Նազենի Հովհաննիսյանը 37-ամյակի առթիվ գրառում է կատրել՝ «Դա էլ երբեք չի լինի, բայց ես ժպտում եմ».

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանի տարեդարձն է: Նա ֆեյսբուքյան իր էջում անկեղծ գրառում է կատարել՝ նշելով, որ նախկինում առաջինը միշտ հայրն է շնորհավորել իրեն:

«36 տարի հուլիսի 18-ին` ծննդյանս օրը, առաջինը hայրս էր զանգում ու շնորհավորում ինձ, միշտ, մի ամբողջ կյանք: 37-ում ուղեղս ծակեց այն փաստը, որ դա էլ երբեք չի լինի, բայց ես ժպտում եմ, ես ժպտում եմ իմ հայրիկին, որն ինձ պարգեւել է բացարձակ երջանկություն, ու ես ամենաբախտավորն եմ եղել եւ օրհնյալ՝ ունենալու նման հայր…
Եվ ես ժպտում եմ նրան, որտեղ էլ, որ լինի… Ես ժպտում եմ մայրիկիս, որի անսահման սերն ու նվիրումն ինձ տվել են երջանկություն ու սեր: Մայրս, որն ուներ ծով համբերություն, ու ինձ իր կաթի հետ սնել է հայոց լեզվի ու մարդկանց նկատմամբ անվերապահ սիրով: Ես ժպտում եմ քույրերիս` իմ ամուր ու անսասան սյուներին, առանց որոնց ես ուղղակի չկամ, ժպտում եմ իմ թանկագին ընկերուհուն, ընկերներիս, ժպտում եմ շատ ու սրտանց ինձ անծանոթ, բայց եւ հարազատ մարդկանց, որոնց հետ կապում է մեր լեզուն, հավատքն ու հողը, որը մեզ սնել է: Ժպտում եմ ինձ չսիրողներին, որովհետեւ նրանց սեր ու ժպիտ ավելի է պետք, քան յուրայիններին:

Ժպտում եմ իմ ճանապարհին բարի խոսքով այդքան հաճախ օգնած մարդկանց, որոնք նույնիսկ չեն էլ կասկածում, թե որքան կարեւոր էին… Ժպտում եմ ուսանողներիս` մեկը մյուսից տարբեր ու լեցուն, ժպտում եմ իմ պաշտելի Երեւանին, որն այդքան հաճախ դառնում է արցունքների ու հիասթափությունների պատճառ, բայց առանց որի չի լինում ապրել… Ես ժպտում եմ, որովհետեւ կուզեի, որ ծնողներս տեսնեին ժպիտս միայն… Ես չգիտեմ՝ ինչու են ծնվում մարդիկ, երեւի, որ ամեն լուսաբացի հետ փառք տան Աստծուն, ու ամեն մայրամուտին նայեն՝ սիրահարված կյանքին… Տարիները թվեր են ընդամենը, իսկ կյանքն անհավանական մի գեղեցկություն` սիրելի մարդկանց ուժով ու սրտով լեցուն… Մնացածն անկարեւոր է ու անցողիկ… Դժբախտությունն էլ մարդու համար է, բայց ես կժպտամ երջանկությանը… Ես ժպտում եմ իմ սիրելիներին»,-գրել է հոբելյարը:

Շնորհավորում է Նազենիին՝ մաղթելով մեծ երջանկություն եւ նորանոր հաջողություններ:

BRAVO.am
Լուսանկարը՝ Նազենի Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика