Կապտուկները բավական անվնաս համարվող վնասվածքներ են, որոնք ծանոթ են յուրաքանչյուրին: Սովորաբար դրանց առաջացման պատճառ են հանդիսանում հարվածներն ու մազանոթների վնասվածքները, ուստի մարդիկ առանձնապես լուրջ ուշադրություն չեն դարձնում դրանց, սակայն լինում են դեպքեր, երբ կապտուկները հուշում են մահացու խնդիրների մասին:
Մասնագետներն առանձնացրել են կապտուկների չորս տեսակ, որոնք անտեսելը կարող է ճակատագրական լինել:
Կապտուկներ գլխի հատվածում
Սովորաբար կապտուկներից օրգանիզմն ազատվում է ինքնուրույն, սակայն եթե վնասվածքը բավական լուրջ է և կապտուկը չի «ներծծվում» ժամանակի ընթացքում, ապա մեծ է առողջական լուրջ խնդրի հավանականությունը: Հատկապես վտանգավոր են գլխի հատվածի կապտուկները, որոնք կարող են անգամ մահացու լինել: Այս կապտուկները կարող են հանգեցնել գլխուղեղի սեղմվածության կամ վնասվածքի, ուստի նման խնդրի դեպքում հարկավոր է անհապաղ դիմել բժշկին:
Քաղցկեղի զարգացման բարձր հավանականության հետ կապված կապտուկներ
Բժիշկները նշում են, որ վնասվածքի հետևանքով տղամարդկանց մոտ սեռական օրգանների հատվածում, իսկ կանանց մոտ կրծքի հատվածում առաջացած կապտուկները կարող են կապված լինել չարորակ ուռուցքների զարգացման հետ, ուստի նման դեպքերում հարկավոր է անհապաղ դիմել մասնագետին:
Կապտուկներ ու թրոմբներ
Կապտուկների առաջացման հատվածում անոթները կարող են խցանվել ու առաջանալ թրոմբներ: Արյան այս մակարդուկները շատ վտանգավոր են և կարող են անգամ մահացու լինել: Դրանք առաջանում են արյունատար անոթների լուսանցքում կամ սրտամկանի խոռոչում և կարող են դառնալ սրտամկանի ինֆարկտի, գլխուղեղի կաթվածի ու սրտի նոպայի պատճառ: Առավել հաճախ թրոմբների առաջացումը կապված է լինում արյան բաղադրության փոփոխության հետ, ինչը սովորաբար նկատվում է 35 տարեկանից հետո:
Առանց որևէ պատճառի առաջացած կապտուկներ
Նման կապտուկների զարգացման դեպքում մասնագետները խորհուրդ են տալիս առանձնահատուկ զգոն լինել: Բժիշկների խոսքով՝ առանց որևէ պատճառի առաջացած կապտուկները կարող են վկայել արյան մեջ թրոմբոցիտների պակասի մասին, իսկ այս թրոմբոցիտների դեֆիցիտը սովորաբար ասոցացվում է օնկոլոգիական հիվանդությունների զարգացման հետ: