ճիշտ շարժվել բեմի վրա: Կլինեն նաև էտյուդներ, ինչպես նաև փոքրիկ տեսանյութեր՝ երեխաների մասնակցությամբ»,- BlogNews.am-ի հետ զրույցում նշեց Արփին:

Դերասանուհին փորձում է այնպես անել, որ երեխաների համար դասերը պրակտիկ և հետաքրքիր լինեն, ինչպես նաև դասավանդման մեթոդիկան ժամանակակից լինի:

Երգի պետական թատրոնում դասավանդելու առաջարկը ստացել է Արթուր Գրիգորյանի կողմից, չնայած դասավանդելու առաջարկներ շատ է ստացել. «Միշտ մտածել եմ, որ չեմ հասել այն պրոֆեսիոնալ կետին և չունեմ այն բազան, որով կարող եմ կիսվել: Մի քիչ ինքնավստահության պակաս էլ կար, իհարկե․ կարծում եմ՝ յուրաքանչյուր ադեկվատ մարդու մոտ լինում են նման զգացողություններ: Առաջարկն ընդունեցի, որովհետև Արթուր Գրիգորյանը կարողանում է ինձ ինքնավստահություն ներշնչել, նա իմ ուժերին ավելի է հավատում, քան ես: Հետո էլ Երգի պետական թատրոնն ինձ համար հարազատ վայր է, որտեղ ուսանել եմ, աշխատել եմ»:

Հարցին՝ երեխաներն ինչպես են դիմում իրեն, երգչուհին պատասխանեց. «Ինձ պարզապես Արփի են ասում, քանի որ մեր հարաբերությունները պաշտոնական չեն, այլ ընկերներ ենք: Դասախոս չեմ, պարզապես մարդ եմ, ով այս ոլորտում ինչ-որ չափով ճանապարհ է անցել»:

Նոր եթերաշրջանում հեռուստադիտողը Արփիին նոր նախագծերում կտեսնի, չնայած դրանց մասին դեռևս չի կարող խոսել, փոխարենը նշում է, որ շատ զգուշությամբ է ընտրում նոր նախագիծը. «Ընտրում եմ այնպիսիք, որ որակական առումով հանկարծ չզիջի նախորդներին, ավելին՝ բարձր լինի: Շատ կարևորում եմ, որ տարբերվի իմ նախորդ կերպարներից, որպեսզի մարդկանց էլ հետաքրքիր լինի: Ինձ համար նաև կարևոր է, թե ում հետ եմ աշխատելու: Յուրաքանչյուր նոր մարդուց կարող ես սովորել, իսկ ես սիրում եմ աշխատանքի ժամանակ սովորել: Պետք է այնպիսի նախագիծ լինի, որ մարդիկ քեզ այլ կերպ չընկալեն, մարդկանց սերը և վերաբերմունքը, որ կա, հանկարծ չփոխվի քո հանդեպ»:

Դերասանուհին չի հերքում նաև այն փաստը, որ ֆինանսական կողմը ևս կարևոր է նոր նախագծի դեպքում. «Իհարկե, քիչ ֆինանսի դեպքում չեմ համաձայնվի նկարահանվել, իսկ եթե անգամ համաձայնվեմ, պետք է լինի որակապես լավը, իսկ նման դեպք եղել է: Մեր ոլորտն այնքան փոքր է, որ մենք գումար ենք աշխատում մեր աշխատանքից, քչերն ունեն կողքից այլ եկամուտ»:

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի․

աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика