Գլխացավերին, հոդացավերին, ատամի ու որովայնի ցավերին և առհասարակ ցավի տարբեր տեսակներին ժամանակ առ ժամանակ բախվում են բոլորը, սակայն սովորաբար դրանց դեմ պայքարում են միայն ցավազրկող դեղամիջոցների օգնությամբ: Այնուամենայնիվ, կան մի շարք արդյունավետ միջոցներ, որոնք կօգնեն մեղմել մարմնի ամենատարբեր հատվածների ցավը: Ընդ որում, այս պարզ միջոցները կարելի է կիրառել անգամ տան պայմաններում:
Սառույց ու հանգիստ. ոչ լուրջ մկանային ձգվածքների ու կապտուկների դեմ պայքարի լավագույն միջոցը սառույցն է ու հանգիստը: Պարզապես հարկավոր է վնասվածքին սառը կոմպրես դնել ու որոշ ժամանակ պառկել, որպեսզի վնասված հատվածի վրա հավելյալ ճնշում չգործադրվի:
Ջուր. մաքուր ջուրը կիրառվում է այրվածքներն ու վերքերը լվանալու և ցավը մեղմելու համար: Այրվածքների դեպքում հարկավոր է վնասված մաշկը պահել հոսող սառը ջրի տակ, այնուհետև սառը կոմպրես դնել: Սակայն հարկ է հիշել, որ լուրջ այրվածքների դեպքում ինքնաբուժությունը հակացուցված է: Նման դեպքերում տուժածին հարկավոր է անհապահ հիվանդանոց տեղափոխել:
Առանց դեղատոմսի վաճառվող դեղահաբեր. նման դեղերի շարքին են դասվում ասպիրինը, նուրոֆենն ու բորբոքային բնույթի ցավը մեղմող այլ դեղերը: Նման միջոցներն օգնում են մեղմել ցավը, սակայն հարկավոր է շատ ուշադրի լինել, քանի որ գերդոզավորման դեպքում դրանք կարող են լուրջ խնդիրներ առաջացնել, իսկ երկարատև չարաշահման դեպքում՝ հանգեցնել երիկամային հիվանդությունների, խոցերի ու զարկերակային գերճնշման զարգազման:
Արտաքին օգտագործման դեղամիջոցներ. շատ արդյունավետ կարող են լինել նաև արտաքին օգտագործման ցավազրկող միջոցները, որոնց շարքին են դասվում տարատեսակ գելերը, քսուքները, հեղուկներն ու սպեղանիները: Ընդ որում, նման միջոցները և՛ արդյունավետ են, և՛ չեն առաջացնում կողմնակի բարդություններ:
Տաք լոգանք. սա հիանալի միջոց է մկանների, ջլերի ու ոսկորների վրա ազդող տարբեր խանգարումների, մեջքի ցավերի ու հոդացավերի դեմ պայքարի համար: Առավել լավ արդյունքի հասնելու համար հարկավոր է ոչ թե երկար ժամանակ պարզապես պառկել տաք ջրի մեջ, այլ դանդաղ պտտվել ու ձգել մկաններն ու մարմին:
Մերսում. բուժիչ մերսումը նույնպես կարող է շատ արդյունավետ լինել, սակայն ցանկալի է, որ այս պրոցեդուրան անցկացնի մասնագետը, քանի որ նա գիտի՝ ինչպես է պետք ներգործել մարմնի այս կամ այն հատվածների վրա:
Արևապաշտպան ակնոց. միգրենի կամ որևէ այլ հիվանդության հետևանքով լուսազգայունությունից կարելի է պաշտպանվել արևային ակնոցի միջոցով:
Մեդիտացիա. հետազոտությունները ցույց են տվել, որ ճիշտ մեդիտացիա անելու դեպքում կարելի է պայքարել տարբեր քրոնիկ ցավերի դեմ:
Ֆիզիոթերապիա. քրոնիկ ցավերի ու վնասվածքների որոշ հետևանքների դեմ պայքարի համար բավական հաճախ է կիրառվում նաև ֆիզիոթերապիան, սակայն այս թերապիան ցանկալի է անցկացնել մասնագետի հսկողության տակ:
Նյութի աղբյուրը՝ medikforum.ru