«Շանթ» հեռուստաընկերության եթերում հարցազրույցի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ հարցին, որը վերաբերում էր Ադրբեջանի պահանջին՝ բանակցային սեղան բերելու այսպես կոչված՝ Ղարաբաղի ադրբեջանական համայնքը:
«Ես, ի սկզբանե, ասել եմ, որ կարող եմ բանակցել Հայաստանի, բայց ոչ Արցախի Հանրապետության անունից, որովհետև արցախցիներն ինձ չեն ընտրել: Ինչպես Ադրբեջանում են սիրում ասել՝ Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչները բոլորն առանց բացառության, Ադրբեջանի քաղաքացիներ են, նրանք մասնակցում են Ադրբեջանի ընտրություններին և դրանով արդեն իսկ ընտրել են Ադրբեջանի նախագահին՝ որպես իրենց ներկայացուցիչ բանակցային պրոցեսում:
Հիմա գանք հակառակ կողմից: Եթե ադրբեջանական կողմից գալիս, ներկայանում է Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչը, ծագում է պատվիրակության լեգիտիմության խնդիր, որը վկայում է, որ Ադրբեջանում կան քաղաքացիներ, որոնց ներկայացնելու իրավունք Ադրբեջանի նախագահը չունի: Իսկ գուցե Բաքվի, Կիրովաբադի ադրբեջանցիների՞ն էլ, ազգային փոքրամասնությունների՞ն էլ Ադրբեջանի նախագահն իրավունք չունի ներկայացնելու:
Մեր պարագայում նման հարցեր առաջ չեն գալիս, կա Հայաստանի Հանրապետության պատվիրակություն և պետք է լինի Արցախի Հանրապետության պատվիրակություն»,- ասաց Փաշինյանը: