Մի քանի օգտակար մթերք, որոնք կարող են ստամոքսի ու աղեստամոքսային տրակտի հետ կապված տհաճ խնդիրներ առաջացնել:

Սննդաբանները հորդորում են հնարավորինս զերծ մնալ անառողջ մթերքից ու սննդակարգում ներառել միայն առողջարար մթերք, սակայն օգտակար մթերքը նույնպես կարող է խնդիրներ առաջացնել, ինչը մարդիկ հաճախ են անտեսում: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի քանի օգտակար մթերք, որոնք կարող են ստամոքսի ու աղեստամոքսային տրակտի հետ կապված տհաճ խնդիրներ առաջացնել:

Նշի կաթ

Այս մթերքը սովորաբար ներկայացվում է որպես կովի կաթին փոխարինող հիանալի այլընտրանքային տարբերակ, որը կարելի է օգտագործել անգամ օրգանիզմի՝ կաթնաշաքարի (լակտոզա) նկատմամբ անհանդուրժողականության դեպքում, սակայն մասնագետները հորդորում են շատ ուշադիր ուսումնասիրել այս մթերքի բաղադրությունը: Բանն այն է, որ արտադրողները կարող են նշի կաթին ավելացնել ծովային ջրիմուռներից ստացվող խտացնող նյութեր, որոնք էլ կարող են մարսողական լուրջ խնդիրներ առաջացնել:

Շաքար չպարունակող աղանդերներ

Ներկայում կարելի է գտնել մեծ քանակությամբ շաքար չպարունակող քաղցրավենիք, որոնք, սակայն, քաղցրացված են շաքարի փոխարինիչներով: Նման մթերքը կարող է շատ անհրաժեշտ լինել շաքարային դիաբետի դեպքում, սակայն մասնագետները նախազգուշացնում են, որ ոչ բոլորի օրգանիզմն է նորմալ յուրացնում շաքարի փոխարինիչները: Նման դեպքերում մարսողական համակարգն այս նյութերի առկայությանն արձագանքում է գազերի կուտակմամբ, փորափքանքով ու տհաճ զգացողություններով:

Թարմ քամած հյութեր

Նման հյութերը պարունակում են մեծ քանակությամբ վիտամիններ, սակայն դրանք կարող են վնասակար լինել ստամոքսի համար: Առաջին հերթին հարկ է հիշել, որ նման հյութերը չի կարելի խմել դատարկ ստամոքսին: Բացի այդ, մասնագետները նախազգուշացնում են, որ թարմ հյութերը հարկավոր է խմել միայն ուտելուց 30-40 րոպե առաջ և միայն ջրով խառնած: Ավելին՝ ստամոքսի բարձր թթվայնության դեպքում այս ըմպելիքները հարկավոր է խմել ուտելուց 1,5 ժամ առաջ: Սննդաբանների խոսքով՝ այս պարզ կանոններին չհետևելը կործանարար կլինի աղեստամոքսային տրակտի նուրբ լորձաթաղանթի համար:

Բացի այդ, մրգային հյութերը զուրկ են լինում աղեստամոքսային տրակտի համար շատ կարևոր մանրաթելերից, ինչը ոչ միայն չի նպաստում աղիների բակտերիալ ֆլորայի առողջացմանը, այլև կտրուկ բարձրացնում է արյան մեջ գլյուկոզայի մակարդակը:

Մաստակ

Ուտելուց անմիջապես հետո մաստակ ծամելը կարող է շատ առողջարար լինել, քանի որ մաքրում է ատամները սննդի մնացորդներից և ակտիվացնում է մարսողությունը, սակայն ոչ մի դեպքում չի կարելի այն երկար ծամել: Բանն այն է, որ մաստակ ծամելու ընթացքում մարդը մեծ քանակությամբ օդ է կուլ տալիս, ինչը կարող է բավական տհաճ ախտանշանների առաջացման պատճառ դառնալ:

Չորամրգրեր

Գիտնականների խոսքով՝ չրերը հաճախ պատրաստվում են ծծմբի երկօքսիդի և հիդրոգենիզացված ճարպերի կիրառմամբ, քանի որ դրանք նպաստում են չրերի արտաքին տեսքի բարելավմանն ու պահպանման ժամկետի երկարացմանը, սակայն այս տարրերը կարող են նաև ստամոքսի հետ կապված խնդիրներ առաջացնել: Նման խնդիրներից խուսափելու համար մասնագետները հորդորում են ինքնուրույն պատրաստել չրերը, սակայն անգամ այս դեպքում դրանք չի կարելի չարաշահել, քանի որ ավելի քան ¼ բաժակ չիր ուտելը կարող է հանգեցնել աղիներում գազերի կուտակման ու փորափքանքի զարգացման:

Նյութի աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика