Գլխուղեղի քաղցկեղն ընդհանրացված տերմին է, որով բնութագրվում են գլխուղեղի տարբեր ուռուցքները: Չնայած, որ այդ ուռուցքները տարբերվում են միմյանցից, դրանց առկայության մասին վկայող ախտանշանները մեծ մասամբ շատ նման են լինում:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 7 ախտանշան, որոնք բնորոշ են գլխուղեղի քաղցկեղի տարբեր տեսակներին: Այս ախտանշանները կօգնեն հայտնաբերել հիվանդությունը վաղ փուլերում և ժամանակին միջոցներ ձեռնարկել՝ դրանից ազատվելու համար:
1. Գլխացավեր: Փորձը ցույց է տվել, որ գլխուղեղի քաղցկեղի դեպքում գլխացավերը մեծ մասամբ ի հայտ են գալիս կամ էլ ավելի են ուժեղանում գիշերվա երկրորդ կեսին կամ լուսադեմին մոտ: Բացի այդ, գլխացավերը կարող են անհանգստացնել նաև սթրեսների կամ ֆիզիկական ծանրաբեռնվածության դեպքում:
2. Գլխապտույտներ: Գլխապտույտները բավական լուրջ ախտանշան են, որոնք ոչ մի դեպքում չի կարելի անտեսել: Եթե գլխապտույտների առաջացման համար որևէ ակնհայտ պատճառ չկա, ապա հարկավոր է անպայման բուժզննում անցնել:
3. Սրտխառնոց ու փսխում: Փսխումը, որը պայմանավորված չէ սննդի ընդունմամբ, նույնպես լուրջ ախտանշան է, որը կարող է պայմանավորված լինել գլխուղեղի քաղցկեղով: Հատկապես վտանգավոր է լինում, երբ այս ախտանշանին նախորդում է սրտխառնոցը: Մեկ այլ վտանգավոր ախտանշան է նաև փսխումը, որն առաջանում է գլխի դիրքը փոխելու հետևանքով:
4. Քաշի կտրուկ կորուստ: Այս ախտանշանը բնորոշ է օնկոլոգիական հիվանդությունների բոլոր տեսակներին, ինչը պայմանավորված է նրանով, որ չարորակ նորագոյացությունները նպաստում են նյութափոխանակության խանգարմանը:
5. Տեսողության վատացում: Տեսողության վատացումն ու առավոտյան աչքերի առջև սև կետերի ի հայտ գալը նույնպես համարվում են գլխուղեղի քաղցկեղին բնորոշ ախտանշան: Նման խնդիրների դեպքում հարկավոր է անպայման դիմել մասնագետին և անհապաղ բուժզննում անցնել:
6. Մարմնի ջերմաստիճանի բարձրացում: Չարորակ բջիջներին բախվելու դեպքում մարդու իմունային համակարգը փորձում է պայքարել դրանց դեմ և պայքարի միջոցներից մեկն էլ լինում է մարմնի ջերմաստիճանի բարձրացումը:
7. Ջղաձգումներ: Էպիլեպտիկ նոպաներն ու ջղաձգումները շատ վտանգավոր ախտանշան են, որոնց առկայության դեպքում հարկավոր է անհապաղ դիմել բժշկին: Անգամ եթե դրանք պայմանավորված չեն գլխուղեղի քաղցկեղով, միևնույն է կարող են վկայել մեկ այլ վտանգավոր հիվանդության մասին: Հատկապես վտանգավոր է, եթե նոպան ի հայտ է գալիս 20 տարեկանից հետո և առանց որևէ պատճառի:
Նյութի աղբյուր