Կույր աղիքի որդանման ելունի բորբոքումը շատ վտանգավոր, սակայն բավական տարածված խնդիր է: Սա այն հիվանդություններից է որը կարող է դառնալ լուրջ բարդությունների պատճառ,սակայն խնդիրն այն է,որ մարդիկ հաճախ են շփոթում որդանման ելունի բորբոքումը որովայնախոռոչի այլ հիվանդությունների հետ:Նման բարդություններից խուսափելու համար մասնագետները ներկայացրել են այն հիմնական ախտանշանները,որոնցով կարող է դրսևորվել որդանման ելունի բորբոքումը:Մասնագետների խոսքով՝ կույր աղիքի որդանման ելունի բորբոքումը որովայնի խոռոչի ամենատարածված հիվանդությունն է, որի դեպքում հարկավոր է անհապաղ վիրահատական միջամտություն իրականացնել: Հիվանդության զարգացման պատճառները կարող են տարբեր լինել, այդ թվում՝որդանման ելունի խցանումը որի դեպքում աղիների բակտերիաները կուտակվում են և զարգանում է բորբոքային գործընթաց: Բացի այդ, որդանման ելունի բորբոքման պատճառ կարող են դառնալ նաև անոթային համակարգի հետ կապված խնդիրները, աղեստամոքսային տրակտի հիվանդությունները, վնասվածքներն ու վարակները:
Որդանման ելունի բորբոքմանը բնորոշ ամենաակնհայտ ախտանշանը որովայնի աջ հատվածի սուր ու մշտական ցավն է սակայն մասնագետները նախազգուշացնում են,որ այս հիվանդությունը կարող է դրսևորվել նաև որովանի կամ պորտի հատվածի ոչ շատ սուր ցավով:Բացի այդ,հիվանդության մասին կարող է հուշել նաև մարմնի ջերմաստիճանի բարձրացումը մինչև 38˚C փսխումն ու ախորժակի բացակայությունը:Վերոնշյալ ախտանշանների դեպքում հարկավոր է անհապաղ շտապօգնություն կանչել,քանի որ ինքնաբուժությունը կամ խնդիրն անուշադրության մատնելը կարող է շատ վտանգավոր լինել և կդժվարացնի հետագա ախտորոշման գործընթացը:Մասնագետների խոսքով այս հիվանդության դեպքում ժամանակին միջոցներ չձեռնարկելը և մասնագետին չդիմելը կարող է հանգեցնել որդանման ելունի պատի վնասման, ինչի հետևանքով դրա պարունակությունը կհայտնվի որովայնի խոռոչում: Սա կարող է շատ լուրջ խնդիր դառնալ և հանգեցնել պերիտոնիտի (որովայնամզի բորբոքում) զարգացման, ինչը կյանքի համար վտանգավոր խնդիր է: