ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը մանրամասն ծանոթ չէ ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի հիվանդության պատմությանը։ Նա «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ նշեց, որ եթե հիվանդության բուժումը պատժի հետ համատեղելի չէ, ապա նա պետք է ազատ արձակվի։
«Չգիտեմ՝ ինչ հիվանդություն է, բայց եթե կա եզրակացություն, որ հիվանդությունը պատժի հետ համատեղելի չէ, ապա պետք է ազատ արձակվեր, բուժում ստանար ու նոր սկսեր պրոցեսով անցնել։ Անգամ միջնադարում, որ ցանկացել են մարդկանց գլխատել և այլն, անպայման նրանց առողջականով զբաղվել են, որ իր պատիժը կրի։ Կարծում եմ՝ այս առումով մենք միջնադարից էլ հեռու ենք, և նման պայմաններում չի կարելի պահել որևէ կալանավորի»,- ասաց նա։
Մարուքյանը շեշտեց, որ այստեղ անձի ով լինելը կարևոր չէ, քանի որ նման պայմաններում էր նաև «Հաց բերող» անունով հայտնի Արթուր Սարգսյանը և այլ բազմաթիվ դատապարտյալներ ու կալանավորներ։
«Պարզապես պրն․ Գրիգորյանի գործը քաղաքականացված է, այսինքն՝ կա նաև հանրային բարձր ատելություն նրա նկատմամբ, և երբ նրան ազատ արձակեցին, ցույցեր եղան, ճանապարհներ փակվեցին և այլն, և դատարանը փոխեց ճնշումը, ինչը կարելի է ճնշում համարել։
Եթե մենք շարունակենք այսպես պահել թե՛ Մանվել Գրիգորյանին, թե՛ այլ կալանավորված անձանց, ապա մենք՝որպես պետություն, խնդիր ենք ունենալու։ Եվրոպական դատարանում խոշտանգումների կանխարգելման հանձնաժողովը մեզ ասելու է, որ մարդկանց նպատակային խոշտանգում եք»,- ընդգծեց Էդմոն Մարուքյանը։
Հիշեցնենք, որ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը «Նաիրի» բժշկական կենտրոնից տեղափոխվել էր «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ։ Նշենք, որ Մանվել Գրիգորյանը հունվարի 22-ից գտնվում է «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում:
Հունիսի 16-ին Մանվել Գրիգորյանը ձերբակալվել է, ապա՝ հունիսի 19-ին, Ազգային ժողովի պատգամավորների քվեարկությամբ, զրկվել պատգամավորական անձեռնմխելիությունից ու դատարանի որոշմամբ կալանավորվել: Կալանքի տակ գտնվելու ընթացքում պատգամավորի պաշտպանները բազմիցս բարձրաձայնել են նրա առողջական խնդիրների մասին՝ նշելով, որ իրենց պաշտպանյալի կյանքին վտանգ է սպառնում:
Ազգային անվտանգության ծառայության ԱԱԾ տարածած հաղորդագրությունում, մասնավորապես ասված էր, որ Մանվել Գրիգորյանին պատկանող հանգստյան գոտին վերածվել էր զինապահեստի, ռետրո և ժամանակակից տասնյակ ավտոմեքենաների ավտոպարկի: Ակնալճի ամառանոցը գեներալի համար ծառայել է նաև «զինվորի բաժին» նշագրմամբ սննդի, հիգիենիկ պարագաների, դեղորայքի, զինվորական հանդերձանքի պահեստարանի:
Զինվորներին հասցեագրված արկղերին կից նամակներից ակնհայտ էր, որ արկղերի պարունակությունը դեռևս 2016-ին ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին ուղարկված օգնությունն էր առաջնագծի զինվորներին: