Ստամոքսի սպազմների դեպքում տեղի են ունենում օրգանի հարթ մկանների կծկումներ, որոնք ուղեկցվում են յուրահատուկ ցավերով: Բժիշկ Լարիսա Ալեքսեևայի խոսքով՝ ստամոքսի սպազմներն այս օրգանի հետ կապված ամենատարածված խանգարումներից են: Մասնագետի խոսքով՝ այս տհաճ խնդրի զարգացման պատճառ կարող են դառնալ ոչ միայն աղեստամոքսային տրակտի հիվանդությունները, այլև անորակ մթերքի գործածությունը, ուշ ժամերին ուտելու սովորությունը, դեղորայքի անկանոն ընդունումը, կծու սննդի գործածությունը, սթրեսն ու նյարդային լարվածությունը:
Ստամոքսի սպազմների ու ցավերի դեպքում շատ արդյունավետ կարող են լինել դեղաբույսերի թուրմերն ու եփուկները, սակայն նման բուժումն արդյունավետ կլինի միայն այն դեպքում, երբ խնդիրը պարբերաբար բնույթ չի կրում: Նման դեպքերում ստամոքսի սպազմները մեղմելու համար սովորաբար կիրառվում են որոշ բուսերի խառնուրդներով պատրաստված թուրմեր ու եփուկներ: Ամենաարդյունավետ ու տարածված խառնուրդներն են.
եղինջն ու երիցուկը, սրոհունդն ու փրփրուկը, հազարատերևուկն ու մասուրը, կատվախոտն ու անանուխը, վաղենակն ու պատրինջը, դժնիկն ու եզան լեզուն, սամիթն ու կոճապղպեղը:
«Ստամոքսի հետ կապված խնդիրների առկայության դեպքում նշված միջոցները շատ արդյունավետ են: Դրանք կանխում են ծանրության զգացումն ու տհաճ զգացողությունները ստամոքսում», — նշում է Լարիսա Ալեքսեևան: Հաճախակի սպազմների դեպքում մասնագետը խորհուրդ է տալիս հրաժարվել յուղոտ ու կծու ուտեստներից, սոխից, սխտորից, թրթնջուկից, սպանախից, շաղգամից, բողկից, կաղամբից, ապխտած մթերքից ու համեմունքներից:
Միևնույն ժամանակ բժիշկն ընդգծում է, որ եթե սպազմները հաճախակի բնույթ են կրում, ապա ոչ մի դեպքում չի կարելի զբաղվել ինքնաբուժությամբ: Նման դեպքերում հարկավոր է անպայման բուժզննում անցնել ու պարզել խնդրի պատճառը:
Նյութի աղբյուր