Ուղղափառության Խորհրդարանական վեհաժողովի գլխավոր ասամբլեան, որ 2019-ին անցկացվելու էր Թբիլիսիում, փաստորեն Վրաստանը վերածեց նախահեղափոխական մի իրավիճակի:
Համենայնդեպս, ասամբլեային ռուսական պատվիրակության մասնակցության առիթով, նախ, խորհրդարանի դահլիճում մեկնարկած բողոքի ցույցը՝ մի քանի ընդդիմադիր պատգամավորների մասնակցությամբ, ավելի ուշ վերածվեց բազմահազարանոց հանրային բողոքի, խորհրդարանի գրոհի և, ի վերջո, ուժայինների հետ բախման: Պաշտոնական տվյալներով՝ կա 240 տուժած, երկու անձ զրկվել է աչքից : Այն, ինչ կատարվում է Թբիլիսիում, շատ մոտ է Հայաստանին, բոլոր առումներով, բառի բուն և պատկերավոր իմաստով: Վրաստանի որևէ ապակայունացում Հայաստանի համար խիստ անցանկալի է: Միաժամանակ, Հայաստանի համար շատ կարևոր է հասկանալ, թե ինչ է կատարվում հարևան Վրաստանում: Առավել ևս, երբ առերևույթ գործ ունենք վրաց-ռուսական խնդրի գեներացման հետ, համենայնդեպս՝ որպես Վրաստանում ծագած բողոքի հուժկու ալիքի առիթ:
Այդ թեման Վրաստանում 2008 թվականից ի վեր, և հատկապես նաև Սաակաշվիլիի իշխանությունից հեռանալուց հետո, Վրաստանում չափազանց զգայուն ներքաղաքական թեմա է, մոտավորապես այնպես, ինչպես Արցախի հարցը Հայաստանում: Ըստ այդմ՝ պատկերացնելի է, թե այն ինչպիսի հարմար գործիք է Վրաստանը տարաբնույթ շահարկումների ենթարկելու, դրա առիթով Վրաստանում տարբեր գործընթացներ խթանելու համար: Ռուսաստանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ Վրաստանում արմատական ընդդիմությունը սադրանքի է դիմել վրաց-ռուսական հարաբերության կարգավորմանը խանգարելու համար: Վրաստանի նախագահն իր հերթին հայտարարել է, որ տեղի ունեցողը ռուսական հինգերորդ շարասյան քայլն է, իսկ Ռուսաստանը թշնամի է և օկուպանտ: Ինչ անել Հայաստանին: Երևանի անելիքը կոնկրետ առումով գործնականում զրոյական է, որովհետև Վրաստանի իրավիճակի կայունացումը այդ երկրի իշխանության և հանրության հարաբերության խնդիրն է, և նրանք պետք է գտնեն հաղորդակցման և հարցերի լուծման մեխանիզմները:
Միևնույն ժամանակ, այստեղ կա նուրբ պահ՝ կա վիրահայ բավականին մեծ համայնք, միաժամանակ, իհարկե, բազմաշերտ: Երևանը, թերևս, այդ ուղղությամբ ունի անելիք, կանխարգելելու համար Վրաստանի ներկայիս բարդ իրադրությունում հայկական համայնքը որևէ զարտուղի, դավադիր, սադրիչ նպատակի համար օգտագործելը: Բանն այն է, որ առերևույթ վրաց-ռուսական հակամարտության առիթով բռնկումն իրականում կարող է շատ ավելի բազմաշերտ լինել իր քաղաքական շերտավորումների առումով, քաղաքական շահառուների առումով: Ի վերջո` առնվազն առկա է Թուրքիայի և Ադրբեջանի գործոնը, առավել ևս, որ Վրաստանի եվրաատլանտյան կուրսը, ինտեգրացիայի ճանապարհն ու, ըստ այդմ, Վրաստանում եվրաատլանտյան կառույցների ինստիտուցիոնալ ներկայացվածության հեռանկարը հավասարապես անցանկալի են ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Թուրքիայի և Ադրբեջանի համար, մի շարք պատճառներով:
Պարզապես Ռուսաստանի հետ կա կոնֆլիկտը, ինչը մի կողմից Մոսկվային թույլ է տալիս ավելի անկաշկանդ արտահայտել իր դժգոհությունը այդ հեռանկարից, մյուս կողմից՝ թուրքերն ու ադրբեջանցիները աշխատում են, իհարկե, այլ ոճով: Նրանք բացահայտ չեն դժգոհի, որ Վրաստանում ավելի ու ավելի է հաստատվում ԵՄ-ն և առավել ևս ՆԱՏՕ-ն: Բայց նրանց համար դա գործնականում չափազանց լուրջ խնդիր է, որի դեմ նրանք քայլեր կանեն՝ օգտագործելով ցանկացած հնարավորություն: Ըստ այդմ, Երևանն այստեղ ունի իրապես աչալուրջ, ընդհանրապես լուրջ լինելու խնդիր, հատկապես նկատի ունենալով կոնֆլիկտի առաջին ժամերին Հայաստանի խորհրդարանական պատվիրակության որոշակի արձագանքներ, որը Վեհաժողովին մասնակցելու առումով գտնվում էր Վրաստանում: Հայաստանից պահանջվում է ոչ թե պարզունակ արձագանք, այլ պետական աչալրջություն և աշխատանք Թբիլիսիի հետ, հայկական համայնքի տարբեր սեգմենտների հետ, միաժամանակ նաև ռուսական կողմի հետ: