Հովհաննես Դավթյանը՝ երկու տարի հարցազրույցներ չտալու պատճառի, նոր սիթքոմում նկարահանվելու և հայկակ. «Ճիշտ ժամանակին կտրվեցի հեռուստատեսությունից»․ան ներկայիս հումորային դաշտի մասին

Դերասան, հումորիստ Հովհաննես Դավթյանը իր լսարանին է ներկայանալու միանգամից մի քանի նորություններով։ Հարցազրույցների մոտ երկու տարի դադարը դերասանը մեկնաբանում է՝ նորություններ չկային։ Ներկայումս կա ոչ թե նորություն, այլ նորություններ, որոնիցից առաջինը հասանելի կլինի սեպտեմբերի 14-ից։ Դերասանը «ՀայLevel» սիթքոմի առաջին մանրամասները վստահել է Tert.am Life-ին, և մեզ հետ զրուցել նաև հարցազրույցների դադարի, հայկական ներկայիս հումորի, հեռուստատեսություն վերադառնալ-չվերադառնալու և համացանցում լսարան հավքելու մասին։

«Մի օր հասկացա, որ հարցազրույցներիումս արդեն նույն բաներն եմ խոսում»

Դերասանը դեռ երկու տարի առաջ որոշել էր՝ կխոսի միայն այն ժամանակ, երբ կունենա նորություն։ «ՀայLevel»-ն այն նորությունն է, որի վրա դերասանն իր թիմով աշխատում է արդեն ամիսներ շարունակ։

«Ոչ թե օրինակ հատուկ ուշադրություն գրավելու կամ մեկ ուրիշ նպատակով էի հարցազրույցներից հրաժարվում, այլ ուղղակի մի օր հասկացա, որ հարցազրույցներումս արդեն նույն բաներն եմ խոսում։ Որոշեցի դադար տալ, որովհետև չկար նորություն, որի մասին կարելի էր խոսել, չկային նոր ասելիքներ։ Հիմա այդ նորությունն արդեն կա, իմ գործունեության մեջ կա հստակ փոփոխություն։ Խոսքը նոր սիթքոմի, նոր հաղորդաշարերի մասին է, որոնք հասանելի են լինելու համացանցային հարթակում։ Սոցցանցերի և Youtube-ի «Հովհաննես Դավթյան» էջերն արդեն դարձել են HD Production և տալու ենք հումորային արտադրանք՝ դա կլինի ֆիլմ, կլինի հաղորդաշար, սիթքոմ, սերիալ և այլն։ Մեր առաջիկա ամենամեծ նախագիծը «ՀայLevel» սիթքոմն է, որի աշխատանքաների վրա արդեն ամիսներ շարունակ չարչարվում ենք։ Իմ սկզբունքն է աշխատել, համագործակցել պրոֆեսիոնալ մարդկանց հետ։

Սիթքոմը հասանելի կլինի սեպտեմբերի 14-ից ամեն շաբաթ օր՝ մինչև Ամանոր։ Առաջին եթերաշրջանը բաղկացած է 16 մասից, որոնցից յուրաքանչյուրի տևողությունը մոտ 25 րոպե է լինելու։ Այն իր մեջ ներառում է երեք բաժին՝ պատմություններ, որոնք մեկը մյուսին հաջորդելու են ոչ թե մոնտաժային անցումներով, այլ այն ժանրով, որով ես սկսել եմ իմ գործունեությունը՝ «սթենդ ափ»-ային ոճով, փողոցում քայլելով ինչ-որ թեմաներից խոսելով։ Թե ինչ սյուժե ունի՝ փակագծերը չբացենք, ուղղակի ասեմ, որ դրանք արդի են, հետաքրքիր են։ Մեր հետևորդներն արդեն ոչ միայն իմ դեմքը կտեսնեն, այլև ճանաչված և սիրված շատ արտիստների»։

Դերասանն ասաց՝ սիթքոմում իհարկե կլինեն այն թեմաները, որոնց ինքը բազմիցս անդարդառնում է իր «սթենդ ափ»-երի շրջանակներում, հումորային հոլովակների ժամանակ։ Խոսքը կյանքի թերի երևույթնի մասին է, որոնց Հովհաննեսն առաջարկում է անցկացնել հումորի պրիզմայով։ «Ես պարբերաբար խոսում եմ հայերի առանձնահատկություններից, վատ կողմերից, որոնք, ցավոք սրտի, դարերով գալիս են և չեն շտկվում։ Սակայն մենք ոչ թե ծեծում ենք այդ թեման վատ կողմից, թե վայ չկա փրկություն, այլ դրան մոտենում ենք հոմորով, ուրիշ դիտակետից նայելով, լավ կողմերն առանձնացնելով, որ, այո՛, տխուր բաների վրա էլ կարելի է ծիծաղել, թեթև տանել։ Այսինքն կյանք է ու պետք չէ ամեն ինչ բարդացնել և ծանր տանել»։

«Համացանցը «կերավ» հեռուստատեսությանը»

Հովհաննեսն, ով համացանցում իր լսարանը սկսել է հավաքել հումորային փոքրիկ հոլովակներ նկարահանելով՝ ընգծեց՝ ինքը փոքր քայլերի կողմնակից է․ «Գործի մեջ իմ սկզբունքն է՝ եղածով չբավարարվել։ Ես միշտ սկսում եմ շատ փոքրից, հետո միջին, մեծ, ավելի մեծ։ Կարծում եմ՝ աստիճանաբար աճելը լավագույն բանն է, քանի որ եթե միանգամից մեծն ես վերցնում, ապա ռիսկերը մեծ են, գործը՝ ծանր ու հնարավոր է գցես ոտքիդ։ Պետք է սկսել մի բան, որի հետ կապված վստահ ես, որ կարող ես պատվով կատարել ու հաջողել»։

Դերասանը նկատեց՝ համացանցային հարթակում հայտնի դառնալը որքան հեշտ է, ապա կայուն լսարան հավաքելը՝ նույնքան բարդ։ «Համացանցում լսարան հավաքելն առանձնապես իմ ձեռքբերումը չէ, քանի որ դարն ու ժամանակներն ինքնին այդպիսին են։ Հիմա մի շրջան է, երբ համացանցը «կերավ» հեռուստատեսությանը, ինչպես տարիներ առաջ հեռուստատեսությունը ստվերեց ռադիոյին և այդպես շարունակ։ Ժամանակներն են փոխվում, և ես, վստահ եմ, որ համացանցին էլ հաղթող մի բան լինելու է՝ օրինակ ինֆորմացիան էլ ավելի արագ հասցնելու միջոց։ Ճիշտ ժամանակին՝ ճիշտ տեղում, հոտառությամբ հասկացա, թե որ կողմ է պետք թեքվել և ճիշտ ժամանակին ես կտրվեցի հեռուստատեսությունից՝ շատ լավ հարաբերություններ պահելով հեռուստատեսության անձնակազմի հետ, այն մարդկանց, որոնց հետ երկար տարիներ համագործակցել եմ։ Չեմ խզել կապերս, չեմ ընդհարվել, բայց հասկացել եմ, որ դա արդեն հին արվեստ է՝ համեմատած համացանցի հետ։ Ժամանակին զուգընթաց մենք համոզվում ենք, որ ճիշտ ուղղությամբ ենք գնում, որ չենք սխալվել»։

Եթե հեռուստատեսությունն ինքն իրենով կարող է դնել որոշ սահմանափակումներ, տանել գրաքննության ուղղությամբ, ապա համացանցը տալիս է ինքնաարտահայտվելու անսահմանություն։ Ըստ Հովհաննեսի, անկախ տրված ազատությանը, իր դեպքում գործում է ներքին գրաքննությունը։ «Ներքին գրաքննություն անպայման կա։ Ես՝ թատերական ինստիտուտն ավարտած, այդ ոլորտում հրաշալի դպրոց անցած մարդ եմ․ թատրոնում 15 տարի աշխատել եմ, մարդ եմ, ով շատ ֆիլմեր է դիտել ու գրքեր է կարդացել և ամենակարևորը՝ հայկական ավանդական մտածելակերպ ունեցող մարդկանց ընտանիքում է մեծացել, և այս բոլոր գործոնները միացնելով իրար՝ ես չեմ կարող օգտվել առիթից։ Ոչ՛, ես դրա իրավունքը չունեմ, որովհետև հստակ գիտեմ, որ մեզ կարող են նայել անչափահասներ, աղջիկներ, կանայք։ Չնայած սա այնքան տարիքի ու սեռի հետ կապված չէ, որքան ճաշակի և նախասիրության»։

Դերասանը նշեց՝ այս ազատության ֆոնին կա մեկ այլ տեսակի գրաքննություն։ Խոսքը համացանցային մեկնաբանությունների մասին է։ «Եթե հեռուստատեսությունում դու կարող ես անել մի բան, մեկին դուր չգա, և դու չիմանաս դրա մասին, ապա համացանցում բաց է՝ վատ բան արեցիր և թուք ու մուրը միանգամից գրելու են։ Կա մի սանդղակ, որից հաստատ պետք չէ իջնել։ Եվ հետո ես աշխատում եմ մի ռեժիսորի հետ, ով հեռուստատեսային բազմաթիվ նախագծերի ռեժիսոր է՝ ինքն էլ բանիմաց, կիրթ, քաջատեղյակ, ճաշակով մարդ է, ով իր մասով թույլ չի տա, որ չափից ավել որևէ բան լինի, նույնն էլ սցենարիստները։ Պրոֆեսիոնալ մարդիկ չեն կարող ասել, դե լավ՝ մեկ է դաշտն արդեն կեղտոտվել է, կարող ենք ինչ ուզել անել ու ասել։ Մենք ուզում ենք զերծ մնալ այդ ամենից։ Մենք կհամակերպվենք քիչ դիտումների հետ, բայց թող մեծամասնության կողմից դժգոհություններ չլինեն։ Թող գռեհիկ չլինի, եթե կա քաղաքականություն, ապա չափի մեջ, եթե հայտնի մարդկանցից որևէ մեկին էլ ակնարկում ենք, ապա մինչև այն նշաձողը, որտեղ իր ինքնասիրությանը չենք դիպչի»։

«Չեմ կարծում, որ հեռուստատեսութմաբ հանդես կգամ»

Հեռուստատեսություն վերադառնալու մասին Հովհաննեսն ասաց՝ երբեք մի ասա երբեք, բայց շարունակեց․ «Չեմ կարծում, որ հեռուստատեսությամբ հանդես կգամ։ Իհարկե չեմ բացառում, բայց չեմ էլ կարծում։ Իմ կյանքում դա մի փուլ էր, որը եղավ ու անցավ։ Թատրոնում ևս այդպես է՝ 15 տարի աշխատել եմ, խաղացանկային ներկայացումներում եմ զբաղվածություն ունեցել, ամեն տեսակի կերպարներ եմ խաղացել, բայց հիմա ես իմ անհատական ներկայացումներն եմ անում՝ նույն թատրոնում։ Նույնն էլ հեռուստատեսությունում է՝ երկար տարիներ նկարահանվել եմ տարբեր նախագծերում, բայց հիմա ուզում եմ ստեղծել մի բան, որը կլինի մերը։ Այսինքն ոչ թե ես գնամ, դառնամ մեկի աշխատողը, այլ ունենանք թիմ և բոլորով աշխատենք մեր նախագծերի վրա»։

Խոսելով դաշտում առկա ներկայիս հումորի մասին՝ դերասանն ասաց․ «Կասկած չկա, որ մենք՝ հայերս, հումորով ազգ ենք, բայց, ժամանակ առ ժամանակ, մեր հումորն էլ է «մխտռվում»։ Ներկայումս համացանցում հայտնի դառնալը բավականին հեշտ է․ մարդիկ կարող են մի հիմար բան անել, միլիոնավոր դիտումներ հավաքել, մինչդեռ այդ ընթացքում մենք պրոֆեսիոնալ, մի քանի տեսախցիկներով, գրիմով, բեմադրությամբ նկարահանումներ ենք անում ու այդքան դիտում չենք հավաքում։ Սա օրինակի համար եմ ասում, բայց նա կարող է այդ հիմարությունն անընդհատ անել և հավաքել միլիոնավոր դիտումներ։ Չեմ ասում, որ նրան հետևողները ևս հիմար են, որ հիմարություն են նայում, բայց, կոպիտ ասած, այդ տպավորությունն է լինում։ Սա ես ընդհանուր եմ ասում և չեմ ցանկանում որևէ մեկին վիրավորել։ Մեր հումորը հիմա տեղ-տեղ կեղտոտված է․ ով ինչ ուզում խոսում է, անում է՝ հեռուստատեսությունում կան նախագծեր, որոնք չափն անցնում են բոլոր առումներով։ Այսինքն տպավորություն է, թե ինչը ծիծաղեցնում է՝ մարդիկ դա անում են՝ առանց հետ նայելու և հաշվի առնելու, որ կա նշաձող, որը չի կարելի անցնել։ Բայց, արի ու տես, որ հեռուստատեսությանն էլ է ձեռք տալիս այդ դիտումները, վարկանիշը և այլն։ Սա իհարկե իրենց գործն է, և ես ուղղակի իմ կարծիքն եմ ասում։ Այս ամենի հետ մեկտեղ՝ կան շատ որակյալ նախագծեր, կատակերգական ժանրի հրաշալի արտիստներ»։

Դերասանը նկատեց՝ ծիծաղեցնելը երբեք հեշտ չէ, սակայն կան թեմաներ, որոնց շուրջ հումոր անելը՝ անհամեմատ ավելի հեշտ է․ «Ինչպես ամեն ինչ՝ այնպես էլ հումորը, ժամանակի հետ փոփոխական է։ Սա գալիս է այն բանից, որ փոխվում է ապրելակերպը, մտածելակերպը, աշխարհը, նորաձևությունը։ Բնականաբար 20 տարի առաջ, եթե հումոր անեին սիլիկոնե կրծքերի մասին՝ ոչ մեկ չէր ծիծաղի, որովհետև դա ո՛չ կար, ո՛չ էլ մեծամասամբ գիտեին, թե դա ինչ է։ Յուարքանչյուր ժամանակաշրջան իր հետ բերում է թեմաների արդիականություն, որոնց շուրջ էլ հումորներն արվում են։ Տարիներ առաջ էլ կար այդ ընտրության հնարավորությունը՝ մարդիկ ռուսական հեռուստաալիքներ էին նայում։ Ժամանակին կար «Եթեր» թերթ, որտեղ տարբեր ժամանցային նյութերի, խաչբառերի հետ մեկտեղ կային հեռուստաընկերությունների ծրագրերը՝ երկուշաբթիից կիրակի, թե ինչ հաղորդումներ են լինելու և որ ժամերին։ Սա շատ քաղցր հուշ է՝ ես նայում էի ինչն էր ինձ հետաքրքրում, որ ժամին է՝ մատիտով նշում էի, սպասում ու նայում»։

Եզրափակելով իր խոսքը՝ Հովհաննեսն ասաց․ «Մեր էջերով հասանելի է լինելու ոչ միայն «ՀայLevel» սիթքոմը, այլև դրան զուգահեռ՝ շաբաթվա ուրիշ օրերին, ունենալու ենք մի քանի նախագծեր՝ այդ թվում հումորային տարածված «prank» ասվածը, որն անում են երիտասարդները, ունենալու ենք «Գյուղից գյուղ» հաղորդում, որտեղ Ռուբեն Եսայանն ու Իրինա Այվազյանը իրար հետ գնալու են Հայաստանի տարբեր գյուղեր, ծանոթանալու են մարդկանց ապրելակերպին և այդ նախագծի միտքը նաև այն է, որ մարզերին ևս ընգրկենք, կունենանք մեկ տաղավարային ծրագիր, որը դեռևս սցենարային փուլում է»։

աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика