Սուրճն ամենատարածված ըմպելիքներից մեկն է, առանց որի շատերը չեն պատկերացնում իրենց օրը: Այս ըմպելիքի օգտակար ու վնասակար հատկությունների վերաբերյալ մասնագետներն անց են կացրել բազմաթիվ հետազոտություններ, որոնցից որոշները վկայում, են, որ այն դուրս է բերում կալցիումն օրգանիզմից և բարձրացնում է սրտի նոպայի հավանականությունը, իսկ որոշներն էլ ցույց են տվել, որ սուրճն իրականում պաշտպանում է սրտամկանը:
Սուրճի օգտակար ու վնասակար հատկությունները մարդկանց ներկայացնելու համար մասնագետները վերլուծել են այդ հետազոտությունների արդյունքներն ու հրապարակել ստացված տվյալները:
Սուրճի վնասակար հատկությունները
Գերմանացի գիտնականները Focus Online պորտալի հրապարակած հոդվածում հիշեցրել են, որ կոֆեինն իրականում թույն է, որը բույսը կիրառում է վնասատուների դեմ պայքարի համար: Սա նշանակում է, որ ցանկացած այլ թույնի նման այն նույնպես կարող է դառնալ օրգանիզմի ինտոքսիկացիայի ու անցանկալի ռեակցիաների պատճառ:
Կոֆեինի յուրացումն օրգանիզմի անհատական առանձնահատկությունների հարց է, ուստի մարդիկ այն տարբեր արագությամբ են տարրալուծում: Սա նշանակում է, որ այն դանդաղ յուրացնող մարդիկ չպետք է օրական երկու բաժակից ավելի սուրճ խմեն, քանի որ հակառակ դեպքում բարձրանում է սրտի նոպայի զարգացման հավանականությունը:
Բացի այդ, սուրճը կարող է նպաստել ոսկրային զանգվածի կորստին, քանի որ չարաշահելու դեպքում այն մեզի հետ դուրս է բերում կալցիումն օրգանիզմից՝ դրանով իսկ նպաստելով օստեոպորոզի զարգացմանը:
Սուրճի օգտակար հատկությունները
Սակայն չնայած վերոնշյալ վնասակար հատկություններին, սուրճն օժտված է նաև բազմաթիվ օգտակար հատկություններով: Այդ օգտակար հատկություններից մեկն այն է, որ կոֆեինը նեղացնում է անոթները՝ միևնույն ժամանակ բարձրացնելով սրտի կծկումների հաճախականությունը, ինչի շնորհիվ օրգանիզմը հնարավորինս հագենում է արյամբ: Սա օգնում է առույգանալ, բարձրացնում է աշխատունակությունն ու բարելավում է կենտրոնացումը:
Միևնույն ժամանակ սուրճը չի բարձրացնում սրտի հիվանդությունների ու առիթմիայի հավանականությունը և բարենպաստ ազդեցություն է ունենում սրտանոթյին համակարգի վրա: 42 հազար մարդու մասնակցությամբ հետազոտությունը ցույց է տվել, որ սուրճի գործածության դեպքում սրտի կծկումների հաճախականությունն աճում է, ինչը հիանալի մարզանք է լինում սրտամկանի համար:
Գիտնականները նաև ենթադրում են, որ այս ըմպելիքը պաշտպանում է երկրորդ տիպի շաքարային դիաբետից, քանի որ հետազոտությունները ցույց են տվել, որ պարբերաբար ավելի քան 600 մլ սուրճ օգտագործելը թույլ է տալիս նվազեցնել այս վտանգավոր հիվանդության զարգացման հավանականությունը 23 տոկոսով:
Բացի այդ, սուրճը շատ օգտակար կարող է լինել նաև ասթմայի դեպքում: Բանն այն է, որ կոֆեինը մի քանի ժամով թեթևացնում է շնչառությունն ու բարելավում շնչառական համակարգի աշխատանքը՝ օգնելով բարելավել ասթմայով հիվանդների ինքնազգացողությունը:
Վերլուծության արդյունքում գիտնականները եկել են այն եզրահանգման, որ սուրճը կարելի է խմել, սակայն միայն չափավոր: Մասնագետների խոսքով՝ մարդը երբեք չպետք է օրական 4 բաժակից ավելի սուրճ խմի, այլապես կարող է բախվել առողջական տարբեր խնդիրների:
Նյութի աղբյուր