Դդումը շատ տարածված մթերք է տարվա այս եղանակին, ուստի մարդիկ այն հաճախ են կիրառում տարատեսակ ուտեստների պատրաստման համար: Սակայն քչերն են ուշադրություն դարձնում այս մթերքի սերմերին՝ համարելով դրանք անօգուտ մնացորդ: Այնուամենայնիվ դդմի սերմերն անչափ համեղ են և օժտված են բազմաթիվ օգտակար հատկություններով, որոնց մասին քչերը գիտեն:
Մասնագետների խոսքով՝ դդմի սերմերը հատկապես օգտակար են շաքարային դիաբետով հիվանդների համար, քանի որ դրանց գործածությունն օգնում է բարելավել օրգանիզմում ինսուլինի ու գլյուկոզայի մակարդակների վերահսկամն մեխանիզմները: Այս սերմերը պարունակում են մեծ քանակությամբ մագնեզիում, որի դեֆիցիտը կապված է ինսուլինակայունության՝ շաքարային դիաբետի զարգացման հիմնական պատճառի զարգացման հետ: Մագնեզիումի գործածությունն օրական 100 մգ-ով ավելացնելու դեպքում կարելի է 15%-ով նվազեցնել շաքարային դիաբետի զարգացման գործընթացը:
Դդմի սերմերը շատ օգտակար են նաև տղամարդկանց համար, քանի որ օգնում են պահպանել շագանակագեղձի առողջությունը: Նման ազդեցությունը պայմանավորված է ցինկի պարունակությամբ, որն օգնում է նաև պահպանել պտղաբերությունը:
Բացի այդ, դդմի սերմերը հարուստ են օմեգա-3 և օմեգա-6 ճարպաթթուներով, ուստի հիանալի միջոց են նաև արթրիտի կանխարգելման և այս հիվանդության դեպքում հոդացավերը մեղմելու համար:
Մեծ քանակությամբ ցինկի շնորհիվ այս սերմերն օգնում են նաև ազատվել քաղցր ուտելու մեծ ցանկությունից, իսկ դրանցում պարունակվող երկաթն օգնում է պահպանել էներգիայի մակարդակն ու կարգավորել ախորժակը: Նման յուրահատուկ հատկությունների շնորհիվ դդմի սերմերն օգնում են պահպանել սլացիկ կազմվածքն ու պայքարել ավելորդ քաշի դեմ:
Դդմի սերմերը շատ օգտակար են նաև հուզական ճնշվածության ու ընկճախտի դեպքում: Բանն այն է, որ դրանցում պարունակվող ամինաթթուները նպաստում են քնի որակի բարելավման, տրամադրության բարձրացման ու պահվածքի կարգավորման գործընթացներին մասնակցող հորմոնների արտադրմանը:
Նյութի աղբյուր