ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ առաջին դասարանցիների գրանցման հայտերի օնլայն հարթակում առաջացած տեխնիկական կամ գրանցման խնդիրների հետ կապված նախարարությունն ընդառաջել է ծնողներին:
Նախարարն ասաց՝ հաջորդ տարիներին դրա անհրաժեշտությունը չի լինի, քանի որ այդ խնդիրները չեն լինի. «Հետևություններ արել ենք, սակայն նշեմ, որ հայտերը ներկայացնողների մոտ 1 տոկոսն են եղել բողոքները», հայտնում է Tert.am-ը:
Դիտարկմանը՝ ցանկացած էլեկտրոնային համակարգ ներդնելու նպատակներից մեկը նաև փաստաթղթաշրջանառությունը կրճատելն է, սակայն այս պարագայում թղթերը դարձյալ պետք է տանել դպրոց, նախարարը պատասխանեց. «Երբ արդեն ոստիկանության համակարգում աշակերտների և մեր երեխաների հետ կապված բոլոր փաստաթղթերը լինեն համակարգում, այդ փաստաթղթերը դպրոց տանելու անհրաժեշտություն էլ չի լինի, այսինքն՝ միայն օնլայն գրանցումն արդեն բավարար կլինի:
Այս պահին այդպես չէ, և ես ծնողներին դարձյալ ուզում եմ հիշեցնել, որ երեխաներին համակարգում գրանցելուց հետո անհրաժեշտ է 15 օրվա ընթացքում երեխայի փաստաթղթերը ներկայացնել դպրոց, հակառակ դեպքում գրանցումը կչեղարկվի»
Նախարար Հարությունյանն անդրադարձավ նաև տարրական դասարանների դասագրքերի երկհատոր դարձնելու ծրագրին: Վերջինս նշեց, որ այս պահին գրքերն արդեն տպագրման փուլում են: Նախարարը, սակայն, ցանկացավ ծնողների ուշադրությունը գրավել կարևոր մի հարցի վրա. «Երբ մենք խոսում ենք 1, 1.5, 2 կգ քաշի մասին. դրանք վերաբերում են գրենական պիտույքներին և գրքերին, այսինքն՝ դրա մեջ պայուսակի քաշը չի մտնում:
Ծնողը շատ հաճախ պայուսակը վերցնում, ասում է՝ նայեք՝ որքան ծանր է պայուսակը, բայց երբ գրքերը և գրենական պիտույքները հանում ես, տեսնում ես, որ պայուսակի ծանրությունը դրանից չի նվազում, որովհետև ինքնին արդեն պայուսակը շատ ծանր է: Կոչ կանեմ ավելի թեթև, պարզ պայուսակներ երեխաների համար գնել, պետք չէ թանկ և ծանր պայուսակներ գնել»:
Արայիկ Հարությունյանը նաև նշեց, որ այս տարի, բացի տարրական դասարաններից, 5-12-րդ դասարանների մոտավորապես 40 անուն դասագիրք նույնպես կլինեն երկհատոր. «Երկար ենք աշխատել այս ուղղությամբ, որ կիսելու պրոցեսում ուսումնական գործընթացը և բովանդակությունը չտուժի. տարրականները կիսվում են, իսկ 5-12-րդ դասարանների այս տարի տպվող շուրջ 40 անուն դասագիրք դառնում է երկատոր»: