Տավուշի մարզում մի կին տեղեկացրել է որ Գանձաքար գյուղի տանը մահացած է հայտնաբերել որդուն ու հարսին

Դեկտեմբերի 15-ին «Իջևան» բժշկական կենտրոնից Ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ Տավուշի մարզի Գանձաքար գյուղում գազի թունավորումից 2 մարդ է մահացել: Այս մասին Tert.am-ին հայտնեց Ոստիկանության լրատվության վարչության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը: «Ժամը 21:00-ի սահմաններում կինը հաղորդել է, որ իրենց տան լոգարանում մահացած է հայտնաբերել որդուն և նրա կնոջը: Նախնական տեղեկություններով՝ քաղաքացիները մահացել են շմոլ գազից թունավորվելու հետևանքով»,- ասաց Գաբրիելյանը:

Ոստիկանությունից հայտնեցին, որ մեկնել է օպերատիվ խումբ, հանգամանքները պարզվում են, նշանակված է դատաբժշկական փորձաքննություն, նյութեր են նախապատրաստվում: Ավելի ուշ Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացրեց, որ դեկտեմբերի 15-ին, ժամը 22:05-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Գանձաքար գյուղում տեղի է ունեցել շմոլ գազից թունավորում: Ժամը 22:42-ին կապ է հաստավել Իջևանի բժշկական կենտրոնի հերթապահի հետ, ով տեղեկացրել է, որ ժամը 21:10-ին Գանձաքար գյուղի 1-ին փողոցի 6-րդ նրբանցքի տներից մեկում շմոլ գազից թունավորման վերաբերյալ ահազանգ է ստացվել: Ըստ նախնական տվյալների՝ բնակիչներ Ռազմիկ Շ.-ն (ծնված 1978թ.) և Վարդուհի Ն.-ն (ծնված 1982թ.) մահացել են շմոլ գազից թունավորման հետևանքով:

աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика