Սասուն Միքայելյանը զգուշացումը նախորդ իշխանություններին ձեր միտինգային ոճը կարող է հանգեցնել ընդհարման, որի արդյունքում տուժողը լինելու եք միայն դուք

Այսօր ՔՊ համաժողովի ընթացքում ԵԿՄ նախագահ, ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը նշեց, որ խոստացել են, որ ժողովրդին երբեք չենք թողնելու փողոցում, չեն տանելու մի նոր պարտության և հիասթափության, և անպայման այն հասցնելու են հաղթական ավարտին:

«Համատարած ընտրակաշառքների և վարչական ռեսուրսների կիրառման պայմաններում անցկացված 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին մեր մասնակցությունը, հանդիսանալով մեր կուսակցության նորամուտը, բուն քաղաքական պայքարին կարելի է գնահատել բավարար, քանի որ որքան էլ մեզ չհաջողվեց ժողովրդին համոզել չտրվել ընտրակաշառքի գայթակղությանը, չվաճառել սեփական երեխայի ապագան, այնուամենայնիվ մեզ հաջողվեց ունենալ թեկուզ փոքրաթիվ ներկայություն խորհրդարանում, ինչ հետագա գործընթացների համար առանցքային նշանակություն ունեցավ»,- ասաց նա:

«Հերթական անգամ իրականացնելով «ինչքան ուզենք, այնքան կխփենք» ոճի ընտրություններ իշխանություններին թվաց, թե իրենց վերջնականապես հաջողվել է վերացնել ժողովրդի գործոնը Հայաստանում կատարվող քաղաքական ընտրություններում և պատահական չեմ համարում, որ նրանք այնքան լկտիացան, որ որոշեցին պարզապես խաբել սեփական ժողովրդին` հետ կանգնելով իրենց իսկ արած հրապարակային խոստումներից:

Սակայն մեր կուսակցությունը ի փառս մեր ժողովրդի իրականացրեց աննախադեպ ոչ բռնի, թավշյա հեղափոխություն, և այս պայքարում շատ մեծ էր ՔՊԿ վարչության անդամ, այժմ արդեն հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի անձնական դերը, ով կարողացավ ճշգրիտ քայլերով ապահովել այդ հաղթանակը»,-ասաց նա: Սասուն Միքայելյանը նշեց, որ իրենց հաջողվեց անցկացնել ազատ և արդար խորհրդարանական ընտրություններ և ստանալ օրենսդիր մարմնում մեծամասնություն:

Ելույթի վերջում Միքայելյանը հանդես եկավ հայտարարությամբ, զգուշացնելով նախորդ իշխանություններին․ «Ձեզ, նախորդներիդ ևս մեկ անգամ հիշեցնում և զգուշացնում ենք, որ ձեր իշխանության օրոք է եղել Հոկտեմբերի 27-ը, Մարտի 1-ը և այլ ոճրագործություններ, որի պատասխանատուն դուք եք, ձեր իշխանության օրոք էր, որ հայի ձեռքով հայի արյուն թափվեց, դուք այսօր ձեր բոշայական կեցվածքով նսեմացնում եք, մեր առողջ և ողջամիտ դատող ժողովրդին, դուք ձգտեցիք նսեմացնել ազատամարտը և ստեղծեցիք մի բանդա, որը բռնությամբ համարեցիք իշխանություն, և հիմա էլ այդ թալանով ուզում եք վերակենդանանալ, էդ ինչ ջիգյար եք կերել, ձեր վերակենդանանալը կարող է ունենալ միայն մեկ նպատակ վերջնականապես վերացնել ու հողին հանձնել սեփական ժողովրդին, ձեր այսօր այս միտինգային ոճը կարող է հանգեցնել ինչ-որ ընդհարման, որի արդյունքում համոզված եմ, որ տուժողը լինելու եք դուք, բայց մենք, որ հիմք ենք դրել ժողովրդավարությանը, դա թույլ չենք տա: Ի սեր Աստծու սսկվեք խաղաղությամբ և մեղքերի թողություն խնդրեք»,- ելույթը եզրափակեց նա:

Աղբյուր՝.armdaily.am

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика