Ինչպես արդեն հայտնել ենք, ժամեր առաջ ձերբակալվել է ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանն՝ իր եղբորորդու հետ: Քիչ առաջ կայացավ Գագիկ Խաչատրյանի պաշտպանների հրատապ ճեպազրույցը լրագրողների հետ:
Պաշտպան Երեմ Սարգսյանը նշեց, որ Ծաղկաձորում գտնվող առանձնատանը խուզարկումներ են կատարվել, որոնց արդյունքում ոչ մի էական փաստաթուղթ կամ գումար չեն գտել: «Ընդամենը օրինական զենքեր են եղել, որոնք առգրավվել են, ընդհանուր այդքանը»,- նշել է նա:
Պաշտպանը նաև նշեց, որ գործարար Համլետ Ամիրխանյանի սնանկացման հետ ներկայացված մեղադրանքը կապ չունի: Կասկածանքը վերաբերում է ՊԵԿ նախագահի պաշտոնավարման ժամանակահատվածում ՊԵԿ-ում կատարված գործողություններին:
Ըստ մեղադրանքի՝ ինչ-որ աշխատակիցներ գործի չեն հաճախել, բայց աշխատավարձ են ստացել: Պաշտպանական կողմը պատրաստվում է բողոքարկել ձերբակալման որոշումը: