Մանկական Եվրատեսիլ-ում հաղթելուց հետո ավելի ինքնավստահ դառնալու և Դեպի Եվրատեսիլ-ին մասնակցելու մասին պատմել է Վլադիմիր Արզումանյանը

Tert.am Life-ի իր ընթերցողներին հայտնել է, որ «Մանկական Եվրատեսիլ 2010»-ի հաղթող Վլադիմիր Արզումանյանն այս տարի մասնակցում է «Դեպի Եվրատեսիլ»-ին: Tert.am Life-ի հետ զրույցում Վլադիմիրը խոսել է տրամադրվածության, երգի ու ձեռք բերած ինքնավստահության մասին։

Նա նշեց, որ 2010-ի հաղթանակն իրեն ինքնավստահություն է տվել, սակայն ժամանակ ու ներքին համոզմունք էր պետք ուժերը նաև մեծերի «Եվրատեսիլում» փորձելու համար։ Տասը տարի առաջ նրան հաղթանակ է բերել «Մամա» երգը, այս անգամ նա կփորձի եվրատեսիլյան բեմ հասնել What’s Goin’ On Mama ստեղծագործությամբ։

«Մինչև «Մանկական Եվրատեսիլ»-ում հաղթանակը ու արդեն դրանից հետո միշտ մտածում էի, որ մասնակցելու եմ նաև մեծերի «Եվրատեսիլ»-ին։ Դա ինձ համար նպատակ էր, որը պետք է իրականացնեի, երբ զգայի, որ ներքուստ պատրաստ եմ։ Նախորդ տարիներին ծառայության մեջ էի, սակայն եթե անգամ մասնակցելու հնարավորություն լիներ, չէի մասնակցի։ Մրցույթին մասնակցելիս ներքին զգացողություն է պետք, որ պատրաստ ես։ Ես գտնում եմ, որ հիմա է մասնակցելու ճիշտ ժամանակը․ ներքին ձայնն ինձ ասում է՝ վստահ եղիր քո ուժերին, միայն առաջ»,-ասաց Վլադիմիրը։

Երգիչը ժպիտով նշեց, որ մյուս մասնակիցների երգերին ծանոթ չէ և շանսերը գնահատել չի կարող։ Ըստ Վլադիմիրի՝ ամենակարևորն այն աշխատանքն է, որը ինքն իր ու իր ստեղծագործության վրա է տանում․ «Չգիտեմ՝ առավելություն ունե՞մ, թե՞ ոչ: Սակայն վստահ եմ, որ լավ գործ ենք ներկայացնելու: Կարևորն այն գործն է, որը ներկայացնում ես։ Իհարկե, առավելություն է, որ ես, «Մանկական Եվրատեսիլ»-ում հաղթանակ ունենալով, մասնակցում եմ այս նախագծին, սակայն աշխատանքն առաջնայինն է»։

Ըստ երգչի՝ իրեն վստահություն է տվել 2010 թվականի հաղթանակը․ ««Մանկական Եվրատեսիլ»-ում հաղթանակն ինձ ոչ միայն առանձին մրցույթների, այլև ամբողջ կյանքի կտրվածքով է ինքնավստահություն տվել։ Ես ձեռք եմ բերել ներքին վստահություն, որ ես ուժեղ եմ, ես կարող եմ, ուղղակի պետք է աշխատել։ Իմ կյանքում հասկացել եմ, որ ամեն ինչին հասնում են միայն քրտնաջան աշխատանքի շնորհիվ։ Ես մեկ անգամ հաջողությամբ անցել եմ այն ճանապարհը, որը հիմա ենք գծում՝ մեկ անգամ էլ անցնելու համար։ Փորձում ենք երկրորդ անգամ անցնել ու հաջողել։ Այնքան էի աշխատել այդ հաղթանակի համար, այնքան դժվարություններ կային, որոնք հաղթահարել եմ մինչև այդ հաղթանակը։ Պետք է քեզ զրկես որոշ բաներից ցանկալի արդյունքին հասնելու համար։ Ես դա դեռ 10 տարի առաջ եմ հասկացել»։

Վլադիմիրի պրոդյուսերը Մարտին Միրզոյանն է։ Նրանք այս ընթացքում առանց ընդմիջման աշխատել են ու, ըստ երգչի, ստեղծել մի գործ, որով կարող է գրավել լսարանի համակրանքը․ «Երգս կոչվում է What’s Goin’ On Mama, սակայն իր թեմայով, բովանդակությամբ ոչ մի կապ չունի իմ «Մամա» ստեղծագործության հետ, որով հաղթեցի տարիներ առաջ»։

Խոսելով «Եվրատեսիլ»-ի ու «Մանկական Եվրատեսիլի» տարբերությունների մասին՝ Վլադիմիրն ասաց․ «Կարծում եմ, մեծերի «Եվրատեսիլ»-ն ավելի լուրջ է, ավելի կարևորություն են տալիս, լսարանն ավելի մեծ է։ Մյուս առումներով, ինձ թվում է, նույնն է։ «Եվրատեսիլ»-ում հաղթելու, մարդկանց սիրտը գրավելու համար շատ գործոններ կան։ Եթե կոնկրետ մի կետ լիներ, բոլորն այդ ուղղությամբ կաշխատեին։ Կառանձնացնեմ ինքնավստահությունը»։

Հեղինակ Զառա Ղազարյան։ Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика