Մարդու սննդակարգը շատ մեծ նշանակություն ունի նրա առողջության պահպանման ու կյանքի տևողության հարցում, ուստի զարմանալի չէ, որ մասնագետները կոչ են անում օգտագործել բացառապես առողջարար մթերք: Ներկայում մարդիկ հաճախ են օգտագործում ըմպելիքներ, որոնք բացասաբար են անդրադառնում օրգանիզմի վրա, մինչդեռ փորձը ցույց է տվել, որ ճիշտ ըմպելիքների գործածությունը կարող է ոչ միայն բարելավել ինքնազգացողությունը, այլև նպաստել կյանքի տևողության երկարացմանը:
Նման օգտակար ըմպելիքների շարքին է դասվում կաթը, որի չափավոր գործածությունը կօգնի նվազեցնել սրտանոթային համակարգի հիվանդությունների զարգացման հավանականությունը մոտ 15-20 տոկոսով: Սակայն հարկ է հիշել, որ կաթի չարաշահումը կարող է և վնասակար լինել, քանի որ այն պարունակում է կաթնաշաքար, որը ոչ բոլորի օրգանիզմն է կարող յուրացնել:
Չափավոր գործածության դեպքում շատ օգտակար կարող է լինել նաև սուրճը: Օրական առավելագույնը երկու բաժակ սուրճ խմելը կնպաստի սրտամկանի աշխատանքի բարելավմանն ու նյութափոխանակության արագացմանը:
Կյանքի երկարացմանն է նպաստում նաև նարնջի հյութը, որը հարուստ է օրգանիզմն օնկոլոգիական հիվանդությունների զարգացումից պաշտպանող վիտամիններով ու հանքանյութերով: Գիտափորձերը ցույց են տվել, որ նարնջի հյութից ստացված կարոտինոիդներն օրգանիզմը շատ ավելի լավ է յուրացնում, քան ամբողջական նարնջից ստանալու դեպքում, իսկ այս տարրերն անվանում են «երկարակեցության վիտամիններ»: Բանն այն է, որ կարոտինոիդնների գործածությունը պաշտպանում է թոքերի քաղցկեղից, իսկ նարնջում պարունակվող մեծ քանակությամբ վիտամին C-ի և ֆլավոնոիդների հետ համադրվելու դեպքում դրանք նվազեցնում են նաև սրտանոթային հիվանդությունների զարգացման հավանականությունը:
Շատ օգտակար կարող է լինել նաև բալի հյութը: Այս ըմպելիքը հարուստ է երկաթով ու մագնեզիումով, որոնք շատ կարևոր են օրգանիզմի համար: Պարբերաբար բալի հյութի գործածությունը կարգավորում է հեմոգլոբինի մակարդակն ու օգնում է պայքարել միզուղիների վարակների դեմ: Բացի այդ, այս հյութն օժտված է հակաքաղցկեղային ազդեցությամբ, ինչի շնորհիվ նվազեցնում է քաղցկեղի տարբեր տեսակների զարգացման հավանականությունը:
Նյութի աղբյուր