«Հարգելի ներկա իշխանություն: Ապահովե՛ք Մարտի 1-ի գործով վկաների անվտանգությունը (մասնավորապես՝ Շերիֆի): Ջահել եք, Ռոբերտ Քոչարյանին չեք ճանաչում»,- Հայկ Հարությունյանի սպանությանը կամ ինքնասպանությանը հաջորդող ժամերին գրել է մեր գործընկերը՝ «Առավոտի» գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը, ու անկեղծ լինեմ՝ սա օրվա ամենադիպուկ արձագանքն էր տեղի ունեցածին։
Սովորաբար ահաբեկչությունների կազմակերպիչները հետաքրքիր օրինաչափությամբ դա զուգակցում են տեղեկատվական ահաբեկչության հետ։ Այսօր առավոտյան նոր-նոր էր տեղեկատվություն հայտնվել Հայկ Հարությունյանի մահվան մասին, երբ նախկին համակարգի հետ սերտորեն ասոցացվող կայքերից մեկը գրեց, թե իր տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել վկաների ներկայությամբ:
Հայկ Հարությունյանը ներկաներին իբրև թե ասել է. «Գլխավոր դատախազն ու Սասուն Խաչատրյանը կյանքս կերան էս մի քանի ամիս է, ինձ պարտադրում են սուտ ցուցմունք տալ Ռոբերտ Քոչարյանի և Գեղամ Պետրոսյանի դեմ, ախր նրանք մեղավոր չեն»։ Իհարկե, քննչական մարմինը շտապեց հերքել այս անհեթեթությունը, սակայն, փաստորեն, ակամայից պարզեցինք, թե քաղաքական որ շրջանակներն են շահագրգռված, որպեսզի սպանության կամ ինքնասպանության բացահայտումն ընթանա կեղծ հետքերով։
Իրականում բոլորս ենք հասկանում, որ տեղի է ունեցել զազրելի հանցագործություն, որի ձեռագիրը հիշեցնում է ոչ վաղ անցյալը, երբ երկրի վրա իշխում էր Ռոբերտ Քոչարյանի արյունոտ տասնամյակը։
«Ինքնասպանությունների» ձեռագիրը հայտնի է դեռ 1999-ից, երբ Ռոբերտ Քոչարյանի իշխանությունը բոլորիս «հավատացրեց», թե գեներալ Արծրուն Մարգարյանը կրկնակի ինքնասպանություն է գործել։ Վկաներ «մաքրելու» նախադեպն էլ ունենք, երբ Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին հետևողականորեն կյանքին հրաժեշտ տվեցին Հոկտեմբերի 27-ի գործով անցնող կարևոր վկաները։
Հիմա իրավունք չունե՞մ մտածելու, որ քոչարյանական հին ձեռագրով ոչնչացվել է Մարտի 1-ի գործով առանցքային վկա Հայկ Հարությունյանը։ Իհարկե, ունեմ, մանավանդ որ փաստացի, հայաստանյան երեք առանցքային նախկին պաշտոնյաներից երկուսը, որոնց ցուցմունքները դատարանում կարևոր էին լինելու Մարտի 1-ի գործողությունների ու դրանց համակարգման հետ Քոչարյանի ուղիղ կապն ապացուցելիս, այլևս չկան։ Խոսքը Հայկ Հարությունյանի ու Գորիկ Հարությունյանի մասին է, Միքայել Հարությունյանն էլ ճողոպրած է ու Աստված գիտի, թե նրան ինչ ճակատագիր է սպասում Ռուսաստանում։
Ռուսաստանում է նաև Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը, սակայն Հայաստանում է նրան ապօրինի ցուցումներ տված Աղվան Հովսեփյանը ու, թերևս, հենց նա կարող է հայտնվել Մարտի 1-ի հետքերը մաքրել պատրաստվող հայտնի ամբաստանյալի հերթական զոհի կարգավիճակում։
Սա վարկած է, որը չենք պնդում, սակայն խիստ արժանահավատ ենք համարում ու լավ կլիներ, որպեսզի հետևություններ աներ նաև Արթուր Վանեցյանը։ Ինֆորմացիայի այն պաշարով, որին տիրապետում է ԱԱԾ նախկին տնօրենը, նա իսկական թիրախ է մեր արտաքին թշնամիների կամ նրանց մոտ «զինվորագրված» «հինգերորդ շարասյան» համար։