Վտանգավոր վարակներից պաշտպանվելու համար մասնագետները խորհուրդ են տալիս պատվաստումներ անել, սակայն այդ պատվաստումներից բացի հարկավոր է հետևել նաև որոշ կանոնների, որոնք կօգնեն խուսափել գրիպից ու մրսածությունից: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի քանի սովորություն, որոնք կտրուկ բարձրացնում են մրսածությամբ ու գրիպով վարակվելու հավանականությունը:
Ձեռքերը չլվանալու սովորություն
Օրվա ընթացքում մարդը դիպչում է տարբեր կեղտոտ մակերևույթներին, ինչը կարող է շատ վտանգավոր լինել, ուստի բժիշկները խորհուրդ են տալիս հնարավորինս հաճախ լվանալ ձեռքերը: Սա վարակի հարուցիչից ազատվելու ամենապարզ միջոցն է:
Իրերը չմաքրելու սովորություն
Մարդու անձնական իրերն օրվա ընթացքում նույնպես դիպչում են տարբեր մակերևույթներին, ուստի կարող են վերածվել ախտածին միկրոօրգանիզմները տարածման աղբյուրի: Սա է պատճառը, որ մասնագետները հորդորում են հաճախ սրբել անձնական իրերն օճառի լուծույթով թրջված նուրբ կտորով կամ հակաբակտերիալ անձեռոցիկներով:
Ատամի խոզանակը բաց վիճակում պահելու սովորություն
Ատամի խոզանակները հարկավոր է պահել հատուկ պատյաններով, քանի որ բաց վիճակում պահելու դեպքում դրանց վրա տարբեր վիրուսներ ու բակտերիաներ են հայտնվում, որոնք կարող են հետագայում լուրջ խնդիրներ առաջացնել:
Աշխատանքային տարածքում ճաշելու սովորություն
Աշխատանքային սեղանի մոտ ճաշելն ամենավատ սովորություններից է: Հետազոտությունները ցույց են տվել, որ աշխատասեղանի մակերևույթին մեծ քանակությամբ մանրէներ են կուտակվում, որոնք կարող են լուրջ վնաս հասցնել օրգանիզմին: Եթե չի ստացվում չճաշել աշխատասեղանի մոտ, ապա հարկավոր է անպայման հակաբակտերիալ անձեռոցիկով ախտահանել տարածքը:
Հեռախոսը լոգասենյակում օգտագործելու սովորություն
Լոգասենյակում կան բազմաթիվ վտանգավոր մանրէներ, որոնք կարող են հայտնվել գաջեթի վրա՝ առաջացնելով առողջական լուրջ խնդիրներ:
Անկողնային սպիտակեղենը հազվադեպ փոխելու սովորություն
Անկողնային սպիտակեղենը հարկավոր է փոխել առավելագույնը երկու շաբաթը մեկ, սակայն տարվա ցուրտ եղանակին, երբ վարակվելու հավանականությունը շատ ավելի բարձր է լինում, հարկավոր է էլ ավելի զգոն լինել ու ավելի հաճախ փոխել սպիտակեղենը: Բանն այն է, որ ոչ թարմ սպիտակեղենը հիանալի միջավայր է մանրեների ու վիրուսների բազմացման համար, ուստի չվարակվելու համար հարկավոր է հետևել սպիտակեղենի մաքրությանը:
Կաթնամթերք չօգտագործելու սովորությունը
Կանադացի գիտնականների հետազոտությունները ցույց են տվել, որ բնական յոգուրտում պարունակվող պրոբոտիկները կարող են արդյունավետ կանխարգելիչ միջոց լինել գրիպից ու շնչուղիների վարակներից պաշտպանվելու համար: Կաթնամթերքից հրաժարվելը թուլացնում է իմունային համակարգը՝ դրանով իսկ նպաստելով վարակի տարածմանը:
Նյութի աղբյուր