Պետությունը չի լուծում մեր բնակարանային խնդիրը, ուզում ենք՝ վարչապետը պարզաբանում տա. պաշտոնաթող սպաները բողոքի ակցիա իրականացրին (տեսանյութ)

Կառավարության շենքի դիմաց այսօր բողոքի ակցիա էին իրականացնում պաշտոնաթող սպաները, որոնց պետությունը բնակարանով չի ապահովել: Նրանք նշեցին, որ 2015-ից թոշակառու են, սակայն մինչև այսօր բնակարան չեն ստացել:Նախկին զինծառայողներն ավելի վաղ հանդիպել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որը խոստացել է, որ հարցը կլուծվի, ավելին՝ ընդունվող որոշման նախագծի քննարկմանը կմասնակցի նաև իրենց ներկայացուցիչը, մինչդեռ իրենց ներկայացուցիչը չի ընդգրկվել նախագծի մշակման աշխատանքներում:

Նշենք, որ այսօր Կառավարության նիստում ընդունվել է պաշտոնաթող զինծառայողներին բնակարաններով ապահովելու մասին օրինագիծը: Ըստ որի՝ Կառավարությունը տրամադրում է 5,7 մլրդ դրամ գումար, որի շրջանակում Երևանում ֆինանսական աջակցություն է հատկացվելու բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների շուկայական միջին արժեքի 50 տոկոսի չափով, իսկ գյուղական վայրերում ու այլ քաղաքներում (բացառությամբ Կոտայքի մարզի Ծաղկաձորի քաղաքային համայնքի, ինչպես նաև Լոռու մարզի Ախթալայի, Թումանյանի, Շամլուխի, Տավուշի մարզի Այրումի և Սյունիքի մարզի Դաստակերտի քաղաքային համայնքների` որպես 2000-ից պակաս մշտական բնակչություն ունեցող) բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների շուկայական միջին արժեքի 90 տոկոսի չափով:

Կառավարության շենքի դիմաց բողոքի ցույց իրականացնող նախկին սպաները, սակայն նշում են, որ 5,7 մլրդ դրամը չի բավականացնի բոլոր 1141 պաշտոնաթող սպային բնակարանով ապահովելու համար: Ավելին՝ 5,7 մլրդ դրամի շրջանակում առավելագույնը տրամադրվող 5 մլն դրամով իրենք բնակարան չեն կարող ձեռք բերել:

«Այստեղ հարցն այն է, որ Կառավարության որոշման նախագծի ու վարչապետի խոսքերն իրար հակասում են, ԱԺ-ում ծրագիրը ներկայացնելիս վարչապետն ասաց՝ մեր հարցը կլուծվի, այսինքն՝ հատկացված 5,7 մլրդ դրամից բացի, այլ գումար ևս կհատկացվի, բայց ես հիմա կարդում եմ ՊՆ-ի առաջարկած օրինագիծը, որով չի նախատեսվում հավելյալ գումարի հատկացում: Մենք հիմա ուզում ենք հասկանալ՝ ում խոսքն է ավելի ուժեղ: Մենք ուզում ենք վարչապետը պարզաբանում տա մեզ»,- ասաց պաշտոնաթող սպաներից մեկը:

Մանրամասները տեսանյութում:

 

Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика