Շաքարային դիաբետը 21-րդ դարի ամենավտանգավոր ու տարածված հիվանդություններից է: Փորձագետների պնդմամբ՝ հիվանդությունը տարածվում է համաճարակի արագությամբ և որևէ քայլ չձեռնարկելու դեպքում մինչև 2030 թվականն այն կախտորոշվի մոլորակի յուրաքանչյուր 10-րդ բնակչի մոտ:
Վիճակագրական տվյալներով՝ շաքարային դիաբետով հիվանդների շուրջ 25%-ն անգամ գլխի չի ընկնում ախտորոշման մասին: Հիվանդներից շատերն անտեսում են օրգանիզմի տված ազդանշանները, մինչդեռ այս վտանգավոր հիվանդությունն օրեցօր քայքայում է ներքին օրգանները:
Սա է պատճառը, որ մասնագետները հորդորում են ավելի լուրջ մոտեցում ցուցաբերել սեփական առողջությանն ու տարեկան գոնե մեկ անգամ բուժզննում անցնել:
Բժիշկների խոսքով՝ կան շաքարային դիաբետի մասին հուշող ախտանշաններ, որոնք ոչ մի դեպքում չի կարելի անուշադրության մատնել: Այդ ախտանշանների շարքին են դասվում հաճախամիզությունը, տեսողության վատացումը, բերանի խոռոչում առկա բորբոքումները, վատ ապաքինվող վերքերը, մաշկի չորությունը, վերջույթների թմրածությունը, անհագ ծարավը, հաճախակի կրկնվող կաթնասնկախտը (молочница), քաշի ավելացումը կամ նվազումը, թուլությունն ու մշտական հոգնածությունը:
Վերոնշյալ ախտանշաններից անգամ մեկի առկայության դեպքում հարկավոր է անհապաղ դիմել ներզատաբանին (էնդոկրինոլոգ) և ստուգել արյան մեջ շաքարի մակարդակը:
Հարկ է հիշել, որ բուժման ժամանակակից միջոցները թույլ են տալիս վերահսկողության տակ պահել շաքարային դիաբետն ու բնականոն կյանք վարել, սակայն անգամ այս դեպքում հիվանդության վաղաժամ ախտորոշումը շատ կարևոր է:
Նյութի աղբյուր