«Կոֆե՞, կենտրո՞ն, ծիրա՞ն», «Սիրուն կինո գալի՞ս ես», «Խուժան կինո գալի՞ս ես», «Գռուզիտ կինո գալի՞ս ես», «Սյուռ կինո գալի՞ս ես», «Փախած կինո գալի՞ս ես» գրություններով պաստառներ այս օրերին կարելի է հանդիպել քացաքի տարբեր անկյուններում․ Երևանում մեկնարկել է «Ոսկե ծիրան» կինոփառատոնը, ինչը նշանակում է, որ քաղաքում մշակութային շաբաթ է:
Կինոթառատոնի պաշտոնական բացումը կայացավ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Tert.am Life-ը ներկա է եղել միջոցառմանն ու ներկայացնում է հետաքրքիր դրվագները:
16-րդ «Ոսկե ծիրան»-ը ներկայանում է նոր ղեկավար կազմով: Կինոփառատոնի հիմնադիր նախագահ Հարություն Խաչատրյանը նկատեց, որ իրենց մոտ սենրդափոխություն է և կատակեց, որ իրենց սերնդի գնալու ժամանակն է:) Նա նկատեց, որ փառատոնի նոր գործադիր տնօրեն Հասմիկ Հովհաննիսյանը ժամանակին վազվզում էր իրենց մոտ որպես կամավոր․ «Ասում էինք՝ ճարպիկ աղջիկ է, մի օր տնօրեն կդառնա: Կատակում էինք, բայց նա հավատաց ու արեց:) Այս տարի փառատոնը փոփոխություններ է կրել, փոխվել է փառատոնի ղեկավար կազմը, փոխվել են դիզայնը, լոգոն, վերանայվել են բազում գաղափարներ»:
Հարություն Խաչատրյանը նաև շնորհակալություն հայտնեց Կառավարությանը՝ ի դեմս փոխվարչապետ Տիգրան Ավինյանի, որը ներկա էր միջոցառմանը․ «Երիտասարդ կառավարություն, երիտասարդ նախարարներ, նաև երիտասարդ կազմակերպիչներ: Բոլորով հավաքվացին և կարողացան լրացնել այն բացերը, որոնք կային մեր ժամանակ: Փոխվարչապետն այս անգամ շատ օգնեց մեզ»:
Փոփոխություններն ակնհայտ էին՝ սկսած բացման արարողության վայրից մինչև դիզայներական լուծումներ․ համալիրի դահլիճում տեղակայված էկրանը հետաքրքիր լուծում էր ստացել՝ մեծ էկրանից բացի էկրանի «պատառիկներ» կային առաստաղին ու կողային հատվածներում: Փառատոնի բացումը տրվեց Չուն-հո Պոնի «Մակաբույծը» ֆիլմով:
«Փառատոնը հասել է պատանեկության ու երիտասարդության խենթ ու խելառ տարիքին: Ինքս այդ տարիքում էի, երբ փառատոնի շրջանակում առաջին անգամ տեսա ամենահուզիչ, ամենախենթ, ամենասյուռ, ամենասիրուն, ամենափախած ֆիլմերը: Այդ ժամանակ էլ հասկացա, որ փառատոնի առաքելությունը ոչ միայն մեզ զվարճացնելը, այլև հուզելը, մտածելու տեղ տալը, հիշեցնել մեզ այնպիսի ձայների մասին, ինչպիսիք են անտարբերությունը, խտրականությունը, բռնությունը»,- ասաց Հասմիկ Հովհաննիսյանը:
Այս տարի ևս կինոփառատոնին մասնակցության հայտ են ներկայացրել տարբեր երկրների ներկայացուցիչներ՝ ընդհանուր առմամբ՝ ավելի քան 740 հայտ է գրանցվել:
Այս տարի լինելու է միջազգային լիամետրաժ (խաղարկային և վավերագրական), ինչպես նաև կարճամետրաժ ֆիլմերի տարածաշրջանային մրցույթ: Նախատեսված է նաև «Տարածաշրջանային համայնապատկեր» խորագրով արտամրցութային ծրագիրը: Մյուս ծրագրերը լինելու են ոչ մրցութային: Դրանք կրում են՝ «Երևանյան պրեմիերաներ», «Հետահայաց ցուցադրություններ», «Հարգանքի տուրք», «Ծուռ Ծիրան» խորագրերը:
16-րդ «Ոսկե ծիրանի» լիամետրաժ մրցույթի ժյուրիի նախագահը կինոռեժիսոր Ալեքսանդր Մինդաձեն է: Միջազգային լիամետրաժ մրցույթային ծրագրի ժյուրիի կազմում ընդգրկված են ռեժիսոր Նիկոլաս Վադիմոֆը (Շվեյցարիա), ռեժիսոր, Թեհրանի միջազգային կինոփառատոնի նախագահ Ռեզա Միրքարիմին (Իրան), պրոդյուսեր, Թրայբեկայի կինոփառատոնի գործադիր տնօրեն Էմի Հոբին (ԱՄՆ), պրոդյուսեր Էլիզաբեթ Կառլսենը (Մեծ Բրիտանիա), կինոքննադատ Պաոլո Բերտոլինը (Իտալիա), դերասանուհի, ռեժիսոր Նինո Կիրտաձեն (Ֆրանսիա): Կարճամետրաժ ֆիլմերի տարածաշրջանային մրցույթի ժյուրիի նախագահը ռեժիսոր Պիպո Մեցապեսան է (Իտալիա): Ժյուրիի կազմում ընդգրկված են նաև օպերատոր Նորայր Կասպերը (Կանադա) և Կլերմոն Ֆերան կինոփառատոնի ծրագրերի տնօրեն Ժորժ Բոլոնը: