Հարվարդի համալսարանի Հանրային առողջապահության քոլեջի գիտնականները պարզել են, որ սթրեսը կարող է շատ վտանգավոր լինել կանանց համար: Նոր տվյալների համաձայն՝ հետտրավմատիկ սթրեսային խանգարման դեպքում կանանց մոտ երկու անգամ բարձր է լինում ձվարանների ագրեսիվ քաղցկեղի զարգացման հավանականությունը:
Գիտնականների խոսքով՝ ուժեղ սթրեսը կանանց մոտ կարող է ակտիվացնել ձվարանի ուռուցքների աճը: Ընդ որում, շատ ավելի վտանգավոր է քրոնիկ սթրեսը:
«Այն կանանց մոտ, որոնց մոտ նկատվում էր հետտրավմատիկ սթրեսային խանգարման հետ կապված 6-7 ախտանշան, շատ ավելի բարձր էր ձվարանի քաղցկեղի զարգացման հավանականությունը, քան այն կանանց մոտ, որոնք երբեք չեն բախվել այս խնդրին: Հետտրավմատիկ սթրեսային խանգարման ու ձվարանների քաղցկեղի միջև կապը պահպանվում է անգամ տասնյակ տարիներ անց», — հայտարարել են գիտնականները:
Այժմ մասնագետները փորձում են պարզել, թե կարող է արդյոք սթրեսային խանգարումների բարեհաջող բուժումը նվազեցնել կանանց մոտ այս վտանգավոր օնկոլոգիական հիվանդության զարգացման հավանականությունը:
Գիտնականների այս բացահայտումն ունի ևս մի կարևոր նշանակություն: Մասնագետներն ընդգծում են, որ ձվարանի քաղցկեղը վաղ փուլերում հայտնաբերելը բավական բարդ է, սակայն այս հետազոտություն ցույց է տվել, որ հետտրավմատիկ սթրեսային խանգարման դեպքում կանայք ռիսկային խմբում են գտնվում, ուստի պետք է շատ ավելի ուշադիր ու զգոն լինեն: Սա ենթադրում է նաև հաճախակի բուժզննում, ինչը թույլ կտա ժամանակին հայտնաբերել խնդիրը:
Նյութի աղբյուր