Մասնագետները ներկայացրել են 5 պարզ միջոց մահացու կորոնավիրուսից պաշտպանվելու համար

Վերջին շրջանում ամբողջ աշխարհում մարդիկ խուճապի են մատնվել սրընթաց տարածվող մահացու կորոնավիրուսի պատճառով, ուստի լարվածությունը թուլացնելու նպատակով մասնագետները ներկայացրել են նոր վիրուսից պաշտպանվելու և վարակման հավանականությունը նվազեցնելու լավագույն միջոցները:

Հաճախ լվանալ ձեռքերը Ինչպես գրում է The Health Site-ը, COVID-19 կորոնավիրուսից և առհասարակ բազմաթիվ հիվանդություններից պաշտպանվելու լավագույն միջոցներից մեկը ձեռքերը հաճախ լվանալն է: Մասնագետները խորհուրդ են տալիս օճառով ու գոլ ջրով լվանալ ձեռքերը, հատկապես՝ հասարակական վայրերում գտնվելուց հետո: Այս պարզ պրոցեդուրան կօգնի զգալիորեն նվազեցնել վիրուսի փոխանցման հավանականությունը:

Խուսափել խիստ մարդաշատ վայրերից Մարդիկ չեն կարող բացարձակապես խուսափել այլ մարդկանց հետ շփումից, քանի որ ստիպված են աշխատանքի գնալ և օգտվել հասարակական տրանսպորտից, սակայն համաճարակների ժամանակ մասնագետները խորհուրդ են տալիս հնարավորինս խուսափել մարդկանց բազմությունից և մարդաշատ վայրերում գտնվել միայն խիստ անհրաժեշտության դեպքում

Կրել պաշտպանիչ ռեսպիրատորներ Բժշկական դիմակներն արդյունավետ են, եթե դրանք կրում են հիվանդները, քանի որ այդ դեպքում վիրուսն ավելի քիչ է տարածվում, մինչդեռ առողջ մարդկանց համար շատ ավելի արդյունավետ են պաշտպանիչ ռեսպիրատորները, որոնք ավելի կիպ են ամրացվում մաշկին և զտում են օդում գտնվող վնասակար մասնիկների շուրջ 99%-ը:

Ուտել լավ եփված միս Հում մսի գործածությունը բարձրացնում է վարակման հավանականությունը, ուստի մասնագետները հորդորում են բավական երկար ջերմային մշակման ենթարկել միսը մինչ այն սննդի մեջ օգտագործելը:

Օդափոխել տարածքը Սենյակի օդափոխությունը նույնպես կարող է շատ արդյունավետ լինել: Ընդ որում, սա շատ ավելի արդիական է գրասենյակների և մարդաշատ փակ տարածությունների դեպքում: Մասնագետները նշում են, որ լավ օդափոխությունը զգալիորեն նվազեցնում է վիրուսների փոխանցման հավանականությունը, ուստի հարկավոր է պարբերաբար օդափոխել սենյակները:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Tert.am-ը, Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վիրուսի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին: Համաճարակը բռնկվել է 11 մլն բնակչություն ունեցող Ուհան քաղաքում: Վերջին տվյալներով՝ Չինաստանում վարակվածների ընդհանուր թիվը գերազանցել է 63,8 հազարը, մահացել է 1380 մարդ, Չինաստանի սահմաններից դուրս վարակվել է 505 մարդ:

աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика