Առաջիկայում Երևան քաղաքի ավտոճանապարհների գծանշումը կիրականացնի Երևանի քաղաքապետարանը, իսկ նորից քննություն հանձնելու և վարորդական իրավունք ստանալու իրավական կարգավորում չկա: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանը:
Հարցին, թե ի՞ նչ վիճակագրություն կա ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ, Եգոր Կարապետյանն ասաց. «2018 թվականի առաջին վեց ամիսներին 1711 ՃՏՊ է տեղի ունեցել, որի հետևանքով 138 զոհ և 2517 վիրավոր ենք ունեցել, 2019-ին՝ 2088 ՃՏՊ, 156 զոհ և 3021 վիրավոր:Եթե համեմատում ենք, ապա 377 ՃՏՊ է ավելացել, 18 զոհ և 504 վիրավոր»:
Հարցին, թե արդյոք հակաօրինական չեն այն քննարկումները, որոնք վերաբերում են վարորդական իրավունքի վկայական ունեցող քաղաքացիների նորից քննություն հանձնելուն, և այդ առաջարկն արվում է ոչ պատկան մարմինների կողմից, ՃՈ պետ Կարապետյանն ասաց, որ նման իրավական կարգավորում չկա, որ բոլորին նորից տանեն վարորդական իրավունքի քննություն հանձնելու.
«Այդ կարգավորումը չկա, բայց ներկայացնեմ, որ արդեն ՀՀ-ում վարորդները տեղեկացված են բալային համակարգի` կյանքի կոչելու մասին: Բալային համակարգը քննարկվել է մանրամասն և ՃՈ-ում, և ոստիկանությունում, կառավարության հավանությանն է արժանացել և եթե չեմ սխալվում, արդեն Ազգային ժողովում է: Ոչ բոլոր խախատումների դեպքում է բալ կիրառվելու, դրանք համաձայնեցվել են քննարկման արդյունքում»:
Այն հարցին, թե յուրաքանչյուր քաղաքացի, անկախ նրանից, վարորդ է, թե ոչ, գիտի, որ ոչ սթափ վիճակում չի կարելի մեքենա վարել, գերազանցել սահմանված արագությունը, ի՞նչ անել, որ վարորդը մնա օրենքի սահմաներում, ՃՈ պետն ասաց, որ զսպաշապիկը լինելու է բալային համակարգը:
Անդրադառնալով Երևան քաղաքի որոշ հատվածներում գծանշումների բացակայությանը և նաև գծանշումների պատասխանատուներին, Եգոր Կարապետյանն ասաց, որ նախագիծ կա, համաձայն որի մայրաքաղաքում գծանշումն իրականացվելու է Երևանի քաղաքապետարանի կողմից, այժմ քննարկման փուլում է:
«Ինչ վերաբերում է չգծանշված փողոցներին, նմանատիպ փողոցներ կան, և մենք գծանշումը կատարում ենք այն ժամանակ, երբ Երևանի քաղաքապետարանը կատարած է լինում այդ ճանապարհների կամ փոսալցում, կամ ասֆալտապատում: Դրանից հետո սահմանված կերպով մոտ 3-4 օր անց կատավում է գծանշում»:
Ինչ վերաբերում է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի այն հայտարարությանը, որ Երևանում կարելի է սահմանված արագությունը սահմանել 50 կմ/ժ, արդյոք կա՞ նման քննարկում, Կարապետյանն ասաց, որ եվրոպական երկրներում նման պրակտիկա կա, սակայն այս պահին ՃՈ-ում նման հարց չի քննարկվում:
Առավել մանրամասն տեսանյութում: