Հակառակորդները թող չխաբվեն որեւէ բան չի սասանի մեր միասնությունը որեւէ մեկը այդ հարցում թող չկասկածի Զոհրաբ Մնացականյան

Ներսում մենք կարող ենք քննարկել, վիճել, սակայն Հայաստանի հակառակորդները թող չխաբվեն՝ որեւէ բան չի սասանի մեր միասնությունը, որեւէ մեկը այդ հարցում թող չկասկածի, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, անդրադառնալով Երեւանի եւ Ստեփանակերտի միջեւ հարաբերության լարման թեմային:

Այդ լարվածության մասին խոսակցությունը նոր թափ ստացավ հունիսի 5-ին Նիկոլ Փաշինյանի, հետո Բակո Սահակյանի հայտարարությունների առիթով, թեեւ թեման իհարկե այս կամ այն չափի աշխուժության կամ սառեցման փուլերով եղել է հայկական հետհեղափոխական օրակարգում:

Փաշինյան-Սահակյան վերջին հայտարարությունները նոր թափ հաղորդեցին դրան, տալով լարվածության աննախադեպ դրսեւորումների մասին գնահատականի հիմքեր: Այդ իրողությունները դիտարկվեցին առավելապես ներքին հարաբերությունների, նորի ու հնի, կամ այսպես ասած հեղափոխականի եւ հակահեղափոխականի «ավանդական» համատեքստում, առաջ բերելով ընդհուպ ամենածայրահեղ լարման սցենարների կամ վարկածների վերաբերյալ դատողություններ:

Պետք է նկատել, որ կան դրանով՝ սցենարների ծայրահեղացմամբ շահագրգռված սուբյեկտներ, որոնք այսպես ասած՝ այս կամ այն կողմում չեն: Նրանք ունեն իրենց հաշիվները թե Արցախի նախագահի եւ գուցե իշխանության՝ թեեւ այստեղ իշխանություն հասկացությունը միատարր չէ, եւ թե Հայաստանի վարչապետի եւ նոր կառավարող ուժի հետ: Նրանք փորձում են օգտագործել իրավիճակը: Պետք չէ բացառել, որ նրանց էլ փորձեն օգտագործել արտաքին շահագրգիռ խմբեր, ուժեր:

Իհարկե կա հանրային մի զգալի շրջանակ, որը առաջնորդվում է զգայականությամբ, անկեղծորեն տագնապելով լարման եւ աղետալի հետեւանքի համար: Արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը նշում է, որ տագնապել պետք չէ, եւ թող հակառակորդներն էլ չխաբվեն եւ չկասկածեն միասնությանը:

Այն, որ ներքին տարաձայնությունները Հայաստան-Արցախ միասնության համար սպառնալիք չեն եւ գործնականում չեն կարող լինել, դիտարկել եմ մի շարք հոդվածներում: Այդ թվում եւ հարցը, որ Հայաստանում թավշյա հեղափոխությունն անխուսափելիորեն ենթադրելու էր նաեւ Երեւան-Ստեփանակերտ հարաբերության հարցի առաջացում, այն պարզ եւ տարրական պատճառով, որ մինչ այդ Ստեփանակերտը եղել է Հայաստանի իշխանության շարունակություն:

Իսկ բանը լոկ երկու կամ երկուսից ավելի անձերի միջեւ հարաբերության կարգավորումը չէ, այլ ռազմա-քաղաքական համաշխարհային նշանակություն ունեցող հարցում եւ գոտում սուբյեկտային հարաբերությունների ճշգրտում, որոնք կենսական են հայկական պետականության գոյության, անվտանգության եւ զարգացման տեսանկյունից, եւ միաժամանակ որտեղ աներկբայորեն շոշափվում են ուժային ազդեցիկ կենտրոնների շահեր, ինչը պահանջում է առավել բարձր պատասխանատվություն եւ աչալրջություն:

Այստեղ խնդիրը հանգում է հեղափոխությունից հետո Երեւանի որդեգրած, իսկ 2019-ի մարտի 12-ին Ստեփանակերտում անվտանգության խորհուրդների համատեղ նիստում միասնական հայկական օրակարգի մակարդակով բարձրաձայնված մարտավարությանը, որտեղ Արցախյան հարցում հայկական պետականության համար վտանգավոր եւ սպառնալից մադրիդյան սկզբունքների ծուղակից դուրս գալու մարտավարական մոդել է դիտարկվել Ստեփանակերտի սուբյեկտության բարձրացումը: Հաշվի առնելով արդեն իսկ ձեւավորված 25-ամյա պատմությունը, երկսուբյեկտ մարտավարությունն առավել օպտիմալն է արցախյան ռազմավարության վերափոխման անցումը կառավարելու համար:

Այստեղ թերեւս ավելորդ չէ ներքին տիրույթում «անկառավարելի» թվացող իրավիճակին հայացք գցել հենց այդ դիտանկյունից, հասկանալու համար՝ ինչպե՞ս պետք է աշխատի երկսուբյեկտ մարտավարությունը բարդ եւ բազմաշերտ միջազգային իրավիճակում, եթե այն որպես այդպիսին ադապտացված չէ ներքին դաշտում: Այդ տեսանկյունից, Երեւան-Ստեփանակերտ հարթությունում տեղի է ունենում ադապտացիայի գործընթաց, որի միջոցով պետք է բարձրանա երկսուբյեկտ մարտավարության արտաքին էֆեկտիվությունը եւ արցախյան հարցում հայկական պետականության ամբողջի ռազմավարությունը սպասարկելու օգտակար գործողության գործակիցը, շահելով ժամանակ եւ նախապատրաստելով հայկական պետականության արդեն միասնական անցումը այդ ռազմավարության արդեն «միաբնակ» դավանման:

Ընդ որում, այդ տեսանկյունից հատկանշական է եւ թերեւս դիտարկման անհրաժեշտ փաստը, որ Նիկոլ Փաշինյանը թեման ավելի բացեց եւ փաստորեն քննարկումները խթանեց Սանկտ-Պետերբուրգ մեկնելու շեմին, որտեղ տեղի է ունեցել հանդիպում Պուտինի հետ, որին հունիսի 3-ին զանգահարել էր Նախիջեւանում Թուրքիայի հետ զորավարժության պատրաստվող Ալիեւը:

Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика