Փաշինյանի դրած ականն իր իսկ իշխանության տակ. ինչու են բողոքում որդեկորույս մայրերը

«Մարտի 1»-ի զոհերի իրավահաջորդներին պետության կողմից վերջերս տրված 30 մլն դրամի հասնող միանվագ փոխհատուցումից հետո, առաջին պլան մղվեց տվյալ որոշման արդարացիության խնդիրը։ Մասնավորապես սկսեցին բողոքել թշնամու գնդակից զոհված զինծառայողների մայրերը ու արդարացի հարց հնչեցնել՝ այդ ինչու «Մարտի 1»-ի զոհվածների համար 30 մլն դրամ եք փոխհատուցում, իսկ սահմանին զոհվածների դեպքում նույնը չեք անում։ Եվ արդյոք սահմանին զոհվածին առավելություն չպետք է տրվի այն դեպքում, երբ մենք պատերազմող երկիր ենք։ Փաշինյանը երեկ ընդունել է բողոքավորներին ու ուղղորդել դեպի «1000 դրամների» հիմնադրամը։ Սրանից, իհարկե, որդեկորույս մայրերը գոհ չեն։ Բայց եկեք ամեն ինչ հերթով։

Իրականում մայրերի կողմից առաջ քաշված հարցը համընդհանուր գերխնդրի միայն մի մասնիկն է. ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ մի շարք դեպքերում պետության կողմից հայրենիքի առաջ ծառայություն մատուցած կամ զոհված զինծառայողների ու նրանց իրավահաջորդների նկատմամբ պետության կողմից դրսևորված հոգածության մակարդակը միշտ էլ անբավարար է համարվել, և շատ դեպքերում պետության աջակցությունը կրել է ու հիմա էլ շարունակում է կրել սիմվոլիկ բնույթ: Այս իրավիճակը մշտապես հիմնավորվում էր «փող չլինելով», ինչը, թերևս, հասկանալի պատճառաբանություն էր՝ հաշվի առնելով այն սոցիալ-տնտեսական պայմանները, որոնցում երկար տարիներ գտնվում էր Հայաստանը:

«Մարտի 1»-ի զոհերին 30 մլն դրամի հասնող միանվագ օգնության վերաբերյալ կայացված որոշումը, պետական հաստատություններում պարբերաբար տրվող ֆանտաստիկ պարգևավճարները և ոչ միայն, սակայն, հիմնավոր կասկածի տակ դրեցին «փող չլինելու» թեզը: Եթե նոր իշխանություններն այնքան վստահ են իրենց զգում, որ կարողանում են ասենք 30 մլն դրամ հատկացնել «Մարտի 1»–ի զոհերի իրավահաջորդներին, ապա ի՞նչն է խանգարում իշխանություններին պետության գրպանը մի փոքր ավելի լայն բացել ու սկսել տոտալ վերանայման ենթարկել այս ուղղությամբ տարվող պետական քաղաքականությունը: Ահա և ողջ տրամաբանությունը:

Բանն այն է, սակայն, որ այս խնդիրը ներկա իրողությունների պայմաններում փաստացի անլուծելի է, և այդպիսին է հենց միայն այն պատճառով, որ այդպես էլ պարզ չի դառնում՝ ինչ աղբյուրներից են միջոցները հայթայթվելու:

Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ մայրերին հյուրընկալելիս խոսել է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի շահառուների շրջանակն արագորեն ընդլայնելու պատրաստակամության մասին: Ողջ խնդիրը, սակայն այն է, որ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը հատուցումներ է տրամադրում 2017-ից հետո տեղի ունեցած դեպքերի մասով, իսկ դրանից առաջ՝ 2008-2016թթ. տեղի ունեցած դեպքերի մասով հատուցումները համարվում են Հիմնադրամի կողմից օրենքով սահմանված հատուցումներից բացառություններ: Ըստ այդմ՝ 2017-ից առաջ տեղի ունեցած դեպքերով չեն տրամադրվում միանվագ հատուցումներ:

Փաշինյանն ասում է, որ մտադիր են տոտալ վերանայման ենթարկել գործող կարգը, սակայն հստակ ժամկետներ չի նշում դրա համար՝ խնդիրը թողնելով բաց: Ընդ որում՝ եթե անգամ մի պահ ենթադրենք էլ, որ ինչ-որ հրաշքով ամենասեղմ ժամկետներում իշխանություններին հաջողվում է համապատասխան հիմնադրամի միջոցով ի կատար ածել իրենց առաջ դրված պահանջները, ապա այդ պարագայում էլ ի հայտ է գալու փոխհատուցման ադեկվատ չափի խնդիր:

Ներկա պահին, օրինակ, հատուցման չափը հավասարվում է օրենքով սահմանված հատուցման գումարի և զինծառայողին կամ վերջինիս ընտանիքին տրամադրվող պետական կենսաթոշակի գումարի դրական տարբերությանը: Ըստ այդմ՝ սպայական կազմի զոհված զինծառայողի համար տրվում է ամսական 300,000, 1-ին կարգի հաշմանդամություն ունեցողին՝ 300,000, 2-րդ կարգի հաշմանդամություն ունեցողին 200,000 դրամ գումար (օրենքով սահմանված հատուցումների չափերի ու դասակարգումների մասին առավել մանրամասն՝ այստեղ):

Հաշվի առնելով 2008-ի մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների նկատմամբ դրսևորված առատաձեռնությունը՝ պահանջատեր մայրերն արդյոք կհամաձայնե՞ն ստանալ ասենք մի քանի հարյուր հազարի հասնող գումար մի դեպքում, երբ նրանց կողմից առաջ քաշված պահանջի համաձայն՝ պետությունից ակնկալվող գումարը հասնում է 420 մլն դոլարի քանի որ բողոքավորները ներկայացրել են ցուցակ կազմված 6646 զոհվածից։ Ի դեպ, Նիկոլ Փաշինյանի մատնանշած ֆոնդում 2.5 տարում հավաքվել է ընդամենը 40 մլն դոլար, որից 3 մլն արդեն փոխհատուցվել է։

Եվ ուրեմն ո՛չ բյուջեի, ո՛չ ֆոնդի հաշվին խնդիրը երբևէ լուծում ստանալ չի կարող։ Մասնակի բավարարվելու դեպքում էլ հարց է առաջանալու, թե ինչու էին «Մարտի 1»–ի զոհերը սահմանի զոհերից կարևոր։ Արդեն վստահորեն կարելի է պնդել, որ Նիկոլ Փաշինյանի որոշումը՝ «Մարտի 1»-ի զոհերի իրավահաջորդներին առատաձեռնորեն փոխհատուցելու, ի սկզբանե ռիսկային որոշում էր՝ դոմինոյի էֆեկտի վտանգով, որի մասին նորաթուխ վարչապետը չէր մտածել: Մեկ խնդիր լուծելու ճանապարհին, Փաշինյանը հասցրեց ձեռք բերել անհամար պրոբլեմներ, որովհետև ժամանակին չէր մտածել։

աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика