Մարտի 8-ին կանայք են տղամարդկանց թատրոն ու կինոթատրոն հրավիրելու Երեւանի քաղաքապետարանը գնել է բոլոր տոմսերը

Երեւանում մարտի 8-ի մշակութային միջոցառումներին ներկա գտնվելու համար տղամարդիկ չեն կարողանա տոմսեր ձեռք բերել, քանի որ դրանք արդեն սպառված են: Քաղաքապետարանը նախապես բոլոր տոմսերը գնել է՝ նվիրելու համար:Կանանց ու աղջիկների համար նվեր-հրավիրատոմսերը նախատեսված են մայրաքաղաքի բոլոր թատրոններ, Մոսկվա կինոթատրոն, Օպերային թատրոն եւ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տուն այցելելու համար: Իսկ մշակութասեր տղամարդկանց մնում է հուսալ, որ կանայք այդ օրը կհրավիրեն նաեւ իրենց:

Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի եւ տուրիզմի վարչության պետ Գոշ Սարգսյանը «Հայկական ժամանակին» հայտնեց, որ քաղաքապետարանը շուրջ 6 հազար տոմս է գնել Երեւանի գրեթե բոլոր մշակութային օջախներից: Թե որքան գումար է հատկացվել հրավիրատոմսերի ձեռք բերման համար, նա նշեց, որ այս պահին հստակ թիվ չի կարող ասել, քանի որ պայմանագրերը նոր են կնքվում:

Եթե այդ օրը մայրաքաղաքում լինեն մարզերից ու այլ քաղաքներից եկած կանայք եւ աղջիկներ, նրանք եւս կկարողանան քաղաքապետարանի նվերից օգտվել, սակայն տոմսերը, իհարկե, սահմանափակ են: «Խոսքը Երեւան քաղաքի գրեթե բոլոր հաստատությունների մասին է, տոմսերի քանակն այդքան է, թիվը մենք չենք որոշել, ավելին խոստանալ կամ անել չենք կարող»,- ասաց Գոշ Սարգսյանը:

Փետրվարի 27-ից սկսած՝ հրավիրատոմսերն առկա կլինեն երեւանյան բոլոր թատրոնների, այդ թվում՝ «Մոսկվա» կինոթատրոնի, Օպերային թատրոնի եւ Կամերային երժշտության տան տոմսարկղերում: Իգական սեռի յուրաքանչյուր ներկայացուցիչ կստանա մեկ հրավիրատոմս՝ նախատեսված երկու անձի համար:Սռաջարկվող 15-ից ավելի ֆիլմերի, ներկայացումների եւ համերգների անվանումներն ու վերնագրերը շուտով կհրապարակվեն նաեւ Երեւանի քաղաքապետարանի կայքում:

Այն քաղաքացիների համար, որոնք չեն կարողանա հրավիրատոմսեր ձեռք բերել դրանց սահմանափակ լինելու պատճառով, Երեւանի քաղաքապետարանն այլընտրանք չի առաջարկում: Մարտի 8-ին մայրաքաղաքում տոնական որեւէ միջոցառում քաղաքապետարանը չի իրականացնելու: Գոշ Սարգսյանը հայտնեց, որ այս տարի նվեր հրավիրատոմսերից բացի, այլ բան չեն նախատեսել:

Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика