«Արտադրում են մի ապրանքատեսակ, որը թթվասեր չէ, բայց նմանակել են թթվասերին: Մեկը անունը դրել է «Սինյորա Ֆլորա», մյուսը՝ «Արարատյան», մեկ ուրիշն էլ՝ «Էջմիածին», բայց դրանց պարունակությունը բացարձակ կապ չունի թթվասերի հետ:
Տուփն էլ մակնշումներով նմանակում է թթվասերին, միայն տուփի վրա մանր տառերով գրված է՝ կաթնայուղի փոխարեն բուսական յուղ է պարունակում». հուլիսի 31-ին լրագրողների հանդիպմանը հայտարարեց Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի մոնիթորինգի բաժնի ղեկավար Ռուբեն Հայթյանը՝ խոսելով տնտեսվարողների կողմից սպառողներին մոլորեցնող քայլերի մասին:
Սպառողների շահերի պաշտպանը պնդեց, որ այստեղ անելիք ունեն իրավասու ատյանները: Նրանք պետք է տնտեսվարողներին ստիպեն վերացնել նմանատիպ մանր խորամանկությունները և իրենց արտադրանքը լցնել միմյանցից տարբերվող տարաների մեջ, այնպես, ինչպես յոգուրտն է տարբերվում թթվասերից:
Նրա գնահատմամբ՝ առավել վտանգավոր են այսպես կոչված լցնովի պաղպաղակները: Դրանց մեջ օգտակար բաղադրիչներ չկան. հիմնականում ջուր է, ասպարտամ կամ շաքարափոշի: Դրանք վաճառողները պետք է հավաստագիր ունենան:
Ինքը որպես քաղաքացի Աբովյան փողոցի սրճարաններից մեկում, Կոմիտաս-Վաղարշյան խաչմերուկում վաճառվող պաղպաղակի վաճառակետում հավաստագիր է պահանջել, սակայն այն իրեն չի ներկայացվել: Ինչ վերաբերում է պաղպաղակից թունավորման դեպքերին, ապա դրանք գրեթե չեն հանդիպում, որովհետև պաղպաղակը պահպանվում է գերսառեցնող ջերմաստիճանային պայմաններում, երբ բոլոր մանրէները ոչնչանում են: Ռ.Հայթյանը սպառողներին կոչ արեց աչալուրջ ու պահանջանտեր լինել: