Ռոբերտ Քոչարյանի գործով վերաքննիչ բողոքները հայտնվել են նույն դատավորի մոտ որը ունի ամենացածր վարկանիշը։

Ռոբերտ Քոչարյանի գործով Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումների դեմ ներկայացված վերաքննիչ բողոքները հայտնվել են նույն դատավորի մոտ, որը փաստաբանների մոտ ունի ամենացածր վարկանիշը։ Այսօր նման հայտարարությամբ է հանդես եկել Ռ.Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ, փաստաբան Հայկ Ալումյանը։

«Շատ մտահոգիչ է, որ երկու բողոքներն էլ հայտնվեցին միեւնույն դատավորի վարույթում: Մեզ փորձում են համոզել, որ բողոքների մակագրությունը տեղի է ունենում համակարգչային եղանակով, պատահականության սկզբունքով։ Այդ դեպքում ավելի քան տարօրինակ է, անարժանահավատ է, որ այդ երկու բողոքներն էլ պատահականորեն հայտնվեցին նույն դատավորի մոտ։

Ընդ որում այն դատավորի մոտ, ով մշտապես, տարեցտարի փաստաբանների կողմից վարկանիշավորման այդ գործընթացում ամենացածր կամ նախավերջին, կամ վերջից երրորդ տեղում է եղել: Փաստաբանները միշտ բարձրաձայնել են այն հանգամանքը, որ այդ դատավորը եղել է դատախազության ցանկությունները կատարող դատավոր»,- հայտարարել է Հ.Ալումյանը:

Նրա փոխանցմամբ՝ հունիսի 3-ին մտադիր են Վերաքննիչ քրեական դատարանից պահանջել՝ տրամադրել ընթացակարգի հետ կապված տեղեկությունները։ «Եթե դա եղել է համակարգչի միջոցով, ապա համապատասխան տվյալներ ենք ուզելու համակարգչից»,-ասաց Ալումյանը:

Հիշեցնենք, որ դատախազությունը բողոքարկել է Ռ.Քոչարյանի խափանման միջոցը փոխելու, ինչպես նաեւ գործի վարույթը կասեցնելու եւ ՍԴ դիմելու մասին ընդհանուր իրավասության դատարանի որոշումները։ Հայկ Ալումյանն այսօր եւս հայտարարեց, որ իրականում այդ որոշումները բողոքարկման ենթակա չեն։

Ըստ նրա՝ Վերաքննիչ դատարանն իրավունք չունի այդ բողոքները վարույթ ընդունել, պարտավոր է դրանք թողնել առանց քննության: «Մեզ բոլորիս հասկանալի է, որ վերաքննիչ դատարանի դատավորը շատ լավ պատկերացնում է, թե ինչ տեղի կունենա իր հետ, ինչ ճնշումների կենթարկվի, եթե կիրառի օրենքը: Իսկ օրենքը ասում է, որ այդ բողոքները պետք է թողնել առանց քննության»,-այսօր տեղի ունեցած ասուլիսում հայտարարեց փաստաբանը:

Նա համոզմունք հայտնեց, որ եթե վերաքննիչ դատարանի դատավորը առանց քննության թողնի այդ բողոքները, նա կդառնա թիրախ, ինչպես դարձավ դատավոր Դավիթ Գրիգորյանը. «Միգուցե ավելի բիրտ ճնշումների կենթարկվի»:

Աղբյուր` Փաստինֆո

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика