Վարսակով կիսելը բավական հայտնի մթերք է, որը Հին Ռուսիայում կիրառվում էր առողջական տարբեր խնդիրների բուժման ու կանխարգելման համար: Այս ըմպելիքն ունի ցածր կալորիականություն, սակայն այն շատ սննդարար է:
Այն չունի հակացուցումներ, ուստի օգտակար է յուրաքանչյուրի համար: Բացառություն կարող է լինել միայն օրգանիզմի անհանդուրժողականությունը հացահատիկների նկատմամբ:
Այս կիսելը շատ հեշտ է յուրացվում ու անչափ օգտակար է աղեստամոքսային տրակտի համար: Բացի այդ, այն բարձրացնում է հեմոգլոբինի մակարդակը և նվազեցնում է ալերգիկ ռեակցիաների առաջացման հավանականությունը:
Իր բաղադրության մեջ պարունակվող մեծ քանակությամբ մագնեզիումի ու կալցիումի շնորհիվ այն շատ օգտակար է օրգանիզմի համար: Բացի այդ, փորձը ցույց է տվել, որ այն բարենպաստ ազդեցություն է ունենում սրտամկանի աշխատանքի վրա, ինչպես նաև նպաստում է էրոզիաների ու խոցերի ապաքինմանը:
Վարսակով կիսելի պատրաստման եղանակներն ու բաղադրատոմսերը բազմազան են: Դրանցից ամենապարզը պատրաստելու համար հարկավոր է.
1 բաժակ վարսակի փաթիլ,
1,5 բաժակ ջուր,
աղ (ըստ ճաշակի):
Պատրաստման եղանակը.
Վարսակի փաթիլներին ավելացնել սենյակային ջերմաստիճանի ջուր և թրմել 12 ժամ: Երբ վարսակը թրմվի հարկավոր է ստացված խառնուրդը քամել, իսկ հեղուկը դնել կրակին ու եփել մինչև թանձրանա: Ցանկության դեպքում կիսելին կարելի է շաքարավազ կամ չորամրգեր ավելացնել:
Նյութի աղբյուր