Մարտի 1-ի գործով նոր ձերբակալված անձ կա. վերջինս կասկածվում է Զաքար Հովհաննիսյանին դիտավորությամբ կյանքից զրկելու համար: Այս առնչությամբ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես նշվում է.
«2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում 04.06.2019 թվականին ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանք կատարելու` հրազենի գործադրմամբ Զաքար Հովհաննիսյանին դիտավորությամբ կյանքից զրկելու կասկածանքով ձերբակալվել է 2008 թվականի մարտի 1-ի դրությամբ ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալի, նույն ինքը շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած Գեղամ Պետրոսյանը:
Նախաքննությունը շարունակվում է»: Հիշեցնենք, որ Զաքար Հովհաննիսյանը Մարտի 1-ին Մաշտոցի պողոտայի շուկայի դիմաց որովայնի շրջանում ստացել էր հրազենային վնասվածք, տեղափոխվել Երեւանի թիվ 3 կլինիկական հիվանդանոց, որտեղ էլ մահացել էր: Համաձայն դատաբժշկական եզրակացության՝ «Զաքար Հովհաննիսյանի դիակի վրա հայտնաբերվել է հրազենային մուտքի վնասվածք՝ որովայնի առաջային մակերեսին: Մահվան պատճառ է հանդիսացել վնասվածքի հետևանքով առաջացած արյան սուր կորուստը»: Ավելի ստույգ` նրա մահվան պատճառ է դարձել գնդակը` արձակված 9 մմ տրամաչափի ատրճանակից (որը տրամադրվում է պետական կառույցներին):