Քթային արյունահոսությունն ախտաբանական վիճակ է, որի դեպքում հարկավոր է շատ ուշադիր լինել ու անհրաժեշտության դեպքում անմիջապես միջոցներ ձեռնարկել:
Սովորաբար քթային արյունահոսությունը պայմանավորված է լինում վնասվածքներով կամ թույլ արյունատար անոթներով, սակայն երբեմն այն վկայում է լուրջ խնդիրների մասին: Օրինակ՝ քթային արյունահոսության հանգեցնող լուրջ գործոնների շարքին են դասվում քթի խոռոչում պոլիպների զարգացումը, գանգուղեղային վնասվածքը կամ նորագոյացությունները, որոնք կարող են շատ վտանգավոր լինել:
Քթային արյունահոսության պատճառ կարող են դառնալ նաև օդի չորությունն ու զարկերակային ճնշման տատանումները, ուստի խնդրի պատճառը պարզելը շատ կարևոր է, հատկապես, եթե այն հաճախակի բնույթ է կրում:
Քթային արյունահոսությունը լինում է «առաջնային» ու «հետին»: Առաջին դեպքում արյունահոսությունը կյանքի համար վտանգ չի ներկայացնում: Այն չի լինում առատ և հաճախ դադարում է առանց որևէ միջամտության կամ առաջին բուժօգնության շնորհիվ: Վիճակը շատ ավելի լուրջ է լինում «հետին» արյունահոսության դեպքում, քանի որ այս դեպքում վնասվում են արյունատար ավելի խոշոր անոթներն ու արյան կորուստը զգալի է լինում: Արյունահոսության այս տեսակն ինքնուրույն դադարեցնելը բավական դժվար է, ուստի բարդություններից խուսափելու համար խորհուրդ է տրվում դիմել մասնագետին:
Առաջին բուժօգնություն քթային արյունահոսության դեպքում
Քթային արյունահոսության դեպքում հարկավոր է առաջին հերթին տուժածին նստեցնել ու մի փոքր խոնարհել առաջ, որպեսզի կուտակված արյունն արտահոսի: Քթի վնասվածքի բացակայության դեպքում կարելի է ոչ շատ ուժեղ սեղմել քթի թևերն ու պահել մի քանի րոպե: Այդ ընթացքում տուժածը պետք է բերանով շնչի:
Բացի այդ, կարելի է օգտագործել բամբակյա տամպոններ, որոնք հարկավոր է նախապես թրջել մաքուր սառը ջրով կամ ջրածնի պերօքսիդով: Տամպոնը տեղադրելուց հետո կարելի է կրկին մի փոքր սեղմել քթի թևերը:
Քթային արյունահոսությունը դադարեցնելու արդյունավետ միջոց է նաև սառը կոմպրեսը, որը դրվում է տուժածի քթին: Սակայն հարկավոր է ուշադիր լինել ու խուսափել արյան հետհոսքից, քանի որ կոկորդում ու ստամոքսում հայտնված արյունը կարող է հանգեցնել սրտխառնոցի և անգամ փսխման: Սա է պատճառը, որ տուժածը չպետք է գլուխը հետ տանի կամ հորիզոնական դիրք ընդունի և փոխարենը պետք է նստի ու գլուխը մի փոքր խոնարհի: