Վահանագեղձը մարդու օրգանիզմի ամենակարևոր օրգաններից մեկն է, որի աշխատանքի աննշան խանգարումն անգամ խիստ բացասաբար է անդրադառնում ամբողջ օրգանիզմի վրա: Սա է պատճառը, որ տհաճ հետևանքներից խուսափելու համար մասնագետները հորդորում են ավելի զգոն լինել ու ժամանակին միջոցներ ձեռնարկել խնդրից ազատվելու համար: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի քանի ախտանշան, որոնք կհուշեն վահանագեղձի աշխատանքի խանգարման մասին:
Մրսածության ախտանշաններ
Բժիշկ-ներզատաբանների խոսքով՝ վահանագեղձի աշխատանքի խանգարման դեպքում կարող են նկատվել ախտանշաններ, որոնք մրսածության ախտանշաններ են հիշեցնում: Այս դեպքում հաճախ նկատվում են տհաճ զգացողություններ կոկորդում, ձայնի խռպոտություն, ինչպես նաև սրտխփոց, բարձր ջեևմություն ու մկանային թուլություն: Այս ախտանշանները սովորաբար ասոցացվում են գրիպի ու մրսածության հետ, սակայն դրանք կարող են պայմանավորված լինել նաև էնդոկրին համակարգի աշխատանքի խանգարումներով:
Մազերի աճի գործընթացի փոփոխություններ
Մազերի աճի գործընթացը վերահսկում են հորմոնները, որոնց արտադրության համար պատասխանատու է էնդոկրին համակարգը: Սա է պատճառը, որ մազաթափության ու միաժամանակ անցանկալի մազերի աճի դեպքում հարկավոր է անպայման խորհրդակցել ներզատաբանի հետ:
Քաշի տատանումներ
Վահանագեղձի աշխատանքի փոփոխություններն անդրադառնում են նաև նյութափոխանակության վրա, ինչի հետևանքով կարող են նկատվել ախորժակի փոփոխություններ ու քաշի տատանումներ: Օրինակ՝ թիրեոտոքսիկոզի դեպքում վահանագեղձի ակտիվության հետևանքով քաշը կարող է կտրուկ նվազել, մինչդեռ մարդը կսկսի ավելի շատ սնվել: Միևնույն ժամանակ հիպոթիրեոզի դեպքում դանդաղում են օրգանիզմի փոխանակության գործընթացները, ինչի հետևանքով քաշն ավելանում է:
Հոգնածություն ու դյուրագրգիռություն
Հոգնածության զգացումն անգամ հանգստից հետո, ինչպես նաև անբացատրելի դեպրեսիան կամ տրամադրության տատանումները նույնպես կարող են վկայել վահանագեղձի հետ կապված խնդիրների մասին: Նման դեպքերում հատկապես հաճախ են նկատվում զայրույթի ու ագրեսիայի անկառավարելի բռնկումներն ու մշտական լարվածությունը:
Ցրվածություն
Վահանագեղձի աշխատանքի խանգարումները հաճախ են դրսևորվում ցրվածությամբ ու ուշադրությունը կենտրոնացնելու անկարողությամբ: Բացի այդ, այս օրգանի աշխատանքի վատթարացումը կարող է դառնալ նաև պաթոլոգիկ քնկոտության պատճառ, ուստի հարկավոր է շատ զգոն լինել:
Նյութի աղբյուր