Հայկ Մարությանը ճիշտ է, երբ ասում է, որ հպարտ է, որ տարիներ շարունակ կարողացել է ուրախացնել հանդիսատեսին իր կերտած դերերով։ Լավ կլիներ տարիներ հետո ստացվեր այնպես, որ հարցազրույց տալիս Հայկ Մարությանը կարողանար ասել, հպարտ է, որ ժամանակին Երևանի քաղաքապետն է եղել, կարողացել է լուծել աղբահանության հարցերը, նրա օրոք լցվել են քաղաքի անմխիթար փողոցների բոլոր փոսերը, վերացել են «խմածի» խորթուբորդ ճանապարհները, փոխվել են բոլոր վերելակները։
Շատ ավելի խոսուն կլիներ, եթե այդ հարցազրույցի մի մասը նկարվեր իր օրոք սարքված ճոպանուղիի վագոնում, մյուս մասն էլ՝ դարձյալ իր օրոք կառուցված մետրոյի նոր կայարանում։
Իրականություն կդառնա՞ սա և արդյո՞ք կկայանա այդ հարցազրույցը, դեռ հայտնի չէ։ Այս պահին կարող ենք միայն արձանագրել, որ Հայկ Մարությանը մեծ դժվարությամբ է կարողանում կենցաղային, խոսակցական լեզվից սահուն անցում կատարել գրական, պաշտոնական հայերենին։
Նա հաճախ է իր կերտած կերպարների լեզվով խոսում, օրինակ ավագանու նիստին կարող է ասել «տրվցվեց» կամ՝ «սկզբում ասեիք»-ի փոխարեն ասել «Բա դեմից ասեիք» և այլն։ Կենցաղային հայերենի հանդեպ այնքան էլ խստապահանջ չէինք լինի և չենք, իսկ ահա արտահայտած մտքերն իսկապես քննարկման և ուսումնասիրման առարկա են։
Այսօր օրինակ, անդրադառնալով քաղաքապետարանի աշխատանքին, նշել է․ «Թող մեր աշխատակիցները ինձ ներեն, բայց մեր վարչություններում գրեթե չգիտեն մրցույթների տեխնիկական բնութագիր գրել, որովհետև նախկինում այն ընկերությունը, որը պետք է շահեր, բերում էր իր տեխնիկական բնութագիրը: Նրանք էլ վերցնում, տանում էին գնումների վարչություն, որն էլ տեղադրում էր մրցույթը: Եվ այսպես է եղել տարիներ շարունակ:
Բնությունն ինչ է անում՝ գիտեք չէ, որ երկար ժամանակ մի մատդ չես օգտագործում, մատդ փոքրանում-փոքրանում վերանում է: Հիմա այպես փոքրացել- փոքրացել, այդ մատերը վերացել էին մեր վարչությունում»։
Հենց այս համեմատության վրա էլ կանգ առնենք ու փորձենք հասկանալ, թե ինչ տրամաբանությամբ, ինչ հետազոտություն և հատկապես որ երկրի գիտնականների փորձն է այդպես տպավորել Մարությանին, ով այն որպես բացարձակ ճշմարտություն ներկայացնում է լսարանին։
Իհարկե հումորի հետ գործ ունեցողներն անմիջապես կփորձեն համոզել, որ բրիտանացի գիտնականների մատն է այստեղ խառը, սակայն կարծում ենք, որ այս պարագայում բրիտանացի գիտնականներն ն անգործ նստել են, մատները կարճացել ու չի հասել այդ հետազոտությանը։
Մեր կարծիքով Մարությանին ավելի հավանական է, որ տպավորել է իր մանկության տարիների «Ճկույթիկ» երգը։ Շատերը կհիշեն Մարտին Յորգանցի «Ահավասիկ, Ճկույթիկ» կատարումը, որտեղ նա շատ հանգամանալից և համոզիչ կերպով նկարագրում է ճկույթի լեգենդը, համաձայն որի մյուս 4 եղբայրները բավական ժրաջան աշխատել են գործունյա ու քաջ ձևով, իսկ աշխատանքից հրաժարված ճկույթիկը մաշվել, բարակել ու կարճացել է։
Դպրոցական գրականության մեջ նաև ձեռքի թեմային անդրադառնում է Վահան Թոթովենցը, ով մի հերոսի է ներկայացնում, որն առողջական խնդիրներ ուներ և 7 տարուց ավելի ձեռքը գրպանից չէր հանել։ Հեղինակը լռում է մատների կարճացման մասով, բայց նշում, որ ձեռքն անգործունակ էր դարձել ու գունափոխվել։ Մեզ հայտնի է նաև, որ կոտրվածքների դեպքում ձեռքը գիպս դնելիս են նաև մկաններն ու ոսկորը բարակում, բայց որ կարճանան ու կորչեն, չենք լսել։
Ի դեպ գիպսը մարդկային միջամտության ձև է և շատ քիչ աղերս ունի բնության մեջ հանդիպող երևույթների հետ։ Կցանկանայինք լսել Մարությանի բացատրությունն ու գիտական հիմնավորման աղբյուրները, որն այս պահին հիշեցնում է կոկորդիլոս-թռչուն ծանոթ պատմությունը։ Կուզեիք համոզվել նրա ճշմարտացիության մեջ և առհավետ մոռանալ։