Միջազգային երգի, պարի և մոդելային մրցույթներում Իրինա Թովմասյանի դուստրը Մեգին Գրան պրի է ստացել և 1-ին տեղը զբաղեցրել

«Միսս Հայաստան 2001» Իրինա Թովմասյանի ավագ դուստրը՝ 16-ամյա Մեգի Բարդիրյանը, մասնակցել է Օդեսայում անցկացվող «Ադաջիո» միջազգային մրցույթին, որը ներառում է երգի, պարի և մոդելային մրցույթներ և 3-ում էլ մրցանակի է արժանացել տարիքային իր խմբի պայքարում։

Tert.am Life-ի հետ զրույցում Իրինան ասաց, որ դուստրը երգի մրցույթում զբաղեցրել է առաջին հորիզոնականը, պարի և մոդելային մրցույթներում Գրան-պրի է ստացել:

«Պատրաստվելու ժամանակ շատ չէինք ունեցել, սակայն մասնակցությունը շատ հաջող ու արդյունավետ ստացվեց։ Նոր մրցույթների մասնակցելու մի շարք առաջարկներ ստացանք։ Մրցույթը 100-ից ավելի մասնակից ուներ 16 երկրից՝ այդ թվում՝ Իտալիայից, ԱՄՆ-ից, Շվեդիայից, Պորտուգալիայից, Ռուսաստանից, Ուկրաինայից։ Առաջին օրը վոկալի մրցույթն էր, որը բավականին բարդ էր»,- պատմեց մայրիկը, ով ամենից շատ հենց այդ օրն է անհանգստացել։

«Երգի մրցույթն առաջին օրն էր։ Ես շատ հուզված էի, որովհետև բավականին բարդ էր, մասնակիցները շատ ուժեղ էին, սակայն Մեգին զբաղեցրեց 1-ին տեղը։ Երկրորդ օրը մոդելային և պարային մրցույթներն էին։ Ի սկզբանե մենք վոկալային և մոդելային մրցույթներին մասնակցելու առաջարկ էինք ստացել։ Տեղում իմացանք, որ պարի մրցույթ էլ կա։ Երգի մրցույթից հետո մեծ միջոցառում էին կազմակերպել, որի ժամանակ տարբեր «բաթլ»-ներ եղան։ Մեգին ակտիվ մասնակցում էր ու այնքան լավ էր պարում, որ բոլորը հարցնում էին, թե ինչու չենք մասնակցում պարային մրցույթին։ Մեգին որոշեց, որ հանպատրաստից կմասնակցի մրցույթին։ Պարի համար երգն ընտրել ենք մրցույթից մեկ ժամ առաջ։ Մեգին իմպրովիզ ելույթ ունեցավ՝ պարելով լատինո և մոդեռն կատեգորիաներում։ Մեզ համար շատ անսպասելի էր պարի մրցույթում Գրան պրի ստանալը, սակայն ժյուրին շատ բարձր գնահատեց Մեգիին»,- պատմեց Իրինան։

Նա նշեց, որ պարի մրցույթի ժամանակ նույնիսկ չէր լարվում, քանի որ ոչինչ չէր ակնկալում։ «Քանի որ մասնակցությունը պլանավորված չէր, ուղղակի հաճույք եմ ստացել իր ելույթից ու մտածել՝ ինչ լինի, լինի,- ասաց Իրինան։

Մոդելային մրցույթի ժամանակ ևս Մեգին մրցութային տեղ է զբաղեցրել։ Նա ներկայացել է 3 կերպարով՝ երեկոյան զգեստով, սպորտային ու ազատ ոճերի հագուստներով։ «Այս մրցույթում ավելի շատ գնահատում էին մոդելային կեցվածքը։ Ես հանգիստ էի, քանի որ ինձ համար ակնհայտ էր իր փորձն ու տարբերությունը։ Քանի որ Մեգին այս ոլորտում փորձ ուներ, իր ելույթը շատ էր տարբերվում մյուսներից։ Մի աղջիկ էլ կար, որը, որը բավականին պատրաստված էր, սակայն առաջին մրցանակը Մեգին ստացավ»,- հպարտությամբ նշեց մայրիկը։

Իրինան նկատեց, որ վաղուց արդեն ոչ թե ինքն է իր երեխաներին պահում այս ոլորտում, այլ երեխաները՝ իրեն։ «Ես իմ երեխաներին երբեք չեմ պատկերացրել որպես իմ ճանապարհը շարունակող։ Ես իրենց չեմ պահում այս դաշտում, իրենք են ինձ պահում դաշտում, կարծես, ինձ բռնեն ու ասեն՝ փորձիր մեզ հետ չլինել։ Նրանց երբեք ոչինչ չես կարող ստիպել, իրենց բնույթով են այնպիսին, որ սիրում են այս ոլորտը։ Որ պահին իրենք չուզեն լինել այս դաշտում, կդադարենք լինել ոլորտում»,- ասաց նա։

աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика