Կալցիումն ամենակարևոր տարրերից մեկն է մարդու օրգանիզմի համար: Առողջական խնդիրներից խուսափելու համար մասնագետները խորհուրդ են տալիս օրական 1000 մգ կալցիում ընդունել, իսկ 60-ն անց մարդկանց համար այս ցուցանիշն ավելի բարձր է՝ 1200 մգ:
Առողջ ու ճիշտ սննդակարգը կօգնի հեշտությամբ ստանալ կալցիումի անհրաժաշտ քանակությունը, մինչդեռ ներկայում շատերը նախապատվությունը տալիս են անառողջ մթերքին, ինչի հետևանքով նրանց մոտ զարգանում է կալցիումի դեֆիցիտ:
Այս տարրի դեֆիցիտը կարող է լուրջ խնդիրներ առաջացնել, ուստի մասնագետները ներկայացրել են այն ախտանշանները, որոնք կօգնեն ժամանակին հայտնաբերել խնդիրն ու միջոցներ ձեռնարկել:
Ոտքերի ջղաձգումներ
Հաճախակի գիշերային ջղաձգումների դեպքում խորհուրդ է տրվում ստուգել օրգանիզմում կալցիումի մակարդակը, քանի որ այս ախտանշանը կարող է պայմանավորված լինել կալցիումի դեֆիցիտով: Կալցիումի հարուստ աղբյուր են կաթնաշոռը, պանիրը, քունջութը, սխտորը, սարդինաները, նուշը, պնդուկն ու մաղադանոսը:
Եղունգների ու ատամների վիճակի վատթարացում
Սննդից բավարար քանակությամբ կալցիում չստանալու դեպքում օրգանիզմն սկսում է այն ստանալու այլ աղբյուրներ փնտրել, ինչի արդյունքում տուժում են առաջին հերթին ատամներն ու եղունգները: Սա է պատճառը, որ եղունգների ու ատամների վիճակի կտրուկ վատթարացումը համարվում է կալցիումի դեֆիցիտի մասին հուշող առաջին ախտանշաններից մեկը: Ինչ վերաբերում է եղունգներին, ապա կալցիումի պակասի դեպքում դրանք թուլանում են, շերտավորվում ու դառնում շատ ավելի փխրուն:
Տհաճ զգացողություններ ձեռքերի հատվածում
Ձեռքերի թմրածությունը, ծակծկոցը սպազմներն ու անկանոն շարժումները նույնպես կարող են պայմանավորված լինել կալցիումի պակասով, ուստի հարկավոր է շատ զգոն լինել:
Անքնություն
Բավարար քանակությամբ կալցիումը նպաստում է սերոտոնինի՝ բարձր տրամադրության, հանգստության ու որակյալ քնի համար պատասխանատու հորմոնի արտադրությանը, ուստի զարմանալի չէ, որ կալցիումի դեֆիցիտը կարող է դրսևորվել նաև անքնությամբ:
Հիշողության վատացում
Մոռացկոտությունը նույնպես համարվում է կալցիումի դեֆիցիտի մասին հուշող ախտանշան, սակայն այնուամենայնիվ կալցիումի դեֆիցիտի մասին վկայող ամենատհաճ նյարդաբանական ախտանշանը համարվում են հալյուցինացիաները: