Հայկ Մարտիրոսյան. Վանեցյանի և Օսիպյանի հրաժարականներն իշխանության պառակտում է. սա նախևառաջ Փաշինյանի ձախողումն է

Ուժային կառույցների երկու ղեկավարների՝ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի և ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հրաժարականները, միանշանակ, իշխանության պառակտում է. սա նախևառաջ Փաշինյանի ձախողումն է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը:

«Երբ Փաշինյանը կատարեց այս 2 նշանակումները՝ հասարակության գիտակից զանգվածը շոկի մեջ էր: Մեկ և կես տարի հանդուրժել մարդկանց աշխատանքը, անգամ՝ բարձրացնել կոչումով, այսինքն՝ խրախուսել և հանկարծ մեկ օրում երկուսին էլ հեռացնել: Պետք է տեսնել, անհրաժեշտ է հասկանալ, որ սա, ուրեմն, այդ անձանց խնդիրը չէ, այլ՝ վարչապետի»,- նշեց քաղաքագետը: Նրա խոսքով՝ ԱԱԾ տնօրենի պաշտոնից հեռացումից հետո Վանեցյան-Փաշինյան փոխադարձ մեղադրական հայտարարություններ վկայություն է այն բանի, որ այս իշխանությունը խորքում շատ թույլ է, կայացած չէ:

– Պարոն Մարտիրոսյան, ԱԱԾ տնօրենի պաշտոնից հեռացումից հետո շարունակվում է Վանեցյան-Փաշինյան փոխադարձ մեղադրական հայտարարությունները: Ո՞րն է պատճառը, ինչի՞ մասին է սա վկայում:

— Դա վկայություն է այն բանի, որ այս իշխանությունը խորքում շատ թույլ է, կայացած չէ և որ Հայաստանում՝ ֆորմալ անկախությունից երեսուն տարի անց անգամ մեզ չի հաջողվել կայացած պետություն կառուցել՝ կայացած պետական-իշխանական մշակույթով: Դա նաև ցույց է տալիս, որ այս «հրաձգության» մեջ ներգրավված անձանցից գոնե մեկը կարծես թե չի կարողանում ինքնազսպում ցուցաբերել: Դա վտագավոր է: Իսկ ընդհանրապես՝ այս ամենը ցույց է տալիս, որ Հայաստանում շատ վտանգավոր իրավիճակ կա, որ մենք բոլորս հրաժարվում ենք նկատել. մարդն անհայտ մեկին՝ ոչ միանշանակ աշխատանքային և սոցիալական կենսագրությամբ՝ բերում է կարևորագույն և բարձր պաշտոնի, թույլ տալիս նրան աճել և իր փաստացի վերահսկողության տակ վերցնել ողջ պետական ապարատը, հետո մեկ օրում՝ ուղիղ եթերում ազատում է նրան աշխատանքից, նույն ուղիղ եթերում ստանում է նրանից հակահարված, հետո ինքն է հակահարված հասցնում և դա դառնում է պետական այրերին անվայել մի «փոխհրաձգություն»:

Եվ նրանք՝ պարզ քաղաքացիներ կամ պնակալեզ պաշտոնյաներ, որ ընդամենը ժամեր առաջ պաշտում էին ու աստվածացնում Վանեցյանին՝ հենց նույն պահին իսկ սկսում են քարկոծել, որովհետև իրենց առաջնորդն այդպես է այլևս անում: Եվ ոչ ոք՝ ո՛չ վարչապետը և անգամ ո՛չ ինքը Վանեցյանը, չեն բացատրում, թե ինչու այդպես եղավ, ինչպես եղավ, որ այդպես եղավ: Ակնհայտ է դառնում նաև, որ չկա հարգանք ժողովրդի հանդեպ, որ ժողովուրդն այլևս միայն ընտրազանգված է այս իշխանության համար, որի հանդեպ այս իշխանությունն ընդհանրաես որևէ հարգանք չի տածում, հաշվետու լինելու պարտավորություն չի զգում: Եվ ինչո՞ւ հարգի. որովհետև իրեն անվերապահորեն ընտրել են և անվերապահորեն վստահե՞լ: Որովհետև շատերն անգամ իրեն են անվերապահորեն պատվիրակել Աստծուց իրենց շնորհված մտածելու ունակությու՞նը: Մենք ստանում ենք այն՝ ինչին արժանի ենք և այս հակամարտությունը ցցուն կերպով հրապարակ է բերում իրերի իրական դրությունը:

— Այս հրաժարականները ազդո՞ւմ են Նիկոլ Փաշինյանի կառավարության վարկանիշի վրա:

— Նորմալ իրավիճակում՝ այո: Բայց Հայաստանում փսիխոտիկ իրավիճակ է, որ զուգահեռվում է անարխիկ և քաոտիկ իրադրությամբ: Հետևաբար՝ քաղաքական տրամաբանությունն այստեղ այլևս կարծես չի գործում: Զավեշտալի մի հանգամանք ևս: Հեռացումները ձևակերպվում են որպես հրաժարականներ: Հետո, երբ այդ ամենը դուրս է գալիս կանխատեսելիի շրջանակներից, իշխանության ղեակավարն ու տարբեր խոսնակներ սկսում են հայտարարել, թե դրանք աշխատանքից ազատումներ են եղել: Եթե ազատումներ են՝ պետք էր ազատել և դրանով արտահայտել այն վերաբերմունքը, որ հիմա են արտահայտում: Երբ իրենց հակահարված են հասցրել՝ հիմա իրենք արդեն սկսում են անկեղծանալ: Ուրեմն ազատման պահին անկեղծ չէին, երբ հայտարարում էին թե հրաժարական են տվել: Իսկ իբրև թե հեղափոխական` իշխանությունն իրավունք չունի անկեղծ չլինելու իր ժողովրդի հետ: Ի դեպ՝ որոշ խոսնակներ էլ սկսեցին քաղաքագիտական նորամուծություններ անել, թե նշանակովի պաշտոններից հրաժարական չեն տալիս: Ես չգիտեմ թե ով է այդ տեսության հիմնադիրը, բայց եթե բարձրաստիճան պաշտոնյան ինքնակամ հրաժավում է իր զբաղեցրած պաշտոնից, ապա դա հրաժարական է, իսկ ընտրովի և նշանակովի, հրաժարական և պաշտոնից ազատում դաշտում քաղաքագիտական սպեկուլյացիաները ծիծաղելի անգիտության և մանիպուլյատիվ մոտեցման արգասիք են: Եթե հրաժարվում են՝ ուրեմն հրաժարական է: Չի կարելի ոչ մասնագիտական հանրության գլուխը մտցնել մի բան, որ կեղծիք է և դա այնքան կրկնել, որ ընդունված թեզ դառնա:

– Կանխատեսելի՞ էր, որ մեկ տարի անց առանցքային երկու դեմքերը՝ ուժային կառույցների ղեկավարները, կհրաժարվեն իրենց պաշտոններից: Կարո՞ղ ենք սա իշխանության պառակտում համարել:

— Այո, սա միանշանակ պառակտում է: Բայց սրա խորքային պատկերը մեզանից ոչ ոք կարծես թե չի ցանկանում տեսնել: Սա, նախևառաջ, Փաշինյանի ձախողումն է: Երբ կատարեց այս երկու նշանակումները՝ հասարակության գիտակից զանգվածը շոկի մեջ էր: Վերցնել նախորդ իշխանության ուժային սպասարկուներին և առաջխաղացում տալ, որոնցից հատկապես ոստիկանապետը ռեժիմի «ընդունելի դեմքի» դեր էր միշտ խաղացել, բայց գերազանցիկի պես սպասարկել նրան՝ անհեթեթության գագաթնակետն էր: Նաև՝ առաջին նշանը նրա, որ հեղափոխականները տապալելու են հեղափոխությունը: Հետո մեկ և կես տարի հանդուրժել մարդկանց աշխատանքը, անգամ՝ բարձրացնել կոչումով, այսինքն՝ խրախուսել և հանկարծ մեկ օրում երկուսին էլ հեռացնել: Պետք է տեսնել, անհրաժեշտ է հասկանալ, որ սա, ուրեմն, այդ անձանց խնդիրը չէ, այլ՝ վարչապետի: Իր ենթակաների նշանակման, գործունեության և առաջխաղացման համար ինքն է պատասխանատու: Հատկապես՝ երբ գեներալական կոչումներ է շնորհում: Իսկ հեռացման պատճառնե՞րը: Բացի իր ստանդարտ ձևակերպումից, իբրև թե «ծայրահեղ ոչ կոմպետենտ» է այս կամ այն նախկին պաշտոնյան, որ հիմա իր հետ կոնֆլիկտի մեջ է՝ վարչապետն այլևս ոչինչ չի ասում: Իսկ ոչ կոմպետենտներին բարձր պաշտոնների նշանակելը, առաջ տալն ու հանրային մեծ ճանաչելիություն ապահովելն արդյո՞ք սեփական կոմպետենտության նշան է:

– Ի՞նչ եք կարծում՝ ի վերջո, ի՞նչ զարգացումների կլինեն Փաշինյան-Վանեցյան հակամարտությունում: Շրջանառվում է նաև Վանեցյանի քաղաքականություն մտնելու սցենարը, որքանո՞վ եք դա հնարավոր համարում: Ի՞նչ վտանգներ կարող է ներկայացնել Վանեցյանը Փաշինյանի կառավարության համար:

— Եթե Փաշինյանը կանգ չառնի, կամ կուրացած հիմա էլ ամերիկյան իր շրջագայության ընթացքում իր հանդեպ ցուցաբերված կռապաշտության դրսևորումներից՝ շարունակի հարվածել Վանեցյանին, ապա արդեն ակնհայտ է, որ վերջինս չի լռի: Դժվար չէ կռահելը նաև, որ Վանեցյանն ամենայն հավանականությամբ կարող է իշխանության վերնախավի վրա և ոչ միայն՝ ունենալ դոսիեներ, այսպես կոչված կոմպրոմատներ: Դժվար չէ կռահելը նաև, որ Վանեցյանն այլևս լուրջ հովանավորներ ունի: Վանեցյանին հսկայական ճանաչելիություն, իմիջ, պաշտոն և կոչում ապահովելով, իսկ հետո մեկ օրում այդ ամենն անարգելով Փաշինյանը, փաստորեն, «կրակում է ինքն իր ոտքին»: Նման պայմաններում բացառված չէ, որ իր քաղաքական ամենատարբեր հզոր հակառակորդների համար Վանեցյանը կարող է գտածո դառնալ և լուրջ գործիք՝ նույն այդ վարչապետին պաշտվող կուռքի պատվանդանից իջեցնելու ոմանց նախաձեռնությունում: Փաստ է այլևս, որ սա մի իշխանություն է, որ անչափ մեծամիտ է, որ անարգում է սեփական ժողովրդին և որ գնում է ինքնակործանման ճանապարհով: Եվ այդ վերջին գործում նրան ոչ ոք ավելի չի կարող օգնել քան հենց ինքը՝ իշխանությունը:

աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика