33-ամյա Թամարա Պետրոսյանի Տանը մնացի մոնոներկայացումը, կույս մնալու նուրբ արվեստը հոգեբանական ակումբի գաղափարն ու հայտնի հյուրերը

«Տանը մնացած» լինելու ոչ պաշտոնական «կոչումը» կանայք ստանում են կյանքի տարբեր էտապներում, տարեց բարեկամների շրջանում այն ամրապնդվում է, երբ աղջիկը հատում է 30-ի սահմանը: «Բա չե՞ս ամուսնանում» հարցադրումը, որը սերտաճում է «տանը մնացած» լինելու «տիտղոսին», շատերիս նյարդայինացնում է, երբեմն, բարկացնում, բայց հեշտ լուծում միշտ կա: Խոսքը ոչ թե ամուսնանալու, այլ թեմային հումորով վերաբերվելու մասին է:

Դերասանուհի Թամարա Պետրոսյանը ևս նախապատվությունը տվել է հումորին: Tert.am Life-ը ներկա է եղել Թամարայի «Տանը մնացի՞» մոնոներկայացման պրեմիերային, զրուցել դերասանուհու հետ և առանձնացրել հետաքրքիր դրվագները:

Բեմին խորհրդանշական ճամպրուկներ են՝ Թամարայի «օժիտը», սակայն դերասանուհին սրտնեղեց, որ անգամ օժիտի առատությունն իրեն չի օգնում: Ամուսնության թեմային, կյանքում պատահած հնարավոր ամուսինների զվարճալի պատմություններին զուգահեռ Թամարան անդրադառնում էր նաև այլ հարցերի: Ներկայացման ռեժիսորը Սեդրակ Գոջամանյանն է, սցենարի հեղիկնակը Թելման Առաքելյանն է: վերջինս այն կառուցել է Թամարայի պատմությունների հիման վրա:

Մի քիչ պար, մի քիչ երգ, վերջում՝ տարոսիկներ: 33-ամյա դերասանուհին բեմից հայտարարեց, որ «կույս մնալու նուրբ արվեստը» կամ «կույս մնալու 50 երանգները» թեմայով հոգեբանական ակումբ է ստեղծելու, ապա վճռական հայտարարեց՝ «ես ամուսնանալու եմ»:

Բեմ բարձրանալու համար Թամարան ընտրել էր ջինսային հագուստ՝ սպորտային կոշիկների համադրությամբ: Լրագրողների հետ զրույցում դերասանուհին ասաց, որ հարմարավետության կողմնակից է, ընտրել է կերպար, որը և՛ մոտ կլինի պոստերի լուսանկարին, և՛ իրեն ազատ շարժվելու հնարավորություն կտա:

Ներկայացման ավարտին մոտ հումորն ու աշխուժությունը մի պահ դադարեցին: Դերասանուհին ճամպրուկներից մեկից վերցրեց ընտանեկան ալբոմն ու թերթելով հիշեց Արցախում անցկացրած մանկությունը: Այս մասին խոսելիս հնարավոր չեղավ շրջանցել պատերազմը: Այնուհետև վերադառնալով հումորին՝ Թամարան շարունակեց խոսել ոչ թե տանը մնալու, այլ ուրիշ թեմաների մասին:

Ներկայացման ընթացքում նա հումորով անդրադարձավ նաև այնպիսի թեմաների, ինչպիսիք են կանանց հանդեպ բռնությունն ու անտուն կենդանիների պաշտպանությունը: Tert.am Life-ը Թամարայից հետաքրքրվեց՝ ռիսկային չէ՞ր նման թեմաները հումորային պրիզմայով անցկացնելը:

«Մտավախություններ չեն եղել, որովհետև դա իմ անձնական վերաբերմունքն է այդ ամենին: Երբ հոլիվուդյան աստղերը սկսեցին հայտնի պրոդյուսերին մեղադրել բռնության մեջ, ինձ համար զավեշտալի էր: Զավեշտալի էր ոչ թե բռնաբարության, այլ հետին ամսաթվի փաստը, որովհետև հիմա իրենք արդեն կայացած են, ինչ-որ բարձունքների են հասել: Այն, որ նման կշիռի կանայք այդ ամենից սկսել են խոսել տարիներ անց, ինձ համար մի քիչ տարօրինակ էր: Ես քննադատում եմ ցանկացած բռնություն, առհասարակ, խաղաղասեր եմ՝ կողմնակից եմ խոսքի, ոչ ֆիզիկականի ուժի ազդեցությամբ արդյունքի հասնելու»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է կենդանիների պաշտպանության հարցին՝ Թամարան հեգնում է կենդանասեր նախկին ընկերոջը: Ի պատասխան մեր հարցադրմանը՝ դերասանուհին շտապեց պարզաբանել, որ ինքն էլ է կենդանասեր, պարզապես կարծում է, որ պետք է լուծումներ գտնել, ոչ թե միայն խոսել․ «Լավ է, երբ մարդիկ ասում են թափառական կենդանիներին վատ մի վերաբերվեք, բայց նրանց համար պետք է կացարաններ կառուցեն, որտեղ կպահեն, կսրսկեն, կկերակրեն, որպեսզի այդ կենդանիները չհարձակվեն մարդկանց վրա»:

Թամարան, խոսելով ներկայացումից առաջ և հետո իր զգացողությունների մասին, ասաց, որ մի փոքր առողջական խնդիրներ է ունեցել. «Երբ հիվանդանում եմ, առաջինն այն ազդում է ձայնիս վրա, այդ առումով ինձ մոտ խուճապ կար: Ներկայացումից երկու ժամ առաջ եկավ սթրեսը, չէի էլ զգում՝ ջերմություն ունե՞մ, թե՞ ոչ: Չեմ սիրում հանձնվել. կհանձնվեմ և կպարտվեմ միայն այն դեպքում, եթե դա ինձ հետո կրկնակի հաղթանակ է բերելու»:

աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика