Այն, ինչ տասնամյակներ շարունակ ապարդյուն փորձում էին անել Ադրբեջանի իշխանությունները՝ հակասություններ սերմանել Հայաստանի եւ Արցախի միջեւ, այսօր արվում է մեր իսկ ձեռքերով։ Դժվար է ասել՝ դրսի՞ց է ուղղորդվում այդ ամենը, թե պարզապես նախկիններն են փորձում ռեւանշի հասնելու համար օգտագործել Արցախի գործոնը, բայց փաստը մնում է փաստ՝ այս ամենը ոչ միայն վտանգավոր է, այլեւ անտրամաբանական։
Դատեցեք ինքներդ։ Կարծում ենք՝ չարժե որեւէ մեկին բացատրել, որ Հայաստանն ու Արցախն ըստ էության միասնական պետություն են, եւ երկու պետական կազմավորումներով ներկայանում են միայն այն պատճառով, որ մարտավարական առումով այդպես ավելի արդյունավետ կդիմակայեն արտաքին մարտահրավերներին ու ավելի նպաստավոր դիրքերում կլինեն բանակցային գործընթացում։ Ի վերջո Հայաստանն ու Արցախն ունեն պաշտպանության միասնական համակարգ, միասնական տնտեսություն, միասնական ֆինանսական համակարգ եւ այլն, այսինքն՝ Հայաստանի եւ Արցախի միջեւ գործում է «հաղորդակից անոթների սկզբունքը», եւ այլ կերպ չէր էլ կարող լինել։ Իսկ սա նշանակում է, որ եթե Հայաստանում արմատական փոփոխություններ են տեղի ունենում, նույնպիսի փոփոխություններ պիտի տեղի ունենան նաեւ Արցախում։ Հակառակ դեպքում խզումն անխուսափելի կլինի։
Պարզ ասած՝ Արցախում նույնպես պիտի հեղափոխություն տեղի ունենա։ Բայց հեղափոխություն ասելով անպայմանորեն չպետք է նկատի ունենալ, որ, ասենք, ցուցարարները պիտի վրաններ խփեն «պիտաչոկի» մոտ, փակեն Ազատամարտիկների պողոտան ու վանկարկեն «քայլ արա, մերժիր Բակոյին»։ Խոսքն այն մասին է, որ հեղափոխության ընձեռած հնարավորությունները պիտի տարածվեն նաեւ Արցախի վրա։
Այնտեղ նույնպես պիտի արմատախիլ արվի կոռուպցիան, այնտեղ նույնպես պիտի վերանան մենաշնորհները (եթե կան), այնտեղ նույնպես պիտի հավասար մրցակցային պայմաններ ապահովվեն, այնտեղ նույնպես պիտի բացառվեն ընտրակեղծիքները, պիտի պատասխանատվության ենթարկվեն պետությունից միլիոններ գողացածները, եւ այդ միջոցները պիտի վերադարձվեն պետությանը, եւ այսպես շարունակ։ Առավել եւս, որ այնտեղ մարդիկ առավել ցավոտ են իրենց մաշկի վրա զգացել, թե ինչ է տեղի ունենում, երբ բարձրաստիճան պաշտոնյաները բանակի հաշվին «վզերն են հաստացնում»՝ վտանգելով այն նույն հայրենիքը, որի առջեւ ունեցած իրենց ծառայություններով էլ պարծենում են ու «բոլորի աչքը կոխելով»՝ իբր արդարացնում իրենց՝ օրենքից վեր կանգնած լինելու իրավունքը։
Իսկ ի՞նչ է տեղի ունենում դրա փոխարեն։ Նրանք, ովքեր հասկանում են, որ հեղափոխության արդյունքների՝ «հաղորդակից անոթների սկզբունքով» Արցախ հասնելու դեպքում իրենց բարեկեցիկ ապագան ու անգամ ազատությունը վտանգված են, եւ օգտվելով այն հանգամանքից, որ Հայաստանի նոր իշխանությունները դե յուրե որեւէ իշխանություն չունեն Արցախում, փորձում են «կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկել» եւ հասնել նրան, որ Հայաստանում այդ գործընթացները կասեցվեն (այդ դեպքում երաշխավորված կլինի, որ հեղափոխական ալիքն Արցախ չի հասնի)։
Ընդ որում՝ այս «պոտենցիալ մանվելները» շատ լավ օգտագործում են նաեւ այն իսկապես հայրենասեր հազարավոր արցախցիների մտահոգությունները, որ Հայաստանի նոր իշխանությունների նկատմամբ Ռուսաստանում վստահության պակաս կա, եւ դա կարող է խիստ վտանգավոր լինել նոր պատերազմի դեպքում։ Ռեւանշի ձգտող նախկին իշխանությունների քարոզիչները փորձում են նրանց ներշնչել այն միտքը, որ Արցախը պիտի հնարավորինս տարանջատվի «դեպի Արեւմուտք ձգտող» Հայաստանից եւ դրանով իսկ խուսափի Ռուսաստանի հնարավոր կոշտ քայլերից։ Պարզ ասած՝ «գաղափարն» այն է, որ Արցախը պիտի ընդդիմանա Հայաստանում տեղի ունեցող գործընթացներին։ Իբր՝ հանուն սեփական անվտանգության, իրականում՝ հանուն նախկինների քաղաքական ամբիցիաների։
Մինչդեռ ամենամեծ վտանգը հենց այն է, որ «Ռոբերտ Քոչարյանի շուրջ համախմբվածները» (իսկ գուցե ոչ թե Քոչարյանի, այլ նրա միլիոնների՞ շուրջ, որովհետեւ հայտնի չէ՝ տեղի կունենա՞ր նման համախմբում, եթե Քոչարյանը համեստ կարողությունների տեր լիներ) փորձում են հանուն «շեֆին փրկելու» անիմաստ առճակատում ստեղծել Հայաստանի եւ Արցախի իշխանությունների միջեւ։