«Հայաստանցիներն այս ամռան հանգստի համար առավել շատ փաթեթներ են ամրագրել Եգիպտոս, Հունաստան, ինչպես նաև Վրաստան, Արաբական Միացյալ Էմիրություններ ուղղություններով»,- հայտնում են տուրիստական ընկերություններից և ՀՀ զբոսաշրջության պետական կոմիտեից:
Համեմատաբար մի փոքր թանկ են հանգստի տարբերակները դեպի Իսպանիա, Պորտուգալիա, Թաիլանդ, Շրի Լանկա, Բալի կամ Մալդիվներ: Եգիպտոսում տուրերի գինը կազմում է մոտավորապես 480 ԱՄՆ դոլար՝ մեկ անձի համար, 8 օր Շարժայում` սկսած 570 ԱՄՆ դոլարից, իսկ Դուբայը՝ սկսած 590 ԱՄՆ դոլարից:
Մեր քաղաքացիներից հետաքրքրվեցինք՝ ո՞րն է օտար երկրներին նախապատվությունը տալու պատճառը, որքա՞ն գումար է պետք ամառային արձակուրդներին հանգստանալու համար: Մեծ մասը պատասխանեց, որ հանգստի դեռ չի մեկնում, որովհետև գումար չի հասցրել տնտեսել, մի մասն ասաց, որ նախընտրում է գնալ գյուղ՝ հարազատներից մեկի տանը մի քանի օր անցկացնել:
Ուզում ես ընտանիքիդ հետ գնալ արտասահման, բայց տարիներով երազանք է մնում
«Պլանավորելը՝ պլանավորում ենք, ասա գնանք: Ուզում ես ընտանիքիդ հետ գնալ արտասահման, բայց տարիներով երազանք է մնում: Ինչքա՞ն գումար պետք է աշխատես, որ կոմունալները տաս, տուն պահես, մեկ-մեկ բժշկի գնաս ու հլը հանգստանալն էլ չմոռանաս:
Միշտ մտքներիս ա, էլի, կարող ա մի օր էլ դա իրականանա: Հիմնականում զբոսաշրջիկների եմ այս 15 օրը տեղափոխել, գնում են Ծաղկաձոր, Աղվերան, Սևան, Դիլիջան, Հանքավան: Իրենց համար մատչելի է, չնայած դժգոհողներ կան, ասում են՝ թանկ է, բայց գոնե մի քանի օր կարողանում են հանգստանալ, մենք մեկ օրվա հնարավորություն էլ չունենք»,- ասաց տաքսու վարորդներից մեկը:
Անցած տարի գնացինք Աղվերան՝ փախանք
«Հայաստանում տուր-փաթեթները, հյուրանոցները թանկ են: Ո՞վ է տեսել՝ մեկ անձը մեկ օրվա համար վճարի 20.000 դրամից սկսած, տվածներն էլ՝ նախաճաշ: Անցած տարի գնացինք Աղվերան՝ փախանք: Հյուրանոցում երկտեղանոց համարը մեկ օրվա համար 40.000 դրամ էր: Մի վերմակ-դոշակի, մեկ բաժակ թեյի, մի ձվի, պանիր ու կարագի համար 40.000 են ուզում:
Դա անխղճություն է ուղղակի: Կային ընտանեկան համարներ, որ 70.000 դրամ էին պահանջում մեկ օրվա համար: Խնդրեմ ձեզ հանգիստ: Տալիս էին նախաճաշ, ընթրիք, կար փակ լողավազան, սեղանի թենիս, խաղահրապարակ: Տենց ա՝ հելնենք քաղաք, այգում նստենք անվճար, էլի… մի մաքուր օդ ենք ուզում շնչենք՝ քթներիցս են բերում: Անգամ հանգստանալուց պետք ա սթրես ապրենք, առանց դրա չի լինի: Փոխանակ հանգստանանք՝ անհանգստանում ենք»,- սրտնեղեց մյուսը:
Ընդամենը 37000 դրամով փախչում ես Երևանի շոգից և 4 օրով հայտնվում ես Սև ծովի ափին
«Հայաստանում ավելի թանկ է հանգիստը, քան հարևան Վրաստանում: Ընդամենը 37000 դրամով փախչում ես Երևանի շոգից և 4 օրով հայտնվում ես Սև ծովի ափին: Քծիբություն էլ չեն անում, երկուանգամյա սնունդ կա: Դե համեմատեք, էլի. քո երկրում, ասենք, 50.000 դրամին երևի 1.5 օր հանգստանաս, էն էլ՝ մենակ»,- նշեց քաղաքացիներից մեկը:
Ավելի լավ է մատչելի տարբերակ փնտրեմ իմ երկրում, քան գնամ Անթալիա ու թուրքին փող տամ
«Երևի այս տարի Արցախում հանգստանամ, ընկերս հողամաս ունի այնտեղ, ընտանիքով մի քանի օրով կգնանք: Ծանոթներիցս շատերը գնալու են Վրաստան, մի մասն էլ՝ Անթալիա: Բայց ավելի լավ է մատչելի տարբերակ փնտրեմ իմ երկրում, քան գնամ, ասենք, Անթալիա ու թուրքին փող տամ, ինձ համար բացառվում է դա»,- նկատեց մյուսը:
Անի Կարապետյան
168.am