Աշնանը գրիպի ու մրսածության վիրուսներն ավելի տարածված են լինում, ուստի մարդիկ հաճախ են հիվանդանում, սակայն մասնագետները վստահ են, որ ճիշտ մթերքի գործածության դեպքում այս խնդրից կարելի է խուսափել: Հետազոտությունները ցույց են տվել, որ կան համեմունքներ, որոնք ոչ միայն համեղ են, այլև շատ օգտակար, քանի որ օգնում են ամրապնդել իմունային համակարգն ու պայքարել վարակների դեմ: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում դրանցից ամենաարդյունավետները:
Կոճապղպեղ
Կոճապղպեղն օժտված է վառ արտահայտված հակաբորբոքային, խորխաբեր, հակամանրէային ու մրսածությունը բուժող ազդեցությամբ: Բացի այդ, այն ամրապնդում է իմունային համակարգը, մաքրում է քիթըմպանը կուտակված լորձից և ազատում է քթի փակվածությունից: Այս համեմունքը պարունակում է հսկայական քանակությամբ վիտամիններ ու հանքանյութեր, այդ թվում՝ A, С, B1, B2 վիտամիններ, մագնեզիում, ֆոսֆոր, երկաթ, կալցիում, նատրիում, ցինկ և կալիում: Իր յուրահատուկ բաղադրության շնորհիվ կոճապղպեղը կարող է կիրառվել ինչպես հիվանդությունների կանխարգելման համար, այնպես էլ որպես հավելում հիմնական բուժմանը: Այն կարելի է ավելացնել ինչպես թեյին ու սուրճին, այնպես էլ սոուսներին և բանջարեղենով, մսով ու ձկով պատրաստվող ուտեստներին:
Քրքում
Այս համեմունքի ակտիվ բաղադրիչը քրքումինն է, որն օժտված է հակաբորբոքային հատկություններով և արդյունավետ կերպով մեղմում է մրսածության սկզբնական փուլի ախտանշանները: Բացի այդ քրքումինն օժտված է իմունախթան հատկություններով, ինչի շնորհիվ ակտիվացնում է իմունային բջիջների աշխատանքն ու արագացնում օրգանիզմում հիվանդության հարուցչի հայտնաբերման ու ոչնչացման գործընթացը: Մրսածության դեմ լավագույն ժողովրդական միջոցներից է քրքումով տաք կաթը, որը մասնագետները խորհուրդ են տալիս խմել քնելուց առաջ:
Հազրեվարդ
Այս բույսը հզոր հակաօքսիդանտ է, որը պայքարում է բորբոքային գործընթացների դեմ: Հազրեվարդի գործածությունն ամրապնդում է իմունային համակարգն ու պաշտպանում է մրսածությունից ու այլ վարակներից: Թարմ վիճակում օգտագործելու դեպքում մասնագետները խորհուրդ են տալիս օրական 4-6 գրամ հազրեվարդ օգտագործել, մինչդեռ չորացրած վիճակում ընդամենը 2-3 պտղունցը բավական կլինի իմունային համակարգի ամրապնդման համար:
Սխտոր
Սխտորի գործածությունը նպաստում է արյան սպիտակ բջիջների արտադրմանը, իսկ այդ բջիջները ոչնչացնում են վիրուսներն ու բակտերիաները: Բացի այդ, սխտորը պարունակում է ալիցին, որը բնական հակաբիոտիկ է: Սակայն հարկ է հիշել, որ սխտորը ջերմային մշակման ենթարկելու դեպքում դրանում պարունակվող ալիցինը տարրալուծվում է, ուստի այս մթերքը հարկավոր է ուտել հում վիճակում կամ հնարավորինս քիչ ջերմային մշակման ենթարկած:
Չիլի պղպեղ
Այս պղպեղը պարունակում է կապսաիցին, որն ակտիվացնում է իմունային համակարգի բջիջների աշխատանքը: Բացի այդ, այն հարուստ է առողջական վիճակն ամրապնդող օգտակար նյութերով ու վիտամիններով, այդ թվում կարոտինով, մագնեզիումով, վիտամին C-ով, թիամինով (վիտամին B1), ռիբոֆլավինով (վիտամին B2), նիացինով (վիտամին B3) ու ֆոլաթթվով (վիտամին B9):
Նյութի աղբյուր