ՀՀ վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանի և Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանի հակամարտությունը շարունակվում է։

ՀՀ վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանի և Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանի հակամարտությունը շարունակվում է։ Ամեն ինչ սկսվեց այն բանից հետո, երբ վարչապետի խոսնակը հայտարարեց, որ Վենետիկի հանձնաժողովի նախագահը Փաշինյանին ուղղված նամակում պատրաստակամություն է հայտնել աջակցել Հայաստանում դատաիրավական համակարգի վճռական բարեփոխումներին եւ «վեթինգի» իրականացմանը:

Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում մեջբերել էր հատված Վենետիկի Հանձնաժողովի հայտարարությունից, ու հարցրել թե որտե՞ղ է Հանձնաժողովը պատրաստակամություն է հայտնել աջակցել վեթինգին։ «Ավելին, նամակի որոշակի հատվածներ, դիվանագիտական լեզվից թարգմանած, խիստ, շատ խիստ քննադատություն են նշանակում․․․․ Ակնհայտորեն փորձ է կատարվում սևը սպիտակ և քննադատությունը քաջալերում ներկայացնել»,-գրել էր Մելիքյանը։

Վլադիմիր Կարապետյանն արձագանքել էր այս գրառմանը՝ նշելով, որ ամեն ինչ սպասելի է այսօրվա «ընդդիմադիրներից»։ «Բայց այն, որ ԼՂ մարդու իրավունքների նախկին պաշտպանը կցուցաբերի իր բացահայտ իրավական մերկությունը, դա նորություն է նույնիսկ իմ՝ հանրապետական խունտայի օրոք գրեթե ամեն տեսակի մանիպուլյացիա տեսածիս համար»։ Կարապետյանը նշել էր, որ Ռուբեն Մելիքյանն իրեն մեղադրում է նրանում, որ, իբր վեթթինգի մասին Ջիաննի Բուքիքիոն չի խոսել ու մեջ է բերում նամակի մեկ այլ հատված։ «Կարելի է միայն պատկերացնել , թե նախկին ռեժիմի թալանչիկան բարքերին ու անցուդարձին սովոր մարդու իրավունքների վայ պաշտպանը ինչպե՞ս է կատարել իր պարտականությունները Արցախում»,-գրել էր Կարապետյանը։

«Ես չեմ ասում, որ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջաննի Բուքիքիոն ՀՀ վարչապետին ուղղված իր նամակում չի խոսել վեթինգի մասին, ես պնդել եմ, որ Հայաստանում վեթինգին աջակցելու պատրաստակամություն չի հայտնել և վերահաստատում եմ պնդումս»,-այս մասին Armdaily.am-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանի գրառմանը, թե «Ռուբեն Մելիքյանն ինձ մեղադրում է, որ, իբր վեթթինգի մասին Ջիաննի Բուքիքիոն չի խոսել ու մեջ է բերում նամակի մեկ այլ հատված։ Կարելի է միայն պատկերացնել , թե նախկին ռեժիմի թալանչիկան բարքերին ու անցուդարձին սովոր մարդու իրավունքների վայ պաշտպանը ինչպե՞ս է կատարել իր պարտականությունները Արցախում»։

Մելիքյանն ասաց, որ վեթինգի մասին նամակում իրոք խոսվում է, այն էլ երկու անգամ, բայց այլ համատեքստում. նախ՝ Բուքիքիոն ծանոթ է Փաշինյանի կոչերին իրականացնելու «նույնիսկ վեթինգ», ապա նաև՝ Վենետիկի հանձնաժողովը նախկինում ունեցել է փորձ աջակցելու «նույնիսկ վեթինգին»։ «Ավելին, այս երկու տեղերում վեթինգի մասին խոսելուց հետո Հայաստանին աջակցելու «պատրաստակամությանը» վերաբերող հատվածում «վեթինգին» աջակցելու ուղիղ հանձնառությունից ձեռնպահ մնալը շա՜տ խոսուն է»,-նշեց Մելիքյանը՝ ընդգծելով, որ վարչապետի մամուլի խոսնակը ոչ միայն իր հասցեին թույլ է տվել անպատեհ պիտակումներ, այլև նենգափոխել է թե՛ իր և թե՛ Մելիքյանի խոսքերը։
Նա նշեց, որ Կարապետյանը գրառման մեջ մեջբերելով իր խոսքերը. թե «Վենետիկի հանձնաժողովը օժանդակել է արդարադատության արմատական բարեփոխումներին և նույնիսկ վեթինգին»։ Մելիքյանն ընդգծեց, որ այո, հանձնաժողովը այլ երկրներում «նույնիսկ վեթինգին» աջակցել է։

«Մինչդեռ վարչապետի խոսնակը խոսում է ոչ թե այլ երկրներում Վենետիկի հանձնաժողովի փորձի, այլ Հայաստանին աջակցելու պատրաստակամության մասին. «Վենետիկի հանձնաժողովը պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանին՝ դատաիրավական համակարգի բարեփոխումների և «վեթթինգի» իրականացման հարցում»։ Հիմա ո՞վ է մանիպուլյացիա անում, պարոն Կարապետյան։ Ե՞ս, թե Դուք։ Նամակում իրոք տեղեկացվում է, որ նախկինում Վենետիկի հանձնաժողովն այլ երկրներում աջակցել է դատական բարեփոխումներին և «նույնիսկ վեթինգին»։ Բայց նամակի՝ Հայաստանին աջակցելու պատրաստակամությանը վերաբերող պարբերությունում «վեթինգ» բառը պարզապես բացակայում է։ Իսկ Դուք պնդում եք, որ պատրաստակամություն են հայտնել մեր երկրում աջակցել վեթինգին։ Ստու՞մ եք, սխալվե՞լ եք, թե՞ լրատվամիջոցն է Ձեր խոսքը սխալ ներկայացրել»,-ասաց Մելիքյանը։

Նա նաև նշեց, որ ԼՂ մարդու իրավունքների նախկին պաշտպանի աշխատանքից անմիջապես առաջ ինքը եղել է ՀՀ արդարադատության ակադեմիայի առաջին ռեկտոր, անձնական ներդրում է ունեցել ՀՀ դատական իշխանության բարեփոխման գործում, իրեն բարոյական իրավունք է վերապահում ակտիվորեն հակազդել դատական իշխանության նկատմամբ իշխող քաղաքական ուժի «անհեռանկար, անհեռատես քաղաքականությանը»։

Ինչ վերաբերում է Կարապետյանի՝ իրեն ընդդիմադիր որակելուն Մելիքյանը ընդգծեց, որ ինքը ընդդիմադիր չէ, որևէ կուսակցության անդամ չէ և երբևէ չի եղել։ Կոնկրետ խնդրո առարկա հարցում, այո՛, ես ընդդիմախոս եմ։ Պնդել եմ և շարունակում եմ պնդել, որ մայիսի 19-20-ի հակասահմանադրական գործողությունները պարզապես խայտառակություն էին մեր պետականության համար, որոնց դառը պտուղները դեռ երկար ենք ճաշակելու, իսկ սևը սպիտակ ներկայացնելու մանիպուլյացիոն փորձերն ուղղակի դատապարտված են անհաջողության»,-ընդգծեց Մելիքյանը։

Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика