«Միջադեպը չպետք է տեղի ունենար, բայց որոշ մարդկանց ձգտումները` հասնել իրենց նպատակին, ստեղծել ԱԺ-ում այդպիսի տեսարան, տեսանք, որ իրականացավ, ինչի համար ցավում եմ, ներողություն եմ խնդրում մեր հայրենակիցներից` որպես ԱԺ պատգամավոր և դատապարտում եղածը»,-Armdaily.am-ի հետ զրույցում, անդրադառնալով երեկ ԱԺ-ում տեղի ուենցած ծեծկռտուքին, ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը:
Դիտարկմանը, թե վարչապետն ասում է դա սադրանք է եղել, ինչու է իշխանությունը սադրանքներին տրվում, պատգամավորը նշեց. «Այո, մենք չպետք է տրվեինք, բայց մենք նույնպես մարդ ենք և կարող ենք սխալվել, տրվել սադրանքներին: Պետք է հաշվի առնել, որ մենք էլ ունենք համբերություն, երկու տարի մենք դիմացել ենք այս սադրանքներին, այս պահի դրությամբ եղել է, ինչ որ եղել է, վատ է, որ տեղի ուենցավ, բայց պետք է աշխատենք մեզ վրա, որպեսզի չտրվեք սադրանքների, քանի որ սադրիչները շարունակելու են իրենց չար գործը` սադրելով ՀՀ քաղաքացիներին և ՀՀ ժողովրդից ընտրված իշխանություններին»:
Անդրադառնալով Արտակ Մանուկյանի ու Վահե Ղալումյանի պահվածքին, Հակոբյանը նշեց, որ առանձին ոչ մեկի մասին ոչինչ չի ուզում ասել.«Նորից եմ կրկնում, մեր բոլորի կողմից է եղել սխալը: Բոլորը տեսան այդ սադրանքը, դա երեկ չի եղել, այլ սկսվել է վաղուց»: Հարցին` երեկվա միջադեպը կարող է ազդել «Իմ քայլի» վարկանիշի վրա, մտավախություններ կան, Հակոբյանը պատասխանեց.«Չեմ կարող ասել:Համենայնդեպս մեծ ազդեցություն չի ունենա, որովհետև մեր քաղաքացիներն իրենք էլ տեսան, թե ինչպես սադրեցին, չեմ կարծում, որ մեծ հաշվով ազդեցություն ունենա «Իմ քայլի» վարկանիշի վրա»:
Դիտարկմանը` քաղաքացիների ֆեյսբուքյան գրառումներն արդյոք տեսել է, իշխանական պատգամավորը նշեց, որ տեսել է և դրանք միակողմանի չեն.«Կան քննադատող , դատապարտող գրառումներ և կան նաև գրառումներ, որտեղ մարդիկ ասում են, որ վաղուց դա էին ուզում: Ես չեմ պաշտպանում այդ գրառումները, ես չեմ կիսում այն կարծիքները,որտեղ ասում են, թե լավ եք արել, քիչ եք արել, քանի որ դա չպետք է լիներ, բայց դա ակնհայտ սադրանք էր Էդմոն Մարուքյանի, Անի Սամսոնյանի կողմից»: