Օլյա Հակոբյանը իր զգեստապահարանի և սեքսուալություն-վուլգարություն սահմանի մասին

Դերասանուհի Օլյա Հակոբյանը վերջին շրջանում բավականին ակտիվ զբաղվում է սպորտով և վստահ է՝ դա ազդել է իր ոճափոխության վրա։ Tert.am Life-ն Օլյայի հետ զրուցել է նրա զգեստապահարանի ու սեքսուալություն-վուլգարություն սահմանը չհատելու մասին։

Դերասանուհին ասաց, որ իր պահարանում հնարավոր է գտնել տարբեր ոճերի ու գույների հագուստ։ «Բոլոր գույները սիրում եմ. ամռանը վառ եմ հագնվում՝ նախընտրում եմ զգեստներ, տաբատը հարմար չէ, ձմտանը հագուստի երանգն էլ է մգանում, բայց փորձում եմ զգեստապահարանումս պահպանել նաև վառ գույները։ Ոճային հստակ ուղղվածություն չունեմ, բոլոր ոճերում էլ կարող եմ լինել՝ ըստ վայրի, ուր գնալու եմ։ Իհարկե, ջինսային հարմարավետ հագուստ միշտ էլ շատ եմ ունեցել, համադրությունների տեսանկյունից էլ այն ունիվերսալ է»,- ասաց Օլյան ու հավելեց, որ վերջին շրջանում պահարանում գերակշռում է սպորտային հագուստը։

«Սպորտով զբաղվելը բավականին ազդել է իմ ոճի վրա, հիմա շատ եմ սիրում սպորտային look-եր ոչ միայն մարզասրահում, այլև առօրյայում հագնելու համար։ Շատ եմ սիրում գումար ծախսել ֆիթնեսի հագուստի վրա, բավականին շատ եմ ծախսում՝ լեգինսների, տոպերի մեծ տեսականի ունեմ,- ասաց դերասանուհին ու ծիծաղելով հավելեց,- կարելի է ասել ֆիթնես-մարզչի չափ սպորտային հագուստ ունեմ»։

Հարցին, թե որքան գումար է Օլյան ծախսում զգեստապահարանը նոր սեզոնին պատրաստելու համար, դերասանուհին պատասխանեց, որ չի հաշվել, բայց շատ․ «Չեմ կարող ասել, թե հագուստի վրա որքան գումար եմ ծախսում: Հարցն այն չէ, որ չեմ ուզում, իսկապես, չգիտեմ։ Հագուստի համար անդադար գումար եմ ծախսում։ Անկեղծ կասեմ, այնպես չէ, որ ես միայն հայտնի ապրանքանիշերի հագուստ եմ նախընտրում, օգտվում եմ նաև հասանելի ապրանքանիշերից։ Կարծում եմ՝ ամեն ինչ կախված է ճիշտ համադրությունից՝ անկախ նրանից, թե ինչ գին է պիտակին։ Իհարկե, հաճելի է լավ հագուստ կրել, բայց միջին գնի հագուստից էլ կարելի է լավ կերպար ստանալ, իհարկե, չեմ խոսում անորակ հագուստի մասին»։

Դերասանուհին նշեց, որ օրվա ընթացքում տարբեր է լինում, իր կերպարներն ընտրում է նախապես․ «Քանի որ առավոտյան ժամանակ չեմ ունենում ընտրություն կատարելու՝ երեկոյան եմ որոշում, թե հաջորդ օրն ինչ look-ով եմ լինելու։ Կերպարներս հիմնականում ստեղծվում են՝ ըստ տրամադրության։ Իմ առավոտը սկսվում է մարզասրահից՝ հետևաբար հագնում եմ սպորտային հագուստ, որը հետո փոխվում եմ ըստ այն վայրի, ուր գնալու եմ։ Եթե հնարավոր լինի 24 ժամ հետևել ինձ, նկատելի կլինի, թե որքան տարբեր եմ ՝ սպորտայինից մինչև գործնական»։

Անդրադառնալով սեքսուալությանն ու հագուստի միջոցով դա ընդգծելուն՝ Օլյան նշեց, որ սեքսուալությունը կնոջ ներսում է, այն կամ կա, կամ ոչ․ «Բնականաբար կարելի է հագուստի միջոցով ընդգծել սեքսուալությունը։ Սակայն կա կարծրատիպ, որ կարճ հագնելու դեպքում սեքսուալ կերպար է ստացվում, մինչդեռ երբեմն ճիշտ հակառակն է լինում։ Հնարավոր է լինել փակ հագուստով, բայց սեքսուալ։ Համաձայն եմ տեսակետի հետ, որ սեքսուալությունը լինում է կնոջ ներսից։ Շատ գեղեցիկ աղջիկներ կան, որոնք, ըստ իս, սառն են և կան ոչ այնքան գեղեցիկ աղջիկներ, որոնց մեջ կրակ կա»։

Սեքսուալության և գռեհկության սահմանը չհատելը, ըստ Օլյայի, անհատական է։ Դերասանուհին նշեց, որ յուրաքանչյուր կին ինքն է որոշում, թե որտեղ է սահմանագիծը. «Ես փորձում եմ վուլգար չլիներ, թե որքանով է ստացվում՝ տարբեր կարծիքներ կարող են հնչել։ Իմ պատկերացրած սահմանը ես չեմ անցնում»։

Անդրադառնալով ոճային համադրություններին՝ Օլյան ասաց, որ վերջին շրջանում իրեն շատ է դուր գալիս սպորտային-դասական համադրությունը։ «Հագուստի տեսանկյունից ընտրությունը բավականին մեծ է, յուրաքանչյուր ոք կարող է իր համար ընտել հետաքրքիր մի բան։ Իհարկե, կա ճաշակի գործոնը, երբեք չես կարող ասել մարդն անճաշակ է՝ յուրաքանչյուր ոք ունի իր նախասիրություններն ու գեղեցիկի չափանիշները։ Ամեն դեպքում, կարծում եմ, հնարավոր է այս բազմազանության մեջ լինել նորաձև։ Այսինքն՝ ներկայումս ընտրության հնարավորությունը բավականին լայն է»,-ասաց Օլյան։

Դերասանուհին աքսեսուարների, այդ թվում՝ գոտիների և գլխազարդերի սիրահար է․ «Գոտիներ համադրում եմ տարբեր պիջակների հետ, իմ look-ն ամբողջական են դարձնում, օրինակ, սպորտային կոշիկները։ Առհասարակ, գրեթե, ամեն ինչի հետ փորձում եմ գոտի համադրել։ Աքսեսուարներից շատ եմ հավանում աբադոկները, որոնք հիմնականում ինքս եմ պատրաստում, երբեմն էլ գնում եմ»։

Հեղինակ Զառա Ղազարյան, աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика