Ով է մեղավոր որ սանիթեքի աշխատակիցները աշխատավարձ չեն ստացել

Արդեն 2-րդ օրն է, «Սանիթեք»-ի աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում քաղաքապետարանի մոտ։

Նրանք պահանջում են իրենց աշխատավարձերը` ասելով, որ այն չեն տրամադրում, քանի որ Երևանի քաղաքապետարանը «Սանիթեք»-ի հանդեպ ստանձնած պարտավորությունները չի կատարել: Ակցիայի մասնակիցները քաղաքապետարանի մոտ են մանկահասակ երեխաների հետ, նրանք պնդում են, որ կմնան այդտեղ այնքան, մինչև քաղաքապետը հանդիպի իրենց հետ։

ArmDaily.am-ի հետ զրույցում ակցիայի մասնակիցը նշեց, որ ոչ մի կերպ չեն կարողանում ստանալ իրենց աշխատավարձը։

«Երկու օր է երեխաները գրկներիս սոված-ծարավ, արևի տակ քաղաքապետարանի մոտ նստած ենք, քաղաքապետի հեչ պետքն էլ չէ։ Քաղաքապետարանից մեզ մոտեցել են, ասել են այն՝ ինչ միշտ։ Միայն ասում են, որ այդ հարցը կլուծվի, բայց թե երբ՝ չեն ասում։ Այնքան ենք շարունակելու ակցիա իրականացնել, մինչև աշխատավարձը ստանանք»,-նշեց Արմինեն։

Նրա խոսքով՝ շուրջ 930 հոգի չեն ստացել օգոստոս ամսվա աշխատավարձը և վերջնահաշիվը, որի մեջ պարգևավճարներ էլ կան։

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ երեկվանից ակցիայի մասնակիցների հետ պարբերաբար, ինտենսիվ շփման մեջ են եղել քաղաքապետարանի տարբեր ներկայացուցիչներ, ինքը, տարբեր խմբակցություններից ավագանու անդամներ։

«Պարզաբանել ենք իրավիճակը, ներկայացրել ենք քաղաքապետարանի հնարավորությունները խնդրի լուծման հարցում։ Դեռևս այն ժամանակ, երբ քաղաքացիներն այդ պահանջով առաջին անգամ դիմել են, ասել ենք, որ «Սանիթեք»-ի աշխատակիցների աշխատավարձ տալը շատ տրամաբանորեն «Սանիթեք» ընկերության պարտավորությունն է, և միայն նա է այս հարցում պատասխանատու։ Աշխատակիցների վկայությամբ «Սանիթեք»-ը ասել է, որ աշխատավարձ չեն ստանում, քանի որ քաղաքապետարանը փողը չի փոխանցում։ Մի քանի օր առաջ «Սանիթեք»-ի աշխատակից մեր համաքաղաքացիներին առձեռն փոխանցել եմ կնիքով պատված տեղեկանք այն մասին, որ քաղաքապետարանը օգոստոս ամսին «Սանիթեք»-ին 165 մլն դրամ է փոխանցել, և դա շատ ավելին է, քան պետք է «Սանիթեք»-ը աշխատավարձ բաժանի»,- ասաց խոսնակը։

Կարապետյանն ընդգծեց, որ քաղաքապետարանն իր պարտավորությունները կատարել է, այնուհանդերձ, քանի որ քաղաքացիներն ասում են, որ «Սանիթեքը»-ի հետ կապ հաստատել չի լինում, քաղաքապետարանը հանձն է առել ուղիներ փնտրելու, որպեսզի նրանք իրենց աշխատավարձները ստանալու հնարավորություն ունենան։

«Այդ պրոցեսն ընթացքի մեջ է, բայց թե որքան կտևի, կհաջողի թե չի հաջողի, ասել չեմ կարող, քանի որ դա միայն քաղաքապետարանից չէ, որ կախված է»,-հավելեց նա։

Տաթև Կոստանդյան։ Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика