Ղրիմի յոթնամյա բնակչուհի Վարվարա Ռեզունիկը ձայնագրել է տեսաուղերձ, որն ուղղված է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին, ինչպես նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Դրանում աղջնակը կոչ է անում ազատ արձակել իր հորը, որը ձերբակալվել է Ուկրաինայում ՝ Դոնբասի անջատողական ուժերի անդամ լինելու կասկածով:
«Վլադիմիր Ալեքսանդրովիչ, անունս Վարվարա է: Ես Սևաստոպոլից եմ: Հայրիկիս ձերբակալել են Ուկրաինայում: Ես Ձեզ շատ եմ խնդրում հայրիկիս տուն վերադարձրեք: Հայրիկս լավ մարդ է: Նա միշտ էլ բոլորին օգնել է»,-արցունքները հազիվ զսպելով ասել է երեխան:
Ինչպես նշում է ria.ru-ն, խոսքը Սևաստոպոլ քաղաքի բնակիչ Ստեփան Ռեզունիկի մասին է, որն ուկրաինացի ուժայինների կողմից ձերբակալվել էր հունիսին Հերսոնի մարզում պետական սահմանը հատելու փորձի ժամանակ: Տղամարդուն մինչև ութ տարվա ազատազրկում է սպառնում:
Հայտնի է, որ երեխան տեսաուղերձում դիմել է նաև Պուտինին՝ հանդես գալով նույն խնդրանքով:
«Հարգելի Վլադիմիր Վլադիմիրովիչ, խնդրում եմ օգնեք հայրիկիս: Նրան ձերբակալել են Ուկրաինայում և ցանկանում են մեզ երկար ժամանակով իրարից բաժանել: Հայրիկս լավ մարդ է, բոլորին օգնել է: Խնդրում եմ, հայրիկիս տուն վերադարձրեք»,-ասել է Վարվարան:
tert.am